Փետրախոտը (սարի սմբուլ) դաշտավլուկազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ միամյա չորասեր խոտաբույս է: Հայտնի է 300 տեսակ՝ տարածված 2 կիսագնդերի բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային շրջաններում: ՀՀ-ում հանդիպում է 13 տեսակ՝ Շովիցի, մազանման, անդրկովկասյան, գեղեցկագույն և այլն: Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերի ցածրադիր ու միջին լեռնային գոտիներում (1500–2200 մ բարձրություններում): Աճում է անապատներում, տափաստաններում, նոսրանտառներում, չոր, քարքարոտ վայրերում: Փետրախոտի շատ տեսակներ տափաստանների բուսականության հիմնական տարրերից են: Ցողունը (բարձրությունը՝ մինչև 1 մ) բարակ է: Տերևները կոշտ են, նեղ գծաձև՝ սովորաբար հետոլորված եզրերով կամ խողովակաձև (ծածկում են հերձանցքերը): Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մեկական, նուրբ և ճկուն, փետրանման տեսքով: Ծաղկում է հունիսի 2-րդ կեսից մինչև սեպտեմբեր: Ճիմ առաջացնող և կերային խոտաբույս է: Գեղազարդիչ է: 5 տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
|