Ուռուցքները (նորագոյացություններ, բլաստոմաներ) ախտաբանական հյուսվածքների տարաճումներ են, որոնց աճը շարունակվում է նույնիսկ ուռուցքային գործոնի ազդեցության ընդհատումից հետո: Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Բարորակ ուռուցքներին բնորոշ է տարածուն (էքսպանսիվ) աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն հետաճում են հարևան հյուսվածքները: Բարորակ ուռուցքներն ունենում են պատիճ (կապսուլա), չեն ճյուղավորվում, բայց կարող են վտանգավոր լինել իրենց տեղադրությամբ: Օրինակ՝ գլխուղեղի բարորակ ուռուցքը ճնշում է նրա որևէ բաժինը և խանգարում կենսական կարևոր գործառույթները: Չարորակ ուռուցքները (քաղցկեղ) ներաճում են շրջապատող հյուսվածքների մեջ և քայքայում դրանք: Նման դեպքերում արյան անոթները վնասվում են, և նրանց մեջ կարող են թափանցել ուռուցքային բջիջներ, որոնք այնուհետև, արյան կամ ավշի հոսքով տարածվելով օրգանիզմում, կարող են տարբեր օրգաններում և հյուսվածքներում առաջացնել ճյուղավորումներ (մետաստազներ): Ուռուցքների առաջացումն ընթանում է աստիճանաբար` մի քանի փուլերով: Չարորակ ուռուցքին անմիջապես նախորդող տարաճումները կոչվում են նախաուռուցքային կամ նախաքաղցկեղային: Հայտնի է ուռուցքների ավելի քան 500 տեսակ, որոնց անվանում են հյուսվածքի, օրգանի կամ բջջի տեսակի անվանը հունարեն «ոմա» (ուռուցք) բառն ավելացնելով, օրինակ՝ լիպոմա, ֆիբրոմա, սարկոմա, կարցինոմա և այլն: Առանձին խումբ են կազմում արյան չարորակ ուռուցքները՝ լեյկոզները, որոնց առանձին ձևերի ժամանակ նկատվում է սպիտակարյունություն, այսինքն՝ արյան մեջ փոփոխված լեյկոցիտների (սպիտակ մարմնիկներ) խիստ ավելացում: Նկարագրվել են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների և բույսերի ուռուցքներ: Հաճախակի են թռչունների որոշ տեսակների (օրինակ՝ հավերի) յուրատեսակ սարկոմաները: Չարորակ ուռուցքներն ավելի հաճախ ախտահարում են տարեց մարդկանց: Տնտեսապես զարգացած երկրներում ուռուցքային հիվանդությունները զբաղեցնում են 2-րդ տեղը՝ զիջելով սիրտանոթային համակարգի հիվանդություններին: Ուռուցքների առաջացման պատճառների 90%-ը արտաքին միջավայրի վնասակար գործոններն են, 10%-ը՝ ժառանգական գործոններն ու վիրուսները: ՀՀ-ում կատարվում է չարորակ ուռուցքներով հիվանդների պարտադիր գրանցում, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել դրանց տարածվածությունը հանրապետության տարբեր շրջաններում: Վաղ շրջանում հայտնաբերված ուռուցքների բուժումն ավելի արդյունավետ է: Ուռուցքների բուժման հիմնական եղանակը վիրաբուժականն է, որը գրեթե մշտապես լրացվում է ճառագայթային, դեղորայքային (քիմիաբուժություն), հորմոնային և իմունաբանական եղանակներով: Հակաքաղցկեղային պատրաստուկների ընդունումը կարող է հանգեցնել ժամանակավոր ճաղատության, իսկ բուժումն ընդհատելուց հետո մազերը կրկին աճում են:
|