Հասարակածային տրամագիծը` 51.200 կմ Զանգվածը` 86,8.1028 կգ Միջին հեռավորությունը Արեգակից` 2.870 մլն կմ Նվազագույն հեռավորությունը Երկրից` 2.600 մլն կմ Առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)` 17 ժամ 14 րոպե Արեգակի շուրջը պտտման պարբերությունը (տարի)` 84 երկրային տարի Ամպերի վերին եզրի ջերմաստիճանը` – 200օC Արբանյակների թիվը՝ 15
Ուրանը Արեգակից հեռավորությամբ` յոթերորդ, և մեծությամբ Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է: Այն տրամագծով 4 անգամ մեծ է Երկրից և այնքան հեռու է նրանից, որ անզեն աչքով շատ հազվադեպ է երևում: Ուրանը հայտնաբերել է անգլիացի աստղագետ Վ. Հերշելը 1781 թ-ին: Մոլորակն իր անվանումն ստացել է հին հունական դիցաբանության մեջ երկինքն անձնավորող աստվածության՝ Ուրանոսի անունից: Ի տարբերություն մյուս մոլորակների՝ Ուրանի պտտման առանցքն այնքան է թեքված, որ գտնվում է գրեթե նրա ուղեծրային հարթության մեջ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ ասես Ուրանը «պառկած» է կողքի վրա: Այդ պատճառով ուղեծրով շարժվելիս Ուրանի բևեռները տարիներ շարունակ ուղղված են դեպի Արեգակը, և այդ ժամանակ տվյալ բևեռում ավելի տաք է, քան մոլորակի մյուս մասերում: Սրանով Ուրանը տարբերվում է մյուս մոլորակներից, որոնց բևեռներում մշտապես ցուրտ է: Աստղագետները ենթադրում էին, որ օղակներ ունի միայն Սատուռնը, սակայն 1977 թ-ին հայտնաբերեցին Ուրանի` մինչև 1 մ չափերի քարաբեկորներից կազմված 11 օղակներ: Ուրանի օղակները դժվար է աստղադիտակով տեսնելը, որովհետև դրանք շատ նեղ են (մեծամասնության լայնությունը 10 կմ-ից փոքր է), իսկ նյութն ամենամութն է Արեգակնային համակարգում: Քանի որ Ուրանը շատ հեռու է Երկրից, անհնար է աստղադիտակների միջոցով մանրամասն տեղեկություններ ստանալ. Ուրանի մասին տվյալներն ստացվել են տիեզերական զոնդերից: Այդ տվյալների մեծ մասը հաղորդել է 1986 թ-ին Ուրանի մոտով անցած «Վոյաջեր-2» տիեզերական սարքը, որն ավելի վաղ՝ 1979 թ-ին, անցել էր նաև Յուպիտերի, իսկ 1981 թ-ին` Սատուռնի մոտով: Այժմ այդ սարքը շատ հեռու է վերոհիշյալ մոլորակներից և դուրս է եկել Արեգակնային համակարգից: Երկրից երևում են Ուրանի միայն 5 խոշոր արբանյակները՝ Միրանդան, Արիելը, Ումբրիելը, Տիտանիան, Օբերոնը: 1986 թ-ին Ուրանի մոտով անցած «Վոյաջեր-2»-ը հայտնաբերեց ևս 10 փոքր արբանյակներ: Ուրանի խոշոր արբանյակները քարաբեկորների և սառույցի վիթխարի գնդեր են, որոնք ծածկված են խառնարաններով և երկարավուն ճեղքերով: Ուրանի ամենամեծ արբանյակը՝ Տիտանիան, ունի մոտ 1600 կմ տրամագիծ: Ուրանի խիտ մթնոլորտը կազմված է ջրածնից, հելիումից և մեթանից, իսկ նրա միջնապատյանը՝ ջրից, ամոնիակից և մեթանի սառույցից: Ուրանի կենտրոնում երկաթաքարե միջուկն է: Միրանդան Ուրանի` Երկրից երևացող ամենափոքր՝ 500 կմ տրամագծով արբանյակն է: Մոտ տարածությունից արված լուսանկարները վկայում են, որ այն երբևէ հայտնաբերված ամենաբազմադեմ արբանյակն է. նրա մակերևույթը ամենաբազմատեսակ լանդշաֆտների հավաքածու է, որտեղ կան խառնարաններ, կիրճեր, ուղղաբերձ ժայռեր և հարթավայրեր: Աստղագետները ենթադրում են, որ ինչ- որ ժամանակ Միրանդան բախվել է մեկ այլ երկնային մարմնի և կտոր-կտոր եղել: Հետագայում այդ կտորները միացել են իրար և կազմել ներկայումս դիտվող լանդշաֆտը:
|