Մկնաճուռակները բազեանմանների կարգի ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են: Տարածված են ամենուր, բացի Արկտիկայից և Անտարկտիդայից: Որոշակի հակվածություն ունեն սնվելու մկնակերպ կրծողներով (այստեղից՝ անվանումը): Մկնաճուռակների խմբին բնորոշ է լավ արտահայտված սեռական երկձևությունը. արուները բաց մոխրագույն են, էգերը՝ շագանակագույն: Աչքի են ընկնում երկար դեղին նախաթաթով, աչքերի համեմատաբար հորիզոնական դիրքով, սրածայր թևերով ու երկար պոչով: Մարմնի երկարությունը 40–56 սմ է, թևերի բացվածքը՝ 95–130 սմ: ՀՀ-ում հայտնի է մկնաճուռակների 4 տեսակ՝ դաշտային, ճահճային, մարգագետնային, տափաստանային: Դաշտային մկնաճուռակը ձմեռող է, քիչ տարածված: Ապրում է լեռնատափաստաններում, ցանքադաշտերում, կիսաանապատներում: Ձմեռում է Արարատյան դաշտում: Որսի պահին թռչում է գետնից մի քանի մետր բարձր՝ V-աձև վեր պարզած թևերով: Ճահճային մկնաճուռակը նստակյաց է, քիչ տարածված: Ապրում է լճերի մոտ, ճահճուտներում: Որսը որոնում է ցածր, դանդաղ թռիչքի ընթացքում՝ կիսաբաց թևերը վեր պարզած: Բնադրում է ճահիճներում (ջրից 120–130 սմ բարձր), առանձին դեպքերում՝ գետնին, խիտ բուսուտներում: Դնում է սպիտակ, կապտավուն կամ կանաչավուն-սպիտակ 3–8 ձու: Մարգագետնային մկնաճուռակը բնադրող-չվող է, քիչ տարածված: Հանդիպում է խոնավ տարածքներում, ՀՀ հյուսիսային լեռնատափաստաններում, Արարատյան դաշտում՝ գերազանցապես գարնանը: Բնադրում է գետնին, բույնը պատրաստում է խոտաբույսերից, եղեգից, ճյուղերից: Դնում է կապտավուն-սպիտակ 4–5 ձու: Տափաստանային մկնաճուռակը կլոր տարին չվահյուր է, քիչ տարածված: Հանդիպում է Արարատյան դաշտում, լեռնատափաստաններում, լայնարձակ հարթավայրային հովիտներում: Մկնաճուռակներն օգտակար են. նպաստում են ցանքատարածությունների առողջացմանը՝ մեծ քանակությամբ կրծողներ (հատկապես՝ դաշտամկներ) ոչնչացնելով:
|