Իտալացի գեղանկարիչ և քանդակագործ, ծագումով հրեա Ամեդեո Մոդիլիանին էքսպրեսիոնիզմի և փարիզյան գեղանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից է:
Ամեդեո Մոդիլիանին 1898 թ-ից Լիվոռնոյում սովորել է քանդակագործ Գուլելմո Միկելիի գեղարվեստի մասնավոր ստուդիայում, միաժամանակ գեղանկարիչ Ջինո Ռոմիտիի արվեստանոցում յուրացրել է նյու (մերկ մարմինների պատկերներ) ժանրի գաղտնիքները, 1902 թ-ից հաճախել է Ֆլորենցիայի ազատ ոճի նկարչության դպրոց, 1903 թ-ից՝ Վենետիկի գեղեցիկ արվեստների ինստիտուտ: 1906 թ-ին տեղափոխվել է Փարիզ, սովորել է Կոլարոսսիի ակադեմիայում: 1907–08 թթ-ին Մոդիլիանին մի քանի գեղանկարներով առաջին անգամ մասնակցել է Աշնանային և Անկախների սալոնների ցուցահանդեսներին: 1909 թ-ից ստեղծագործել է Մոնպառնասի արվեստանոցում: Մոդիլիանիի բարդ ներաշխարհն ու տաղանդը բացահայտվել ու հղկվել են նկարիչներ Անրի Թուլուզ-Լոտրեկի, Պոլ Սեզանի, Պաբլո Պիկասսոյի, նաև իտալական արվեստի և աֆրիկյան արձանագործության ազդեցությամբ: Նկարիչը հետևել է նաև ռումինացի քանդակագործ Կոնստանտին Բրընկուշիի արվեստին: Մոդիլիանիի քանդակներին բնորոշ են երկրաչափական ձևերն ու պարզ համամասնությունները: 1911 թ-ին պորտուգալացի նկարիչ Ամադեո դե Սոուզ-Կորդոսուի արվեստանոցում ցուցադրել է իր քանդակած գլուխները, որոնց անվանել է «գեղեցկության կոթողներ», իսկ կարիատիդների (կանանց սյունարձաններ) թեմայով ստեղծած շարքը՝ «գեղեցկության տաճար»: 1912 թ-ին Աշնանային սալոնում ցուցադրել է գլուխների 7 քանդակ: 1913 թ-ին Մոդիլիանին կրկին անցել է գեղանկարչությանը: Նրա գործերին բնորոշ են ընդգծված զուսպ հորինվածքը, ուրվագծերի ռիթմի երաժշտականությունը և գունապատկերի հագեցվածությունը: Մոդիլիանին նյու ժանրի ամենանշանավոր ներկայացուցիչներից է. նրա միաֆիգուր նկարները (դիմանկարներ ու մերկ մարմիններ) առանձնանում են ինքնատիպ նուրբ հոգեբանությամբ, քնարականությամբ և անպաշտպան մարդու ողբերգականության զգացողությամբ («Էլվիրա», 1919 թ., «Պառկած մերկ կինը», 1919 թ., «Թավջութակահարուհին» և այլն): Մոդիլիանիի դիմանկարները («Հրեուհին», 1908 թ., «Ամազոնուհին», 1909 թ., «Հարսնացուն և փեսացուն», 1915–16 թթ., «Նստած մերկ կինը», 1916 թ., «Ալիսա», «Լյունյա Չեսնովսկա», 1918 թ., «Ժաննայի դիմանկարը», 1919 թ., և այլն) օժտված են յուրօրինակ բնավորություններով, կենդանի են և թափանցիկ: 1917 թ-ին բացված նկարչի անհատական ցուցահանդեսը մեծ սկանդալ է առաջացրել. նյու ժանրով նրա ստեղծած կտավները համարվել են անպատշաճ և ոստիկանության պահանջով հանվել են ցուցադրությունից: Նկարչի ստեղծագործության «մարգարիտը» համարել են մերկ կանանց պատկերները և նրան անվանել «մերկ մարմինների գեղեցկության երգիչ»: Մոդիլիանիի գործերը ճանաչվել են նրա մահվանից հետո: Նկարչին են նվիրված «Մոնպառնաս, 19» (1957 թ., Ֆրանսիա) և «Մոդիլիանի» (2004 թ., համատեղ՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռումինիա, Ֆրանսիա, Իտալիա) կինոնկարները:
|