«Մշակը» հասարակական-քաղաքական, գրական օրաթերթ է. լույս է տեսել 1872–1921 թթ-ին, Թիֆլիսում (1885 թ-ին ընդհատվել է): Հիմնադրել և մինչև 1892 թ. խմբագրել է Գրիգոր Արծրունին:
«Մշակը» (սկզբում՝ շաբաթաթերթ) արծրունյան շրջանում համախմբել է ժամանակի առաջադեմ հասարակական գործիչներին ու գրողներին (Պերճ Պռոշյան, Ղազարոս Աղայան, Գաբրիել Սունդուկյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Վրթանես Փափազյան և ուրիշներ), կարևոր դեր է կատարել հայ ժողովրդի մշակութային-լուսավորական կյանքում, զգալիորեն նպաստել հայ նոր գրականության զարգացմանը: Հատկանշական է Րաֆֆու աշխատակցությունը թերթին, որի հրապարակախոսական հոդվածները, ինչպես նաև շարունակաբար տպագրվող ազգային-ազատագրական պայքարի կոչող երկերն ավելի են բարձրացրել թերթի հեղինակությունը և ընդլայնել ազդեցության ոլորտը: Որպես ազատամիտ մտավորականության գաղափարական խոսափող՝ թերթն առաջադրել է ժողովրդավարական վերափոխումների ծրագիր, սոցիալ-տնտեսական զարգացման ճշմարիտ ուղին համարել է խաղաղ բարեփոխումները, տնտեսության ազատականացումը, հանդես է եկել հանուն հայ դպրոցի աշխարհականացման: Ունենալով ընդգծված ռուսական կողմնորոշում՝ թուրքական լծից արևմտահայության փրկության հույսը կապել է Ռուսաստանի հետ: Ռուսական առաջին հեղափոխության (1905–07 թթ.) տարիներին ազգային հարցը եղել է «Մշակի» ուշադրության կենտրոնում: 1917 թ-ին պաշտպանել է Ժամանակավոր կառավարությանը, մերժել Հոկտեմբերյան հեղափոխությունը և սատարել Անդրկովկասում ազգայնական կուսակցությունների քաղաքականությանը: Փակվել է Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո: «Մշակի» խմբագիրներ են եղել Ալեքսանդր Քալանթարը, Համբարձում Առաքելյանը, Լեոն (Առաքել Բաբախանյան), Տիգրան Հախումյանը և ուրիշներ:
|