Ամերիկացի դիվանագետ, ազգությամբ հրեա Հենրի Մորգենթաուն Մեծ եղեռնի տարիներին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանն էր. դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ որպես «ռասայական բնաջնջման գործողություն»:
Հենրի Մորգենթաուն 1865 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, 1877 թ-ին ավարտել է Կոլումբիայի իրավաբանական քոլեջը, հետագայում եղել է ԱՄՆ-ի ժողովրդավարական կուսակցության գործուն անդամներից: 1913–16 թթ-ին նա ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում, Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը: 1915 թ-ից Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի փոխնախագահն էր: Երբ հայտնի է դարձել, որ արևմտահայերի տեղահանության իրական նպատակը նրանց լիակատար բնաջնջումն է, Մորգենթաուն հանդիպել է երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթ և Էնվեր փաշաների հետ, փորձել է կասեցնել կոտորածն ու տեղահանությունը: Դիմելով Թալեաթին` Մորգենթաուն ասել է. «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը»: Իր հուշերում, որոնք գրված են Հալեպում ԱՄՆ-ի հյուպատոսի զեկուցագրերի հիման վրա, նա առանձին գլուխներ է նվիրել արևմտահայերի ողբերգությանը: 1916 թ-ին Մորգենթաուն թողել է դեսպանի պաշտոնը` ասելով. «Ես այլևս չէի կարող շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր և բարեկիրթ են, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել»: Մորգենթաուի «Հայկական ջարդերի առթիվ» (1918 թ.), «Ինչու պետք է կործանել Օսմանյան կայսրությունը» (1918 թ.), «Հայաստանը կանչում է» (1918 թ.), «Կոչնչանա՞ արդյոք Հայաստանը» (1920 թ.), «Հայերի կոտորածները 1915-ին» (1922 թ.) հոդվածները և «Հայաստանի ողբերգությունը» (1918 թ.), «Բոսֆորի գաղտնիքներ. 1913–1916» (1918 թ.), «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» (1918 թ., հայերեն՝ 1919 թ.) գրքերն արժանահավատ վկայություններ են Մեծ եղեռնի մասին: Նա մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը և ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր: Մորգենթաուն դատապարտել է նաև եվրոպական տերությունների անտարբերությունը հայերի հալածանքների նկատմամբ, որն էլ իր հերթին խրախուսել է թուրք ջարդարարներին: 1919 թ-ին Մորգենթաուն գլխավորել է Լեհաստանում հրեաների դրությունն ուսումնասիրող հանձնաժողովը, 1923 թ-ին նշանակվել է Ազգերի լիգայի փախստականների գործերով հանձնաժողովի նախագահ, կազմակերպել Թուրքիայից հույների տեղափոխումը Հունաստան և Հունաստանից թուրքերի տեղափոխումը Թուրքիա: Մորգենթաուն եղել է միջազգային Կարմիր խաչի կազմակերպիչներից և ղեկավարել Ամերիկյան Կարմիր խաչը, զբաղվել է բարեգործությամբ, հատկապես խոշոր նվիրատվություններ է արել թանգարաններին: Նա գործուն մասնակցություն է ունեցել նաև հրեական հասարակական-կրոնական կյանքին, եղել հրեական «Բնեյ Բրիտ» կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ: Հայոց ցեղասպանության թանգարանին կից Հուշապատի վերջնամասում, ի թիվս այլ մտավորականների և գործիչների, որոնք բողոքել են Հայոց ցեղասպանության դեմ, ամփոփվել է նաև Մորգենթաուի շիրմից բերված հողով սափորը:
|