Մարդու օրգանիզմի շարժումներն ապահովվում են հենաշարժական ապարատով, որը կազմված է պասսիվ (ոսկրեր, կապաններ, հոդեր ու փակեղներ) և ակտիվ (մկաններ) մասերից: Տարբերում են հարթ և միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքներ: Հարթ մկանային հյուսվածքից գոյանում են ներքին օրգանների, արյունատար և ավշային անոթների պատերի մկանային շերտերը, ինչպես նաև մաշկի մկանները: Հարթ մկանների կծկումները մարդու կամքին չեն ենթարկվում, ուստի կոչվում են ակամա: Հարթ մկանների կազմի մեջ է մտնում բջջապլազման, որի մեջ տեղադրված են կորիզը և կծկվող մկանաթելիկները: Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը գոյացնում է հիմնականում կմախքի տարբեր մասերին ամրացող մկաններ (կմախքային մկաններ): Այդ մկանների կծկումներն անվանում են կամային, քանի որ ենթարկվում են մարդու կամքին: Կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր թելերից, որոնց խրձերը տեղադրված են մեկը մյուսին զուգահեռ և իրար են միացած փուխր շարակցական հյուսվածքով: Մկաններն արտաքինից շրջապատված են շարակցահյուսվածքային թաղանթով: Մկանի միջին հաստացած մասը կոչվում է փորիկ, որի ծայրերը վերածվում են ջլային հյուսվածքի: Ջլերի միջոցով մկանն ամրանում է կմախքի ոսկրերին: Ուստի, երբ մկանները կծկվում են, համապատասխան ոսկրերի դիրքը փոխվում է, կատարվում է շարժում: Ըստ թելերի ուղղության՝ լինում են ուղիղ, թեք, կլոր մկաններ, ըստ ձևի՝ երկգլխանի, եռագլուխ, քառագլուխ, քառակուսի, եռանկյունաձև, բրգաձև, կլոր, ատամնավոր, ձկնանման: Ըստ գործառույթի՝ կմախքային մկանները բաժանվում են ծալիչների, տարածիչների, զատիչների, առբերիչների, պտտիչների, դիմախաղի, ծամիչների, շնչառական և այլն: Մարդու մարմնում համագործակցող մկանների թիվը հասնում է մոտ 650-ի, որոնցից ամեն մեկն իր աշխատանքն ունի: Օրինակ` մկանների օգնությամբ ծալվում կամ բացվում է ոտքը, ձեռքը, մատը: Միայն 1 քայլ անելու համար հարկավոր է 2 տասնյակից ոչ պակաս մկանների աշխատանք: Առհասարակ, մկաններն ունեն կծկվելու և թուլանալու հատկություն: Նրանցից յուրաքանչյուրին մոտենում են շարժիչ և զգացող նյարդային թելիկներ, որոնց միջոցով իրականանում է կապը կենտրոնական նյարդային համակարգի հետ: Գլխուղեղից նյարդերով հատուկ հրաման ստանալով՝ մկանը կարճանում է, ապա՝ ընդունում իր նախկին չափը: Սովորաբար, եթե մի մկանախումբը կծկվում է, մյուսը պետք է թուլանա: Այսպես` երբ կծկվում են գլուխը դեպի ձախ թեքող մկանները, ապա դեպի աջ թեքող մկանները պետք է թուլանան: Միևնույն շարժում կատարող մկանները կոչվում են համագործիչներ (սիներգիստներ), իսկ հակառակ գործողություն կատարողները՝ հակագործիչներ (անտագոնիստներ): Յուրաքանչյուր մկան կարող է գործել միայն հակագործիչ մկանների միաժամանակյա թուլացման դեպքում: Այս երևույթը կոչվում է մկանային համաձայնեցում: Մարդը բոլոր սովորական շարժումները կատարում է առանց մտածելու` ինքնաբերաբար: Իր գործունեության ընթացքում մարդը սովորում է ինքնաբերաբար կատարել նաև ավելի բարդ շարժումներ: Երբ դաշնակահարը բարդ ստեղծագործություն է նվագում, և նրա մատները 1 րոպեում ստեղներին հարվածում են 120 անգամ, նա չի մտածում, թե հերթական ստեղնին որ մատով հարվածի: Դա արդյունք է երկարատև պարապմունքների, որոնց ընթացքում նա իր մատների մկանները վարժեցնում է ինքնաբերաբար գործելու: Վարորդը նույնպես ինքնաբերաբար է սեղմում ավտոմեքենայի արգելակը: Իրենց մկանները հրաշալի են կառավարում կրկեսի և բալետի արտիստները: Մկանները զարգացնելու և դրանց տիրապետելու ամենաարդյունավետ միջոցներն են ֆիզկուլտուրան և սպորտը:
|