Четверг, 26.06.2025, 00:43Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 11 » Մոմիկ
18:05
Մոմիկ
Գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը Գլաձորի մանրանկարչության դպրոցի XIII դարի վերջի և XIV դարի 1-ին կեսի 
նշանավոր ներկայացուցիչներից է: 

Մոմիկը (Մոմիկ Վարդպետ) ստեղծագործել է հիմնականում Վայոց ձորի Աղբերց վանքում, Նորավանքում, հավանաբար՝ նաև Կիլիկիայում: Աշակերտել է Հովասափ քահանային, սովորել Գլաձորի համալսարանում: 
Եղել է Օրբելյան իշխանական տան քարտուղարը, գլխավոր նկարիչը, ճարտարապետն ու քանդակագործը: Մոմիկի պատվիրատուներն էին Սյունաց մետրոպոլիտներ Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Օրբելը, Ստեփանոս Տարսայիճը, Օրբելյան մեծ իշխան Բուրթելը և իշխանուհի Թամթա խաթունը: 
Մոմիկի անունն առաջին անգամ հիշատակվում է 1283 թ-ի մի ձեռագրում (ծաղկել է խորանները): 1292 թ-ին ընդօրինակել և նկարազարդել է Նորավանքի Ավետարանը (Մատենադարան, ձեռագիր դ 2848), որտեղ պատկերել է 3 ավետարանիչներին և Պրոքորոնին: Վաղ շրջանի նրա ստեղծագործությունը վկայում է, որ Մոմիկը ծանոթ էր արևմտյան պատկերագրության առանձնահատկություններին. մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, գունային ներդաշնակությամբ, դիմանկարների արտահայտչականությամբ և զարդանկարի հստակությամբ: Նրա լավագույն գործը 1302 թ-ի Ավետարանն է («Պատերազմի Ավետարան», Մատենադարան, ձեռագիր դ 6792): Անսովոր փոքր չափերով (12 x 8,5 սմ, էջում՝ 17 կերպար) ձեռագրում Մոմիկը վարպետությամբ զետեղել է Ավետարանի 12 տերունական պատկերաշարի հիմնական տեսարանները, Հակոբ և Պողոս առաքյալների պատկերները, զարդագրեր, անվանաթերթեր և այլն: Ենթադրվում է, որ մանրանկարիչը ծաղկել է նաև 1283 թ-ին ընդօրինակված «Կեռան թագուհու Ավետարանը» (Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռագիր դ 2563) և Դավիթ գրչի հիշատակարանում (1287 թ., Թեղենյաց վանք) նշված «Մոմիկի շքեղազարդ» մատյանը: 
1331 թ-ի մի ձեռագրի հիշատակարանում Մոմիկը վկայում է, որ 1307 թ-ին տեսողությունը վատացել է և չի կարողացել ավարտել մետրոպոլիտ Հովհաննես Օրբելի պատվիրած Ավետարանը (գրել է միայն համաբարբառը): Ենթադրվում է, որ այդ շրջանում (17 տարի) զբաղվել է քանդակագործությամբ և ճարտարապետությամբ, ստեղծել նրբահյուս զարդաքանդակներով խաչքարեր: Լավագույններից են իշխանուհի Թամթա խաթունի պատվիրած 2 խաչքարերը (1308 թ.). մեկը պահվում է Էջմիածնի գանձատանը, մյուսը՝ վեհարանում: Մոմիկին են վերագրվում նաև Նորավանքի գլխավոր՝ Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի մուտքի ու լուսամուտի ճակատակալ քարերի քանդակները և Սբ Աստվածածին («Բուրթելաշեն», վերականգնվել է 1998 թ-ին, օծվել 1999 թ-ին) եկեղեցու բարձրաքանդակները: Մոմիկն իր քանդակներում ներառել է հայոց գրերը, ստեղծել «հայկական առաջին արաբեսկները» (բարդ նախշ՝ երկրաչափական և բուսական մոտիվների համադրմամբ, տարածված էր հատկապես արաբական երկրներում): Նրա ճարտարապետական գործերից միայն Արենիի Սբ Աստվածածին եկեղեցին (1321 թ.) է վավերացված Մոմիկի անունով: Նրան են վերագրվում Տաթևի վանքի Սբ Գրիգոր փոքր (1295 թ.) և Եղեգիսի Զորաց (1320-ական թվականներ) եկեղեցիները: 
Մոմիկի մանրանկարները, քանդակագործական և ճարտարապետական գործերն առանձնանում են բացառիկ բարձր արվեստով: Օժտված լինելով աստվածաբանական հարուստ գիտելիքներով՝ նա իր հորինվածքները կառուցել է խորհրդանշական շեշտադրումներով, երբեմն՝ աննախադեպ մտահղացումներով: Նրա հիշատակին նվիրված խաչքար է դրվել Նորավանքում:
Մոմիկի անունով ՀՀ-ում կոչվել են Քրիստոնեական մշակույթի երիտասարդական միությունը և զբոսայգի Եղեգնաձորում, Իջևանում կանգնեցվել է արձանը: 2010 թ-ին` ծննդյան 750-ամյակի առթիվ, Նորավանքի համալիրում բացվել է Մոմիկի թանգարանը, թողարկվել են հուշամեդալ և նամականիշ:
Просмотров: 317 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: