Օտտավան Կանադայի հարավ-արևելքում է՝ Օտտավա գետի և Ռիդո ջրանցքի ափին, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 76 մ: Կլիման բարեխառն է, ցամաքային: Հունվարի միջին ջերմաստիճանը –11 օC է, հուլիսինը՝ 20,3 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 943 մմ: Օտտավան սկզբնական շրջանում կոչվել է Բայթաուն: Քաղաքի կարգավիճակ և ներկայիս անվանումը (հնդկացի ալգոկինների լեզվով «օտտավա» նշանակում է հանդիպման վայր) ստացել է 1845 թ-ին: 1858–67 թթ-ին Օտտավան Անգլիայի Կանադա գաղութի (նահանգի) մայրաքաղաքն էր: Կանադա դոմինիոնի կազմավորումից (1867 թ.) հետո դարձել է նրա մայրաքաղաքը: Մեծությամբ երկրի 4-րդ քաղաքն է: Ղեկավարում է ընտրովի քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետի գլխավորությամբ և կենտրոնական կառավարության անմիջական հսկողությամբ: Օտտավան նավահանգիստ է, երկաթուղիների և ավտոճանապարհների հանգույց, ունի միջազգային օդանավակայան: Օտտավայում զարգացած են ռադիոէլեկտրոնային, սարքաշինական, թղթի, պոլիգրաֆիական արդյունաբերությունները: Գործում են Օտտավայի (1842 թ-ից) և Կառլտոնի (1942 թ-ից) համալսարանները, Կանադայի թագավորական գիտական ընկերությունը, Ատոմային էներգիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ազգային գիտահետազոտական խորհուրդը, Կանադայի երկրաբանական ծառայությունը, փորձարարական գյուղատնտեսական կայանը, բուսաբանական այգին, քաղաքակրթության, բնության, ռազմապատմական, գիտության և տեխնիկայի, ավիացիայի, կերպարվեստի թանգարանները, Արվեստների ազգային կենտրոնը՝ օպերային ու բալետային, դրամատիկական ու փորձարարական ներկայացումների դահլիճներով: 1899 թ-ից Օտտավան կառուցապատվում է գլխավոր հատակագծով, հիմնականում՝ երկհարկ բնակելի շենքերով, ունի առատ ջրատարածքներ և տնկարկներ, պուրակատիպ ճանապարհներով իրար միացող փողոցների շախմատաձև ցանց: Գլխավոր առևտրական փողոցները ձգվում են գետի երկայնքով: Քաղաքի կենտրոնում՝ Օտտավա գետի աջ ափի վարչական շենքերից ուշագրավ է խորհրդարանի նորգոթական ոճի համալիրը: Պատմական հուշարձաններից են նաև Աստվածամոր տաճարը, Լորյե ամրոցը, Ռիդո ջրանցքը: Ժամանակակից ճարտարապետության նմուշներից են օդանավակայանը, Արվեստների ազգային կենտրոնի, ուսանողների միջազգային հանրակացարանի շենքերը, Զինվորների ազգային հուշարձանը և այլ կառույցներ: Օտտավայի հայ համայնքը ձևավորվել է 1970-ական թվականներին: Քաղաքում բնակվում է շուրջ 1000 հայ (2010 թ.): Գործում են Սբ Մեսրոպ եկեղեցին՝ կից մեկօրյա հայկական դպրոցը, ՀԲԸՄ-ի Օտտավայի և ՀՕՄ-ի «Սևան» մասնաճյուղերը, Հայ մշակութային միությունը:
|