Մուլտիպլիկացիոն (կամ անիմացիոն) կինոն կինոարվեստի տեսակ է, որտեղ ֆիլմերն ստեղծվում են նկարված կամ ծավալային օբյեկտների շարժման առանձին հաջորդական փուլերի նկարահանմամբ:
Մուլտիպլիկացիոն կինոնկարները լինում են նկարչական (գրաֆիկական) և ծավալային (տիկնիկային): Նկարչական մուլտիպլիկացիան 1908 թ-ին սկզբնավորել է ֆրանսիացի ծաղրանկարիչ Էմիլ Կոլը, իսկ ծավալայինի հիմնադիրը ռուս կինոռեժիսոր, օպերատոր և նկարիչ Վլադիմիր Ստարևիչն է («Գեղեցկուհի Լյուկանիդան», 1912 թ.): Մուլտիպլիկացիոն կինոյի զարգացմանը մեծապես նպաստել է Ուոլտ Դիսնեյը: Այդ բնագավառի նշանավոր ներկայացուցիչներից են նաև ԱՄՆ-ում՝ Դեյվ Ֆլեյշերը, Ջոն Հաբլեյը, Ֆրանսիայում՝ Պոլ Գրիմոն, Բենժամեն Ռաբիեն, Չինաստանում՝ Վան եղբայրները, Ճապոնիայում՝ Օսամց Տեձուկան, Կացուհիրո Կավամատոն, Էձի Կուրին, Անգլիայում՝ Ջոն Հալասը, Ռումինիայում՝ Յոն Պոպեսկու-Գոպոն, Չեխոսլովակիայում՝ Յիրժի Տրնկան, Բուլղարիայում՝ Թոդոր Դինովը, Հարավսլավիայում՝ Դուշան Վուկոտիչը (առաջին մուլտիպլիկատորն է, որ արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Սուռոգատ» մուլտֆիլմի համար), Ռուսաստանում՝ Ֆյոդոր Խիտրուկը, Իվան Իվանով-Վանոն, Վյաչեսլավ Կոտյոնոչկինը և ուրիշներ: Հայաստանում առաջին մուլտիպլիկացիոն կինոնկարներն ստեղծել է կինոռեժիսոր Լև Ատամանովը՝ «Շունն ու կատուն» (1938 թ.), «Տերտերն ու այծը» (1939 թ.), «Կախարդական գորգը» (1947 թ., հայկական առաջին գունավոր մուլտֆիլմն է, նկարիչ՝ Հակոբ Կոջոյան): 1947 թ-ին Հայաստանում ընդհատվել է մուլտիպլիկացիոն կինոյի արտադրությունը: 1960-ական թվականների կեսերին նկարիչ և ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի ջանքերով հայկական մուլտֆիլմը վերածնունդ է ապրել. նա նկարահանել է «Մի կաթիլ մեղրը» (ըստ Հովհաննես Թումանյանի, 1967 թ.), «Լուր դա լուր» (ըստ Վրթանես Փափազյանի, 1972 թ.) և այլ մուլտֆիլմեր: 1970-ական թվականներից հայկական մուլտկինոն նոր վերելք է ապրել: Մուլտիպլիկացիոն կինոնկարներ են ստեղծել Ստեփան Անդրանիկյանը («Արևի հարսնացուն», 1971 թ., «Վին պինգվինը», 1972 թ.), Արմեն Միրաքյանը («Սխալ արտահայտություն», 1973 թ., հայկական առաջին տիկնիկային մուլտֆիլմն է), Ռաֆայել Բաբայանը («Պույ-պույ մուկիկը», 1971 թ., «Աբու Հասանի մաշիկները», 1974 թ.), Յուրի Մուրադյանը («Տան խաղաղ հովտում», 1991 թ., «Այդ ոչինչը ես եմ», 1994 թ., և այլն), Ռոբերտ Սահակյանցը («Աղվեսագիրք», 1975 թ., «Տապան», 1997 թ., «Ես էլ եմ հայ», 2000 թ.), Լյուդմիլա Սահակյանցը («Մկների ժողովը», 1978 թ.), Արման Մանարյանը («Տգետը», 1995 թ., «Սասնա ծռերը», 2010 թ.) և ուրիշներ: Մուլտֆիլմեր են նկարահանվում և՜ երեխաների, և՜ մեծահասակների համար: Մուլտկինոյի թեմատիկան բազմազան է. էկրանավորվում են առակներ, ավանդազրույցներ, հեքիաթներ, աստվածաշնչյան թեմաներ և այլն: Երեխաների սիրելի մուլտկերպարներից են Վիննի Թուխը, Կոկորդիլոս Գենան, Նապաստակն ու Գայլը, Բրեմենյան երաժիշտները, Միկի մկնիկը, Թոմն ու Ջերրին, Քաջ Նազարը, Շունն ու Կատուն, Պույ-պույ մուկիկը, Վին պինգվինը և շատ այլ հերոսներ:
|