Կինոռեժիսոր, ՀՀ, ՎՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Էդմոնդ Քեոսայանը խորհրդային կինոյի արկածային ժանրի լավագույն ներկայացուցիչներից է:
Էդմոնդ Քեոսայանը 1952–54 թթ-ին սովորել է Մոսկվայի տնտեսագիտական, 1954–58 թթ-ին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտներում, միաժամանակ աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Պետական էստրադային նվագախմբում` որպես համերգավար, 1965 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (կինոռեժիսոր Եֆիմ Ձիգանի արվեստանոց): 1964 թ-ից՝ Մոսֆիլմ, 1972–76 թթ-ին Հայֆիլմ կինոստուդիաների ռեժիսոր էր: Քեոսայանը ուսման տարիներին նկարահանել է «Սանդուղք» (1962 թ., հեռուստաֆիլմ, Մոնտե Կառլոյի միջազգային կինոփառատոնի Գլխավոր մրցանակ), «Երեք ժամ ճանապարհին» (1963 թ., կարճամետրաժ, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակ) ֆիլմերը: Մոսֆիլմում նկարահանած ուշագրավ կինոնկարներից են «Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ» (1965 թ.), «Խոհարարուհին» (1966 թ.), «Երբ գալիս է սեպտեմբերը» (1975 թ., ԽՍՀՄ համամիութենական կինոփառատոնի մրցանակ) և այլն: Ռեժիսորը համընդհանուր ճանաչման է արժանացել «Անորսալի վրիժառուներ» կինոնկարով (1967 թ., ըստ Պավել Բլյախինի «Կարմիր սատանի ճտեր» վիպակի): Այն 1960-ական թվականների ռուսական կինոյի ամենանշանավոր իրադարձություններից էր, որով սկզբնավորվել է «Անորսալիների նոր արկածները» (1968 թ., երկուսն էլ՝ ՀամԼԿԵՄ մրցանակ՝ 1968 թ.), «Ռուսական կայսրության թագը կամ Նորից անորսալիները» (1971 թ.) ֆիլմաշարը: Հակաֆաշիստական դիմադրության հերոսներին է նվիրված նրա «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» (1983 թ.), իսկ ստալինյան բռնությունների զոհերին` «Համբարձում» (1989 թ.) կինոնկարը: Քեոսայանը Հայֆիլմում նկարահանել է «Տղամարդիկ» (1973 թ.), «Մոռացված հեքիաթների կիրճը» (1974 թ.), «Հուսո աստղ» (ըստ Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպի, 1978 թ.), «Լեգենդ ծաղրածուի մասին» (1979 թ., Լ. Ասատրյանի հետ) կինոնկարները: Նկարահանվել է «Երբ քեզ հետ են ընկերներդ» (1958 թ., Հայֆիլմ) կինոնկարում: Քեոսայանը նաև իր մի քանի ֆիլմերի սցենարիստն է: Քեոսայանի որդիները նույնպես ստեղծագործում են կինոյում (Մոսկվա): Դավիթ Քեոսայանը (ծնվ. 1961 թ.) կինոյի դերասան է, սցենարիստ և պրոդյուսեր: Տիգրան Քեոսայանը (ծնվ. 1966 թ.) կինոռեժիսոր է: Նկարահանել է «Կատկան և Շիզը», «Արծաթե հովտաշուշան», «Նախագահը և նրա թոռնուհին», «Տղամարդու գործ» (8 մաս) և այլ ֆիլմեր: Կինը՝ Լաուրա Գևորգյանը (ծնվ. 1939 թ.), կինոդերասանուհի է:
|