Քունը պարբերաբար առաջացող վիճակ է, որի ընթացքում ստեղծվում են օրգանիզմի (հատկապես՝ կենտրոնական նյարդային համակարգի) աշխատունակությունը վերականգնելու համար ամենանպաստավոր պայմանները: Ժամանակակից պատկերացումների համաձայն՝ քունը ոչ միայն հանգիստ է, այլև օրվա ընթացքում ստացած տեղեկությունների վերամշակման յուրօրինակ աշխատանք: Մարդու կյանքի 1/3-ն անցնում է քնած վիճակում: Քնի ժամանակ շնչառական շարժումները և սրտի կծկումները դանդաղում են, նկատվում է մկանային լարվածության, զգացողության բոլոր տեսակների (տեսողություն, լսողություն, հոտառություն, համ և շոշափում) խիստ թուլացում: Անպայման և պայմանական ռեֆլեքսներն արգելակվում են: Պակասում է հյուսվածքների արյունամատակարարումը, ինչն ուղեկցվում է նյութափոխանակության ուժգնության նվազմամբ (8–10 %-ով) և ջերմաստիճանի իջեցմամբ: Սակայն նյարդային համակարգը շարունակում է աշխատել: Օրինակ` կան մարդիկ, ովքեր վայրկենապես արթնանում են, երբ, նույնիսկ, միայն տալիս են նրանց անունը, թեև խորը քնած են մնում ցանկացած ուժեղ աղմուկի դեպքում: Քնի ժամանակ գլխուղեղի աշխատանքը չի ընդհատվում, այդ է վկայում նրա կենսաէլեկտրական ակտիվության պահպանումը: Գլխուղեղի կենսապոտենցիալների գրանցված պատկերը՝ էլեկտրաուղեղագիրը (ԷՈՒԳ), ունի ֆիզիոլոգիական տարբեր վիճակների համապատասխանող բնորոշ տեսք: Գիշերային քնի ժամանակ նկատվում են կենսապոտենցիալների տատանումների հաճախության մի քանի (4–5) բարձրացումներ և իջեցումներ: ԷՈՒԳ-ի օգնությամբ հայտնաբերվել է քնի 2 տեսակ` հանգիստ, դանդաղ (օրթոդոքսային) քուն՝ առանց երազատեսության, և ակտիվ, արագ (պարադոքսային) քուն՝ երազատեսությամբ: Դանդաղ քնին բնորոշ են շնչառության և սրտի աշխատանքի հաճախության նվազումը, աչքերի շարժումների դանդաղումը: Արագ քնի ժամանակ այդ ցուցանիշները սովորաբար հաճախանում են: Արագ քունն ավելի խորն է դանդաղի համեմատ (քնած մարդուն արթնացնելը դժվար է, մկանները չափից ավելի են թուլացած), բայց և ավելի մակերեսային է, եթե դատենք ըստ ԷՈՒԳ-ի, շնչառության, անոթազարկի փոփոխությունների, փակ կոպերի տակ աչքերի արագ շարժումների: Դրա համար արագ քունն անվանում են պարադոքսային: Արագ քնի ընթացքում մարդը երազներ է տեսնում: Երազները գիտակցության մեջ ստեղծված վառ պատկերներ են: Երազներում կարող են տեղի ունենալ տարօրինակ, վառ իրադարձություններ, որոնք մշտապես հիացրել կամ սարսափեցրել են մարդկանց: Գիտնականներն առաջարկել են երազատեսության մի քանի վարկածներ, սակայն առայժմ համընդհանուր տեսություն մշակված չէ: Երազատեսության տարատեսակներից է մղձավանջը: Այն հաճախ տեսնում են երեխաները՝ հասունացման որոշակի շրջանում, իսկ հասուն տարիքում լինում է ոչ հաճախ: Դանդաղ քունը սովորաբար զբաղեցնում է գիշերային քնի տևողության 75–80 %-ը, արագը՝ 20–25 %-ը: Դրանց փոխհաջորդումը բնորոշ է առողջ մարդկանց. նման դեպքում մարդն իրեն զգում է լրիվ հանգիստ և առույգ: Արագ և դանդաղ քնի տևողության շեղումները, դանդաղ քնի ժամանակ հաճախակի արթնացումները հանգեցնում են մարդու նյարդային համակարգի խանգարումների, ազդում նրա հոգեկան, հուզական վիճակների և ուշադրության վրա: Քնի առավել հաճախակի խանգարումներից են քնկոտությունը և անքնությունը: Բնականոն քունը տևում է 6,5 ժամից ոչ պակաս:
|