Четверг, 26.06.2025, 05:00Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Քիմիական տարրեր
22:04
Քիմիական տարրեր
Քիմիական տարրը միջուկի միևնույն լիցքն ունեցող ատոմների որոշակի տեսակ է: Այն կարող է գոյություն ունենալ ազատ վիճակում՝ պարզ նյութի ձևով, կամ մտնել բարդ նյութի բաղադրության մեջ:
Միևնույն տարրը կարող է գոյություն ունենալ մոլեկուլի բաղադրությամբ, բյուրեղական կառուցվածքով ու հատկություններով տարբերվող մի քանի պարզ նյութերի ձևով, որոնք կոչվում են ալոտրոպ ձևափոխություններ: Քիմիական տարրերը քիմիական ռեակցիաների ընթացքում չեն փոխարկվում այլ տարրերի, քանի որ անփոփոխ են մնում ատոմների միջուկները:
Քիմիական տարր հասկացությունն առաջինը ձևակերպել է անգլիացի գիտնական Ռ. Բոյլը 1661 թ-ին` որպես ավելի պարզ մասերի չբաժանվող նյութ: Քիմիական տարրերի ատոմական կշիռների առաջին աղյուսակը կազմել է անգլիացի գիտնական Ջ. Դալթոնը XIX դարի սկզբին: XX դարում միջուկային ֆիզիկայի զարգացումը հնարավորություն տվեց ճշտելու քիմիական տարր հասկացությունը և սինթեզել նոր՝ մինչ այդ անհայտ տեխնեցիում, պրոմեթիում, աստատին և 92-ից մեծ կարգահամար ունեցող տարրերը: Քիմիական որևէ տարր մեկ այլ տարրի կարող է փոխարկվել միայն միջուկային ռեակցիաների շնորհիվ: Քիմիական տարրերը նշանակվում են քիմիական նշաններով, բնորոշվում  կարգահամարով, որը հավասար է ատոմի միջուկում պարունակվող պրոտոնների թվին, հետևաբար՝ նաև միջուկի դրական լիցքին: Ատոմի միջուկում պարունակվող նուկլոնների՝ պրոտոնների և նեյտրոնների ընդհանուր թիվը կոչվում է զանգվածի թիվ: Միևնույն տարրի ատոմների տարատեսակները, որոնք տարբերվում են զանգվածի թվով, կոչվում են իզոտոպներ: Տարրի ատոմական զանգվածը բնության մեջ գոյություն ունեցող իզոտոպների ատոմական զանգվածների միջին արժեքն է: Երկրակեղևում առավել տարածված են զույգ թվով նուկլոններ պարունակող թեթև միջուկները: Առավել տարածված տարրերն են (զանգվածային %)՝ Օ (47), S (29,5), Al (8,05), Fe (4,69), Ca (2,96), Na (2,5), K (2,5) և Mg (1,87), ամենաքիչ տարածվածները՝ At, Fr, Np, Pu: 95 և ավելի մեծ կարգահամար ունեցող տարրերը և տելուրը երկրակեղևում չեն հայտնաբերվել: Ենթադրվում է, որ Երկրի միջուկում գերակշռում են երկաթը (մինչև 80 %) և նիկելը (8 %): Տիեզերքում առավել տարածված են ջրածինը և հելիումը: Հայտնի են բոլոր քիմիական տարրերի ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից շատերն ստացվել են արհեստական եղանակներով: 
Ըստ քիմիական և ֆիզիկական հատկությունների՝ քիմիական տարրերը բաժանվում են 2 խմբի՝ մետաղների և ոչ մետաղների: Այս բաժանումը հարաբերական է, ուստի չի կարելի կտրուկ սահման դնել նրանց միջև: Սկզբունքորեն յուրաքանչյուր տարր ունի թե՜ մետաղական և թե՜ ոչ մետաղական հատկություններ: Բնականաբար, տարրի  հատկություններից մեկն ավելի արտահայտված կարող է լինել, քան մյուսը. օրինակ` ծծումբն ավելի ոչ մետաղ է, քան ալյումինը, ալյումինը ծծմբի համեմատ մետաղ է, իսկ նատրիումի համեմատ՝ ոչ մետաղ:

