Քաջվարդը (պիոն) քաջվարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է, հազվադեպ՝ թուփ: Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված հիմնականում Եվրասիայի բարեխառն և լեռնային շրջաններում, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ նեղատերև քաջվարդը: Աճում է ցածրաճ արաքսյան կաղնու լուսավոր անտառեզրերին և թփուտների մացառուտներում: Ցողունը պարզ է, բարձրությունը՝ մինչև 60 (90) սմ: Տերևները կրկնակի փետրաձև են, տերևիկները՝ խիստ կտրտված, գծաձև: Ծաղիկները մեկական են, մուգ կարմիր: Պտուղը բազմատերևապտուղ է: Գեղազարդիչ է և ներկատու: Մշակության մեջ տարածված են քաջվարդի բազմաթիվ գեղազարդիչ սորտեր, որոնք ունեն խոշոր, լայն պսակաթերթիկներ, ձյունասպիտակից վարդագույն, դարչնագույն, արնակարմիր, հաճելի բուրմունքով ծաղիկներ: Բազմանում է թփիկների և կոճղարմատների բաժանումով, անդալիսով ու սերմերով: Վայրի քաջվարդը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
|