Ալեքսանդր Մյասնիկյանը կուսակցական, պետական և ռազմական գործիչ է, գրականագետ: Հանդես է եկել Ալ. Մարտունի, Ալյոշա, Բոլշևիկ, Կոմունիստ հեղափոխական և գրական ծածկանուններով:
Ալեքսանդր Մյասնիկյանը (Մյասնիկով) ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904–06 թթ-ին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1911 թ-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 1906 թ-ից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր: 1907–14 թթ-ին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում: 1917 թ-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում: Ընտրվել է Բելոռուսիայի (այժմ՝ Բելառուս) կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնական բյուրոյի, ապա՝ Բելոռուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿ(բ)Կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար: 1921 թ-ի հունվարին նշանակվել է Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ և ռազմական գործերի ժողկոմ: 1922 թ-ի մարտին Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո եղել է ֆեդերացիայի գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը: Մյասնիկյանը Խորհրդային Հայաստանում եռանդուն գործունեություն է ծավալել երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար: Կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը: Պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների: Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ կուսակցությունների խնդիրներին: Զբաղվել է նաև գրականագիտական և հրապարակախոսական աշխատանքով, խմբագրել է շուրջ 10 պարբերական: 1910-ական թվականներին լույս է ընծայել մի շարք հոդվածներ՝ նվիրված հայոց գրերի գյուտի նշանակությանը, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի ստեղծագործություններին: Բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին՝ անվանելով այն «գորդյան հանգույց», որի շուրջ հյուսվել են եվրոպական երկրների տարաձայնություններն ու շահերը: 1913 թ-ին Մոսկվայում հանդես է եկել Հայկական հարցի մասին դասախոսությամբ, որի դրույթները 1913–14 թթ-ին լույս են տեսել «Մշակ» թերթում: Մյասնիկյանը՝ որպես Խորհրդային Հայաստանի կառավարության նախագահ, 1921 թ-ի հուլիսի 4–5-ը մասնակցել է ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը: Զոհվել է մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից: Մյասնիկյանի աշխատությունները լույս են տեսել առանձին ժողովածուով (Երկեր, 4 հատոր, 1984–86 թթ.): 1932 թ-ին Մյասնիկյանի անունով կոչվել են Մինսկի վագոնանորոգման գործարանը, որի բակում տեղադրված է նրա հուշարձանը, նաև հրապարակ և փողոց: Մյասնիկյանի անունով կոչվել են քաղաքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում (երկուսն էլ՝ Մարտունի), հրապարակներ, փողոցներ, դպրոցներ և այլն: Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում տեղադրված է նրա հուշարձանը:
|