Փշամորթները ծովային անողնաշարավոր կենդանիներ են և կիսաքորդավորների ու քորդավորների հետ մտնում են երկրորդաբերանայինների ենթաբաժնի մեջ: Փշամորթների տիպն ունի 2 ենթատիպ՝ պելմատոզոա, որն ընդգրկում է 4 բրածո և 1 ժամանակակից դաս՝ ծովաշուշաններ, և էլեուտերոզոա, որն ընդգրկում է 1 բրածո և 4 ժամանակակից դասեր՝ ծովաստղեր, օձապոչեր (օֆիուրներ), ծովոզնիներ, ծովագլաններ (հոլոթուրիաներ): Հայտնի է ժամանակակից փշամորթների շուրջ 6000 տեսակ՝ տարածված հիմնականում տաք, աղի ծովերում: Առավել տարածված փշամորթներից են ծովաշուշանները, ծովոզնիները, ծովաստղերը, ծովագլանները: Ժամանակակից փշամորթների մարմինը ճառագայթաձև համաչափ է, երկարությունը՝ մի քանի մ-ից մինչև 5 մ: Բաժանվում են մի քանի (հաճախ՝ 5) ճառագայթների և միջնաճառագայթների: Ճառագայթաձև համաչափությունն արտահայտվում է նաև ներքին օրգանների դասավորության մեջ: Կան աստղաձև, սրտաձև, գնդաձև, պարկանման, ծաղկանման և այլ փշամորթներ: Այս կենդանիներն ունեն կրային թիթեղիկներից ու ասեղիկներից կազմված կմախք: Ընդունակ են վերականգնելու կորցրած ճառագայթը և, նույնիսկ, մարմնի մի մասը: Շատ փշամորթներ գիշատիչներ են, որոշ տեսակներ՝ բուսակերներ: Բրածո ձևերը եղել են երկկողմ համաչափ, որոշ տեսակներ ունեցել են խռիկային ճեղքեր: Ծովաշուշանները կպչում են հատակին և ավելի շատ նմանվում են բույսերի. նրանք և՜ «ցողունիկ» ունեն, և՜ «ծաղիկ», իսկ «պսակաթերթիկներից» տարածվում են հովհարանման ծոպեր, որոնք ջուրը մղում են դեպի «ծաղկի» «պսակաթերթիկների» մեջ տեղավորված բերանը: Ջրի հետ ծովաշուշանի բերան են ընկնում մանր կենդանիներ, որոնցով նա սնվում է: Ծովաշուշանները թշնամու հետ կռվելիս կարող են դեն նետել «ծաղիկը», որը հետագայում նորից աճում է: Ծովոզնիները, ծովաստղերը, ծովագլանները հատակին չեն կպչում, այլ շատ դանդաղ ու ծուլորեն տեղից տեղ են շարժվում: Ծովոզնիներն ունեն բարալիկ, ծծիչներով ոտքեր: Նրանք առաջ են շարժում այդ ոտքերն ու ձգվում՝ քայլ են անում: Այդպես նրանք կարող են նույնիսկ ուղղաբերձ ժայռեր մագլցել: Իսկ կրային ասեղիկները նրանց համար յուրօրինակ հենարան են և օգնում են նաև կերը պահել ատամներով շրջապատված բերանի մոտ: Ծովոզնիները սնվում են ծովային մանր կենդանիներով, ջրիմուռներով: Խոշոր ծովոզնիների ասեղներն ունենում են մոտ 30 սմ երկարություն: Դա վտանգավոր զենք է. ասեղները կոտրվում-մնում են թշնամու մարմնի մեջ՝ առաջացնելով ցավոտ վերքեր: Ծովոզնիները շատ թշնամիներ ունեն, որոնց մեջ կան նույնիսկ ցեղակիցներ, օրինակ՝ ծովաստղերը: Ծովաստղերը դանդաղ շարժվում են հատակով՝ հերթով շարժելով 5 ճառագայթները: Այս կենդանիները գիշատիչներ են, որոնց զոհերը հիմնականում փափկամարմիններն են: Եթե զոհը չափազանց մեծ է, ծովաստղն իր բերանի խոռոչով դուրս է շրջում ստամոքսը, նրանով փաթաթում զոհին և մարսում մարմնից դուրս: Ծովաստղը թշնամու հետ կռվելիս կարող է կորցնել իր ճառագայթներից մեկը և թաքնվել: Ճառագայթը հետագայում նորից աճում է. մի ճառագայթից կարող է նույնիսկ ամբողջ աստղ աճել: Ծովագլանների կմախքային թիթեղիկները քիչ են: Նրանց բերանը շրջապատված է ճյուղավորված 10 շոշափուկներով: Ծովային մանր կենդանիները կպչում են այդ շոշափուկներին, որոնց ծովագլանը հերթով տանում է բերանը: Ծովագլանների համար սարսափելի չէ անգամ իրենց մարմնի մեծ մասի (նույնիսկ ներքին օրգանների) կորուստը, որովհետև դրանք վերականգնվում են: Որոշ ծովագլաններ (տրեպանգ, կուկումարիա), նաև ծովոզնու ձկնկիթը օգտագործվում են սննդի մեջ:
|