Վրաստանի ժողովրդական արտիստ Զաքարե Փալիաշվիլին վրացական դասական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչն է, վրացական ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից:
Զաքարե Փալիաշվիլին 8 տարեկանից երգել է եկեղեցում: Երաժշտական կրթությունն ստացել է կաթոլիկական եկեղեցու դպրոցում, որտեղ սովորել է երգեցողություն և երգեհոն նվագել: Դաշնամուրի դասեր է առել Ֆելիքս Միզանդարիից: 1895–99 թթ-ին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, 1900–03 թթ-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայում: 1905 թ-ին Փալիաշվիլին մասնակցել է Թիֆլիսում Վրացական ֆիլհարմոնիկ ընկերության հիմնադրմանը, 1908–17 թթ-ին ղեկավարել է իր ստեղծած երգչախումբը, նվագախումբը, երաժշտական դպրոցը, 1919 թ-ից Թիֆլիսի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր, 1919, 1923, 1929–32 թթ-ին՝ տնօրենը: Փալիաշվիլու առաջին՝ «Աբեսալոմ և Էթերի» ողբերգաէպիկական օպերան (լիբրետոյի հիմքը «Էթերիանի» էպոսն է) համազգային երևույթ էր, իսկ «Դաիսի» քնարադրամատիկական և «Լատավրա» հերոսական օպերաները վրացական երաժշտության մեջ նոր դարաշրջանի հիմքն են: Փալիաշվիլին իր օպերաներում ընդհանրացրել է ժողովրդական բանահյուսության ազգագրական տարբեր ճյուղերի ոճական առանձնահատկությունները և ստեղծել միասնական համազգային երաժշտական լեզու, որը դարձել է վրացական դասական երաժշտության հիմքը: Փալիաշվիլին գրել է մի շարք ռոմանսներ, խմբերգային ստեղծագործություններ, «Վրացական սյուիտը»՝ նվագախմբի համար, «Հանդիսավոր կանտատը», մշակել է վրացական պատարագը (երգչախմբի համար) և ժողովրդական երգեր: Հավաքել և գրառել է շուրջ 300 ժողովրդական երգեր, որոնցից 40-ը հրատարակել է «Վրացական երգերի ժողովածուում» (1910 թ.): 1937 թ-ին Փալիաշվիլու անունով կոչվել է Վրաստանի օպերայի և բալետի թատրոնը, 1971 թ-ին Փալիաշվիլու պատկերով թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ, սահմանվել է Վրաստանի պետական մրցանակ, Թբիլիսիում և Քութայիսում գործում են նրա տուն-թանգարանները: Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է «Դաիսի» օպերան (1943 և 1985 թթ.):
|