Օմանը պետություն է Արաբական թերակղզու հարավ-արևելքում: Ափերը ողողվում են Արաբական ծովի և Օմանի ծոցի ջրերով: Մակերևույթը լեռնային է: Օմանի ծոցի ափի երկայնքով ձգվում են Օմանի լեռները (առավելագույն բարձրությունը՝ 3353 մ, Շամ լեռ), որոնցից հյուսիս Էլ Բատինա ծովափնյա դաշտավայրն է: Երկրի կենտրոնական մասը զբաղեցնում է Ռուբ էլ Խալի անապատի արևելյան ծայրամասը, հարավ-արևմուտքում՝ Դոֆուր սարավանդը: Կլիման արևադարձային է, մեծ մասում՝ անապատային: Մշտական հոսք ունեցող գետեր չկան: Տարածված են արևադարձային անապատները, լեռներում՝ սավաննաներն ու մարգագետինները: Աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ դեռևս մ. թ. ա. IV հազարամյակում Օմանի տարածքում եղել են նավահանգիստներ, որտեղ կենտրոնացել է Նեղոսի, Տիգրիսի, Եփրատի, Ինդոսի ավազանների հնագույն քաղաքակրթությունների տարանցիկ առևտուրը: Բնակչության ավելի քան 90%-ը արաբներ են, բնակվում են նաև բելուջներ, պարսիկներ: Մեծ քաղաքներն են Մասքաթը, Սալալան, Նազվան, Սուրը, Սուհարը: VII դարի կեսերին Օմանը մտել է Արաբական խալիֆության կազմի մեջ, VIII-XIX դարերում եղել է անկախ իմամություն: XIX դարի վերջին բաժանվել է Օմանի իմամության և Մասքաթի սուլթանության, որը 1891 թ-ին դարձել է Բրիտանական պրոտեկտորատ: 1950-ական թվականներին Օմանի իմամության մեծ մասը նվաճել է Մասքաթի սուլթանությունը, և սուլթանը 1970 թ-ին հայտարարել է Օմանի Սուլթանության ստեղծումը՝ Մասքաթի Սուլթանության և Օմանի իմամության միավորմամբ: Երկրի տնտեսության հիմքը նավթի և գազի արդյունահանումն է: Արդյունահանում են պղինձ, արծաթ, ոսկի: Մշակում են կիտրոն, մանգո, բամբակենի, ծխախոտ, շաքարեղեգ: Քոչվոր բեդվիններն զբաղվում են անասնապահությամբ:
|