Ուղտերն ուղտանմանների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուններ են: Նրանք անապատի ամենամեծ կենդանիներն են և գերազանց հարմարվել են ապրելավայրի խստաշունչ պայմաններին: Նրանց անվանում են անապատի նավ: Եվ իսկապես, երկար ժամանակ ընտանի ուղտերն անապատների միակ փոխադրամիջոցն են եղել: Հարյուրավոր տարիներ առաջ նրանք ընտելացվել են և օգտագործվել բեռները հեռու տարածություններ տեղափոխելու համար: Ուղտի ներբաններին կան հաստ կոշտուկներ, որոնց շնորհիվ արևից շիկացած ավազը ուղտին չի վնասում: Հենվելով լայն, փափուկ թաթերին՝ նա բավականին հեշտությամբ առաջ է շարժվում ավազի վրայով: Խիտ ու երկար բուրդն օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին: Ուղտը բոլորովին պահանջկոտ չէ կերի նկատմամբ: Նա բավարարվում է փշոտ թփերով, որոնք ուրիշ կենդանիներ չեն ուտում: Բայց այդ համեստ կերն անգամ նպաստում է, որ ուղտի սապատներում ճարպի զգալի պաշար կուտակվի: Սնվելով այդ պաշարով՝ ուղտը կարող է մի քանի օր առհասարակ ոչինչ չուտել: Ուղտի օրգանիզմն ընտելացել է ջրի խնայողական ծախսմանը: Նա չի քրտնում և երկար ժամանակ կարող է ջուր չխմել՝ կորցնելով մարմնի զանգվածի մինչև 40 %-ը, բայց միանգամից կարող է խմել մինչև 57 լիտր ջուր: Ուղտը կարող է գրեթե առանց կերի ու ջրի օրեր շարունակ քայլել կիզիչ արևի տակ՝ օրական հաղթահարելով 80–90 կմ ճանապարհ: Երկրագնդի շատ վայրերում ուղտերն անփոխարինելի են ոչ միայն իբրև փոխադրամիջոց. անապատի բնակիչներն օգտագործում են նաև նրա կաթը, բուրդը, կաշին: Կաթից պատրաստում են կումիս, յուղ ու պանիր: Ուղտերն արոտավայրային կենդանիներ են, արածում են միայն ցերեկները, իսկ մնացած ժամանակ հանգստանում են ու որոճում: Նրանց կյանքի տևողությունը 35–40 տարի է: Հայտնի է ուղտերի 2 տեսակ՝ միասապատ ուղտ կամ դրոմեդար, և երկսապատ ուղտ կամ բակտրիան: Երկսապատ ուղտի հայրենիքը Կենտրոնական Ասիայի քարքարոտ անապատներն են: Վայրի վիճակում հազվադեպ է հանդիպում և պաշտպանության տակ է առնված: Միասապատ ուղտը Միջին Արևելքի բնիկ է, վայրի վիճակում այլևս չի հանդիպում: Որպես ընտանի կենդանի՝ տարաբնակեցվել է աշխարհի տարբեր երկրներ (Աֆրիկա և Ավստրալիա), որտեղ սկսել է վարել կիսավայրենի կենսակերպ:
|