«Օսկարն» ԱՄՆ-ի ամենամյա կինոմրցանակն է: Սահմանել է Ամերիկյան կինոակադեմիան, 1929 թ-ին: «Օսկար» է անվանվել 1939 թ-ին:
«Օսկար» մրցանակի ստեղծման գաղափարը Մետրո-Գոլդուին-Մայեր կինոստուդիայի սեփականատեր Լուիս Մայերինն է: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1929 թ-ին, Հոլիվուդում: Նույն թվականից արարողությունը հեռարձակվել է ռադիոյով, 1953 թ-ից ցուցադրվում է հեռուստատեսությամբ: «Օսկարը» 34 սմ բարձրությամբ և 3,85 կգ կշռով մետաղե ոսկեզօծ արձանիկ է՝ սև մարմարե պատվանդանի վրա: «Օսկարը» տրվում է 24 հիմնական (տարվա լավագույն ֆիլմ, տղամարդու և կնոջ լավագույն դերեր, լավագույն ռեժիսորական և օպերատորական աշխատանքներ, օտարալեզու լավագույն ֆիլմ, լավագույն անիմացիոն և վավերագրական ֆիլմեր, լավագույն գրիմ և այլն) և հատուկ (պրոդյուսերական ներդրում, կինոյում ներդրում և այլն) անվանակարգերում: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում փետրվարի վերջ – մարտի սկիզբ ժամանակահատվածում: Մրցանակը տրվում է կինոակադեմիայի մասնագետ անդամների քվեարկությամբ՝ ըստ անվանակարգերի, բացառությամբ «լավագույն ֆիլմ» անվանակարգի, որի համար քվեարկում են բոլոր անդամները (շուրջ 10 հզ.): «Օսկարի» առավել շատ արժանացել են կինոռեժիսոր Ուոլտ Դիսնեյը՝ 26, և «Բեն Հուր» (1959 թ.), «Տիտանիկ» (1997 թ.), «Մատանիների տիրակալը» (2003 թ.) ֆիլմերը՝ 11-ական անգամ: «Օսկարի» մրցանակաբաշխությունից ԱՄՆ-ի տնտեսությունը տարեկան ստանում է շուրջ 700 մլն դոլարի շահույթ:
|