Քենիան պետություն է Արևելյան Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Հարավ-արևելքում ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով: Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթը, որը դեպի արևելք աստիճանաբար իջնում է և վերածվում առափնյա դաշտավայրի: Սարահարթի կենտրոնական մասը խիստ կտրտված է: Կան բարձր լեռներով (Աբերդեր, Մաու, Էլգեյո) և հրաբուխներով (Քենիա՝ 5199 մ, երկրի ամենաբարձր կետը) շրջապատված իջվածքներ: Ընդերքում կան հազվագյուտ մետաղների, բազմամետաղների և ոսկու հանքավայրեր: Կլիման մերձհասարակածային է: Խոշոր գետերն են Տանան և Գալանան, իջվածքներում են Ռուդոլֆ, Բարինգո, Նակուրու, Նաիվաշա, Մագադի լճերը: Տարածված են սավաննաներն ու մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է, ստեղծված են Մաունթ, Քենիա, Ցավո, Սիբիլոն, Մերու, Աբերդեր ազգային պարկերը, մի քանի ծովային ազգային պարկեր ու արգելոցներ, որոնք վայրի բնության պահպանության լավագույն վայրերից են: Քենիայի տարածքը XVI դարից պարբերաբար զավթել են պորտուգալացիներն ու արաբները, XIX դարում սկսվել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներթափանցումն այնտեղ: 1895 թ-ին դարձել է բրիտանական տիրույթ, 1920 թ-ից` Մեծ Բրիտանիայի գաղութ: Անկախություն է ձեռք բերել 1963 թ-ին: Երկրի բնակչության 98 %-ը աֆրիկյան ժողովուրդներ են` կիկույյու, լաո, լահյա, կոմբա, բնակվում են նաև եվրոպացիներ, հնդիկներ և այլք: Խոշոր քաղաքներն են Նայրոբին, Մոմբասան, Նակուրուն, Կիսումուն: Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող և վերամշակող ճյուղերը: Կան նաև կարի, կաշվի, քիմիական, մետաղամշակման ձեռնարկություններ: Առավել զարգացած է գյուղատնտեսությունը: Մշակում են սրճենի, թեյ, սիզալ,եգիպտացորեն, գարի, սորգո և այլն: Զբաղվում են անասնապահությամբ ու ձկնորսությամբ: Գյուղական բնակավայրերին բնորոշ են կավով բոլորածեփված, շրջանաձև խրճիթները, քաղաքներին՝ ժամանակակից ոճի շինությունները: Գեղարվեստական արհեստներից զարգացած են փայտի քանդակազարդումը, կավե ամանների, դդումե անոթների, ծղոտե կողովների, ուլունքազարդերի պատրաստումը:
|