Տարրերի պարբերական համակարգ
Ռուս քիմիկոս Դ.Ի.Մենդելեևը XIX դարի վերջին հայտնաբերել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակը:
Տարրերի պարբերական համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի: Ատոմի միջուկի լիցքի մեծացմանը զուգընթաց օրինաչափորեն փոխվում են ատոմի էլեկտրոնային թաղանթների և արժեքական էլեկտրոնների թիվը, հետևաբար՝ նաև արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը: Պարբերական համակարգը բաղկացած է 7 պարբերությունից, 10 շարքից և 8 խմբից: Խմբերը պարբերական համակարգում դասավորված են ուղղահայաց: Որպես կանոն՝ տարրերի օքսիդացման բարձրագույն դրական աստիճանը հավասար է խմբի համարին: Բացառություն են ֆտորը, արծաթը, ոսկին, պղինձը: Յուրաքանչյուր խումբ բաժանված է 2 ենթախմբի՝ գլխավոր (Ա) և երկրորդական (Բ): Միևնույն ենթախմբում իրար տակ գտնվում են նման հատկություններ ունեցող և իրարից օրինաչափորեն տարբերվող տարրերը: Գլխավոր ենթախումբը կազմում են տիպիկ տարրերը և մեծ պարբերությունների առաջին 2 և վերջին 6 տարրերը: Երկրորդական ենթախումբը կազմում են միայն մեծ պարբերությունների մյուս տարրերը, որոնք միայն մետաղներ են: Գլխավոր և երկրորդական ենթախմբերի տարրերն իրարից տարբերվում են քիմիական հատկություններով:
Պարբերությունը կարգահամարի աճման կարգով իրար հաջորդող տարրերի շարք է: Պարբերական համակարգը կազմված է 7 պարբերությունից.  I, II և III պարբերությունները կոչվում են փոքր, իսկ IV, V, VI և VII-ը՝ մեծ: Յուրաքանչյուր պարբերություն, բացառությամբ առաջինի, սկսվում է ալկալիական մետաղով և ավարտվում իներտ տարրով: II և III պարբերությունների տարրերը կոչվում են տիպիկ տարրեր: Դրանց հատկությունները տիպիկ մետաղականից մինչև իներտ տարրերը փոխվում են օրինաչափորեն: Համակարգը բաղկացած է 10 շարքից: Յուրաքանչյուր փոքր պարբերություն կազմված է 1 շարքից, իսկ մեծ պարբերությունները` 2-ական շարքերից՝ զույգ և կենտ: Հիմնական հատկանիշը, ըստ որի մեծ պարբերությունները բաժանվում են 2 շարքի, տարրերի օքսիդացման աստիճանն է: Այն 2 անգամ կրկնվում է տարրերի ատոմական զանգվածների աճմամբ՝ անցնելով տարրերի եռյակներից:
VI պարբերությունում լանթանից անմիջապես հետո տեղաբաշխված են 14 տարրեր՝ 58–71 կարգաթվերով, որոնց անվանում են լանթանոիդներ (լանթանանմաններ): Դրանց քիմիական հատկություններն իրար շատ նման են:
VII պարբերությունում ակտինիումից հետո նույնպես տեղաբաշխված են 14 տարրեր՝ 90–103 կարգաթվերով, որոնց անվանում են ակտինոիդներ (ակտինանմաններ): Ի տարբերություն լանթանոիդների՝ ակտինոիդների հորիզոնական համանմանությունը թույլ է արտահայտված:
Լանթանոիդներն ու ակտինոիդները տեղաբաշխված են պարբերական համակարգի ներքևում, իսկ լանթանի և ակտինիումի վանդակներում դրանք ցույց են տրվում համապատասխանաբար մեկ և երկու աստղանիշերով (* և **):
Просмотров: 486 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: