Четверг, 26.06.2025, 05:30Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Քանդակագործություն
21:55
Քանդակագործություն
Քանդակագործությունը կերպարվեստի ամենահին տեսակներից է, 
որի գործերն ունեն ծավալատարածական ձևեր, եռաչափ են և շոշափելի:

Քանդակագործությունը պատկերում է հիմնականում մարդուն, կենդանիներ (անիմալիստական ժանր), սակավ՝ բնությունը (բնապատկեր) և առարկաներ (նատյուրմորտ): Քանդակը, սովորաբար, նախ կերտում են կավից, պլաստիլինից կամ մոմից, ապա ձուլում գիպսից. գիպսե ձուլածոները ծառայում են նաև որպես մոդել՝ քանդակն ավելի մնայուն նյութերով (փայտ, քար, մետաղ) վերստեղծելու համար: 
Քանդակն ունի 2 ենթատեսակ՝ բոլորաքանդակ (ստեղծագործությունը բոլոր կողմերից տեսանելի է) և ռելիեֆ (պատկերը հարթության վրա փորագրվում է կամ կերտվում որոշակի ցցունությամբ): Ռելիեֆները, ըստ ծավալային պատկերաձևերի, լինում են բարձրաքանդակ (քանդակապատկերի ծավալի կեսից ավելին դուրս է մակերեսից), հարթաքանդակ (քանդակապատկերի ծավալի կեսից պակասը դուրս է մակերեսից) և խորաքանդակ (մակերեսից խոր ընկած քանդակապատկեր), որոնք հարդարում են շենքի ճակատը, գոտին, ճակտոնը, ներսի պատերն ու առաստաղը (առաստաղապատկեր): 
Քանդակագործության մեջ տարբերակում են մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ և փոքր ձևերի քանդակներ: 
Մոնումենտալ քանդակի նպատակը կարևոր գաղափարների, պատմական իրադարձությունների, ականավոր մարդկանց դերի քարոզումն է և հիշատակի հավերժացումը. դրվում է բաց տարածության մեջ և հասարակական վայրերում: 
Հաստոցային քանդակը բնական կամ ճարտարապետական միջավայրից կախում չունի. դրվում է թանգարաններում, հասարակական կամ բնակելի շենքերի ներսում: Մեծ հնարավորություններ ունի թե՜ բոլորաքանդակում, թե՜ ռելիեֆում մարմնավորելու թեմատիկ զանազան իրավիճակներ և արտահայտելու կերպարի ներաշխարհի առանձնահատկությունները: 
Դեկորատիվ քանդակը զարդարման միջոց է և սովորաբար համադրվում է ճարտարապետության հետ: Փոքր ձևերի քանդակները տարբեր ժանրերի մանրաքանդակներ են («մանր պլաստիկա»), որոնք պատրաստվում են խեցուց, մետաղից, ոսկրից, քարից, ապակուց կամ պլաստմասսայից. նախատեսված են շինությունների ներսը զարդարելու համար, հաճախ աղերսվում են դեկորատիվ-կիրառական արվեստի հետ:
Քանդակագործության առաջին նմուշները (ժայռապատկերներ, կնոջ մարմնով բոլորաքանդակներ և այլն) ստեղծվել են վաղ անցյալում: Դեռևս բրոնզի դարում քանդակագործությունը համարվել է մասնագիտություն, որի հնագույն կենտրոններն էին Հին Եգիպտոսն ու Միջագետքը: 
Քանդակագործության պատմության կարևոր փուլն անտիկ շրջանն է, որի իդեալը ներդաշնակ զարգացած մարդու կերպարի ստեղծումն էր (Միրոն, Ֆիդիաս, Պոլիկլետոս, Սկոպաս և ուրիշներ): 
XV–XIX դարերում քանդակագործության մեջ գերիշխել են կառուցվածքային ավելի ազատ լուծումները (Դոնատելլո, Միքելանջելո, Օգյուստ Ռոդեն, Ֆեդոտ Շուբին և ուրիշներ): XX դարում թարմացվել և նորոգվել են քանդակագործության մեթոդներն ու նյութերը (Արիստիդ Մայոլ, Էմիլ Անտուան Բուրդել, Հենրի Մուր և ուրիշներ): 
Քանդակագործության ամենահին ձևերից են կիսանդրին, անդրին (ամբողջական արձանը), դիմաքանդակը և այլն: Տարբերում են նաև թեմատիկ քանդակներ, որոնք պատկերում են մեկ կամ մի քանի ֆիգուր (Միքելանջելոյի «Պիետտա», 1498–1501, Օ. Ռոդենի «Կալե քաղաքի բնակիչները», 1880 թ., Ա. Մայոլի «Երեք գեղուհիներ», 1930–38 թթ., և այլն): 
Տարբեր նյութեր օգտագործելիս կիրառվում են քանդակելու տարբեր տեխնիկաներ՝ ծեփում, կոփում, կռում, փորագրում, դրվագում և այլն: Կերտվում են նաև խեցեղեն քանդակներ:
Հայաստանում քարի մշակման մասին վկայված է հնագույն ժամանակներից.առաջին քանդակները ժայռապատկերներն են: Բրոնզի դարից հայտնի են բոլորաքանդակը և բարձրաքանդակը ոչ միայն քարից (վիշապներ), այլև կավից, փայտից, գունավոր մետաղներից (պեղվել են Վանաձորում, Լճաշենում): Մոնումենտալ արձաններ, հարթաքանդակներ, քանդակազարդ իրեր են ստեղծվել երկաթի դարի ուրարտական արվեստում, որի ավանդույթները շարունակվել են մ. թ. ա. VI–IV դարերում:
Հելլենիզմի շրջանում քանդակագործությունը զարգացել է մեծ մասամբ Հունաստանից բերված բարձրարվեստ կոթողների օրինակով և տեղում ստեղծված արձաններով (Նեմրութ լեռան վրա Երվանդունիների տեղադրած մոնումենտալ քանդակները, մ. թ. ա. I դար): Պատմական և գեղարվեստական մեծ արժեք ունեն այդ շրջանի արծաթագործության նմուշները, դրամները՝ Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ-ի դիմաքանդակներով, Գառնիի տաճարի զարդաքանդակները: 
Դեկորատիվ զարդաքանդակները կիրառվել են հիմնականում եկեղեցաշինության մեջ, որոշ հուշարձաններում համադրվել են թեմատիկ բարձրաքանդակների հետ. վաղ շրջանի նմուշներն ի հայտ են եկել V դարում  (Տեկոր, Դվին, Երերույք և այլն): Այդ համադրումը փայլուն կերպով դրսևորվել է նաև VII դարում՝ Զվարթնոցի, Մրենի, X–XIV դարերում՝ Անիի հուշարձաններում, Աղթամարում, Գանձասարում, Նորավանքում և այլուր: 
Ճարտարապետության մեջ հաճախ քանդակազարդել են փայտը՝ դռների, խոյակների համար: Ստեղծել են նաև փայտե թեմատիկ քանդակներ: Եկեղեցական կառույցներում տարածված էին նվիրատուների պատկերաքանդակները (Աղթամար, Գագկաշեն, Սանահին, Հաղպատ և այլն), միջնադարյան Հայաստանում՝ հուշակոթողները, որոնք դրվում էին հանգուցյալների շիրիմներին կամ նվիրվում որևէ կարևոր իրադարձության: IX դարից տարածվել է խաչքարի արվեստը, զարգացել է նաև մետաղի գեղարվեստական մշակումը: 
Նոր ժամանակներում հայկական պրոֆեսիոնալ քանդակագործությունը ձևավորվել է XIX դարի վերջին, Կոստանդնուպոլսում (Երվանդ Ոսկան): Հաջորդ սերնդի ներկայացուցիչներից են Անդրեաս Տեր-Մարուքյանը, ՄիքայելՄիքայելյանը, Հայկ Բադիկյանը, Հակոբ Փափազյանը, Ռուզան Մուրացանը, Միքայել Փոլադյանը և ուրիշներ: 
1920-ական թվականներին Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ մոնումենտալ քանդակներ, ձևավորվել է հայ քանդակագործության ազգային դպրոցը և զարգացել Արա Սարգսյանի, Սուրեն Ստեփանյանի, Ստեփան Թարյանի, Այծեմնիկ Ուրարտուի, ապա՝ Երվանդ Քոչարի ջանքերով: 
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) և հետպատերազմյան տարիներին իրենց լավագույն գործերով աչքի են ընկել Նիկողոս Նիկողոսյանը, Սարգիս Բաղդասարյանը, ապա՝ Արա Հարությունյանը, Ղուկաս Չուբարյանը, Խաչատուր Իսկանդարյանը, Թերեզա Միրզոյանը, Հովհաննես Բեջանյանը, Ֆրիդ Սողոյանը և ուրիշներ: Խեցեգործական քանդակներ են ստեղծել Ռազմիկ Շահվերդյանը, Հռիփսիմե Սիմոնյանը, Հմայակ Բդեյանը: 
1970-ական թվականներից ուշագրավ քանդակներ են կերտել Լևոն Թոքմաջյանը, Բենիկ Պետրոսյանը, Արա Շիրազը, Վլադիմիր Պետրոսյանը, Արտաշես Հովսեփյանը, Ֆերդինանդ Առաքելյանը, Գետիկ Բաղդասարյանը, Տիգրան Արզումանյանը և ուրիշներ:
Հայկական քանդակագործության առաջընթացը պայմանավորել են նաև Սփյուռքի վարպետները՝ Հակոբ Գյուրջյանը, Խորեն Տեր-Հարությանը, Ռուբեն Նակյանը, Արտո Չաքմաքչյանը, Նվարդ Զարյանը, ապա՝ Դավիթ Երևանցին, Էմիլ Գազազը, Վան Սողոմոնյանը և ուրիշներ:
Просмотров: 443 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: