Մոզամբիկը պետություն է Աֆրիկայի հարավ-արևելքում: Բրիտանական համագործակցության անդամ է: Արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով: Ափագծի ընդհանուր երկարությունը 3 հզ. կմ է: Հյուսիսային ափերը բարձրադիր են, ժայռոտ ու զառիթափ, հարավայինը՝ ցածրադիր, տեղ-տեղ՝ ճահճոտ: Ծովափի երկայնքով ձգվում են բուստային խութեր, որոնք դժվարացնում են նավարկությունը: Երկրի արևմուտքում Ինյանգա սանդղափուլի գագաթներն են (ամենաբարձր կետը` 2436 մ, Բինգա լեռ), արևելքում Մոզամբիկի դաշտավայրն է, հարավում՝ Լեբոմբո լեռները: Ընդերքում կան քարածխի, ուրանի, երկաթի, փայլարի, ոսկու, ասբեստի, նիոբիումի պաշարներ: Կլիման հյուսիսում մերձհասարակածային է, հարավում՝ արևադարձային: Խոշոր գետերն են Զամբեզին, Լիմպոպոն, Սավին, Ռուվուման: Մոզամբիկի սահմաններում են Նյասա և Շիրվա լճերի արևելյան ափերը: Տարածված են սավաննաները, գետահովիտներում՝ մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան. կան աֆրիկական փիղ, վագերաձի, ռնգեղջյուր, առյուծ, ընձառյուծ, բորենի, օձեր, թռչուններ և այլն: Հայտնի է Գորոնգուլա արգելոցը: XVI դարում Մոզամբիկ են ներխուժել պորտուգալացիները և գաղութացրել այն: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1975 թ-ին: Բնակչության 98 %-ը բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ են: Խոշոր քաղաքներն են Մապուտուն, Բեյրան, Կելիմանեն: Մոզամբիկը գյուղատնտեսական երկիր է: Մշակում են շաքարեղեգ, թեյ, սիզալ, բամբակենի, բրինձ, մանիոկ, կոկոսյան արմավենի, գետնանուշ և այլն: Անասնապահության զարգացումը խոչընդոտում է ցեցե ճանճը: Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող (քարածուխ, բոքսիտներ, ոսկի, արծաթ) և վերամշակող (գյուղատնտեսական հումքի) ճյուղերը: Կան բամբակազտիչ, փայտամշակման, կահույքի արտադրական ձեռնարկություններ: Մոզամբիկում բնակվում են շիվահյուս և կավով բոլորածեփ, խոտածածկ, հարդածածկ, եղեգնածածկ խրճիթներում: Արհեստներից առավել տարածված են փայտի քանդակազարդումը, շիվերով հյուսումը, կալեբասների՝ կալեբասի ծառի պտուղներից կամ դդումից անոթների պատրաստումը:
|