Մոլախոտերը մշակովի հողամասերում աճող միամյա և բազմամյա անցանկալի բույսեր են: Հայտնի է մոլախոտերի մի քանի հազար, ՀՀ-ում՝ ավելի քան 850 տեսակ: Մոլախոտերը տարածված են ամենուրեք՝ ցանքերում, հատապտղատու տնկարկներում, անտառներում, մարգագետիններում, տնամերձ հողատարածքներում, գեղազարդիչ ծաղկաթմբերում, կանաչապատված հրապարակներում և այլուր: Մոլախոտերն օժտված են բարձր կենսունակությամբ, անբարենպաստ պայմաններում գոյատևելու էկոլոգիական ճկունությամբ, առատ սերմատվությամբ, արագ բազմանալու ունակությամբ ու մեծ վնաս են տալիս մշակաբույսերին. ճնշում են վերջիններիս աճը՝ կլանելով հողից մեծ քանակությամբ ջուր և սննդանյութեր, իրենց ստվերով խանգարում են լուսասինթեզին, խախտում բույսերի ջերմային ռեժիմն ու հողում կատարվող մանրէաբանական շարժընթացները և այլն: Մոլախոտերի սերմերը կամ պտուղները հաճախ պարունակում են թունավոր նյութեր, որոնք, խառնըվելով բերքին կամ մթերքներին, իջեցնում են վերջիններիս ապրանքային հատկությունները, սննդային արժեքը, վատացնում համն ու բույրը: Կան նաև մակաբույծ մոլախոտեր, որոնք ամրանում են բույսերի ցողուններին, արմատներին: Կիսամակաբույծ մոլախոտերը սնվում են կանաչ բույսերի սինթեզած օրգանական նյութերով: Մարգագետիններում, արոտավայրերում մոլախոտեր են համարվում թունավոր, կոպիտ, ծակող և կերային ցածրարժեք բույսերը: Մոլախոտ հասկացությունը հարաբերական է. հաճախ գյուղատնտեսական որևէ մշակաբույսի ցանքերն աղբոտվում են այլ մշակաբույսերով. օրինակ՝ արևածաղիկը հայտնվում է ցորենի, տարեկանը կամ գարին՝ աշնանացան ցորենի, վարսակը՝ գարնանացան ցորենի ցանքերում և այլն: Կան մասնագիտացված մոլախոտեր, որոնք ժամանակի ընթացքում հարմարվել են մշակաբույսերի ցանքերում և դարձել դրանց անբաժանելի ուղեկիցը, օրինակ՝ արջընկույզը՝ աշնանացան հացաբույսերի, որոմը՝ աշորայի, գաղձը՝ առվույտի և երեքնուկի, ճրագախոտը՝ արևածաղկի ու ծխախոտի և այլն: Մոլախոտերը խանգարում են դաշտային աշխատանքներին, բույսերի հիվանդությունների ու վնասատուների տարածման պատճառ դառնում: Ըստ աճման տեղի և մասնագիտացման՝ մոլախոտերը բաժանվում են 4 խմբի՝ ցանքային, բնական հողահանդակների, աղբային և հատուկ տարածությունների: Ցանքային մոլախոտերը զարգանում են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերում, օժտված են առատ սերմատվությամբ, բազմանում են վեգետատիվ օրգաններով ու սերմերով: Բնական հողահանդակների մոլախոտերը հանդիպում են մշակովի հողերում, նաև աղբոտ վայրերում, չունեն դաշտային սահմանափակումներ: Աղբային մոլախոտերն աճում են բնակավայրերի շրջակայքում, աղբի կուտակման վայրերում: Հատուկ տարածությունների մոլախոտերը էվոլյուցիայի ընթացքում այնքան են հարմարվում այս կամ այն մշակաբույսին, որ ձեռք են բերում համատեղ ծլելու, ծաղկելու և սերմնակալելու ունակություն: Մոլախոտերի դեմ պայքարում են կանխարգելիչ միջոցներով. մաքրում են սերմնանյութը, վարակազերծում են գոմաղբը, ոռոգման ջրերը զերծ պահում մոլախոտերի սերմերից, պահպանում են կարանտին և այլն:
|