Ռեժիսորը բեմադրում է թատերական, կրկեսային և օպերային ներկայացումներ, կինոնկարներ, համերգային, ռադիո- և հեռուստատեսային, հանդիսանքային և այլ ծրագրեր: Նրան անվանում են նաև բեմադրող-ռեժիսոր: Ռեժիսորը (լատիներեն է. նշանակում է ղեկավարել) բեմադրության մեջ համադրում է տեսողական և լսողական արվեստների տարրերը՝ որպես ինքնուրույն գեղարվեստական ամբողջություն: Նա, ըստ իր մտահղացման, թատրոնում և կինոյում համապատասխան արտահայտչամիջոցներով բացահայտում է գրական երկի (սցենար, օպերայում՝ լիբրետո) գաղափարը: Միջնադարում բեմադրության պատասխանատուն թատերախմբի ղեկավարն էր, իսկ XVIII դարում՝ նշանավոր դերասանները: Ռեժիսորի մասնագիտությունը եվրոպական թատրոնում հաստատվել է XIX դարի վերջին քառորդում: Ռեժիսորն ինքն է ձևավորում բեմադրող (կամ նկարահանող) խումբը, նշանակում է օգնական (ապահովում է խմբի փորձերի տեխնիկական կազմակերպման ողջ ընթացքը), ընտրում դերակատարներին, հաստատում սցենարի գաղափարական մեկնությունը, գործող անձանց բեմական վարքագիծն ու բնութագիրը, նկարչական ու երաժշտական ձևավորման ոճական և ժանրային բնույթը, ներկայացման ժամանակային (տեմպ, ռիթմ) ու տարածական (բեմավիճակ, բեմական միջավայր) լուծման, թատերական պայմանականությունների օգտագործման սկզբունքները, ամբողջ ներկայացման գեղարվեստական նկարագիրը: Բալետները և երաժշտական ներկայացումներում (օպերա, օպերետ) պարային տեսարանները բեմադրում է բալետմայստերը: Հեղինակային ֆիլմերում կինոռեժիսորն ինքն է որոշում նկարահանման խնդիրները: Առևտրային (կոմերցիոն) կինոնկարների ֆինանսական և կինոարտադրանքի իրացման հարցերով զբաղվում է պրոդյուսերը: Խաղարկային կինոն սկզբնավորել է ֆրանսիացի ռեժիսոր Ժորժ Մելիեսը, իսկ վավերագրականը՝ Լյումիեր եղբայրները: Ճանաչված կինոռեժիսորներից են Չառլզ Չապլինը, Վիտորիո դե Սիկան, Մարսել Կառնեն, Կլոդ Լելուշը, Ֆեդերիկո Ֆելլինին, Ինգմար Բերգմանը, Ակիրա Կուրոսավան, Միլոշ Ֆորմանը, Ստիվեն Սպիլբերգը, Անդրեյ Տարկովսկին, Անդրեյ Կոնչալովսկին, Էմիր Կուստուրիցան, Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան), Ռուբեն Մամուլյանը և ուրիշներ: Թատրոնում ճանաչված ռեժիսորներից են Օտտո Բրամը, Անդրե Անտուանը, Եվգենի Վախթանգովը, Ռուբեն Սիմոնովը, Կոնստանտին Ստանիսլավսկին, Պիտեր Բրուկը, Ժորժ Փիթոևը, Յուլիուշ Օստերվան, Կոտե Մարջանիշվիլին, Ռոբերտ Ստուրուան և ուրիշներ: Հայ իրականության մեջ ռեժիսորական արվեստը ձևավորվել է XIX դարի 60-ական թվականներին՝ պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի կազմավորումով: Որպես դերուսույց բեմադրողներ՝ Կոստանդնուպոլսի հայկական թատրոնում աչքի են ընկել Պետրոս Մաղաքյանը, Մարտիրոս Մնակյանը և ուրիշներ: Թիֆլիսի հայկական թատրոնում Գևորգ Չմշկյանն առանձնապես կարևորել է գրական երկի միասնական մեկնաբանման խնդիրը: XIX դարի վերջին Գևորգ Պետրոսյանն ու Ազնիվ Հրաչյան նախաձեռնել են կերպարների հոգեբանական ու սոցիալ-բարոյական առանձնահատկությունների բացահայտումը: 1910-ական թվականներին հայ թատրոնում ռեժիսորական արվեստի զարգացմանը նպաստել է Օվի Սևումյանը: Խորհրդահայ թատրոնում այն զարգացրել են Արմեն Արմենյանը, Ստեփան Քափանակյանը, Լևոն Քալանթարը, Արշակ Բուրջալյանը, Արմեն Գուլակյանը, իսկ ռեժիսորական արվեստի գաղափարական ու ոճական նկարագիրն ամբողջացրել է Վարդան Աճեմյանը: Նրանց ավանդույթները նորովի են շարունակել Հրաչյա Ղափլանյանը, Երվանդ Ղազանչյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Վահե Շահվերդյանը, Ռուբեն Բաբայանը, Արմեն Էլբակյանը, Արմեն Խանդիկյանը, Ժիրայր Դադասյանը և ուրիշներ: Հայ կինոռեժիսուրայի ձևավորման և զարգացման մեջ մեծ ավանդ ունեն Համո Բեկնազարյանը (հայկական կինոյի հիմնադիրը), Ամասի Մարտիրոսյանը, Սերգեյ Փարաջանովը, Արտաշես Հայ-Արտյանը, Ֆրունզե Դովլաթյանը, ՀենրիկՄալյանը, Ալբերտ Մկրտչյանը, Վիգեն Չալդրանյանը և ուրիշներ:
|