Ֆրանսիացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ Օգյուստ Ռենուարը իմպրեսիոնիզմի հիմնադիրներից է:
Օգյուստ Ռենուարը 1844 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ: Վաղ տարիքից երգել է եկեղեցական երգչախմբում (խմբավարը՝ կոմպոզիտոր Շառլ Գունոն, մեծ ապագա է գուշակել նրան երաժշտության բնագավառում): 13 տարեկանից աշխատել է ճենապակու գործարանում. ձևավորել է սպասք, վարագույրներ ու հովհարներ, միաժամանակ հաճախել է գեղանկարչության դպրոց: 1860 թ-ին Լուվրում եղել է պատճենահան: 1862–64 թթ-ին սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում ու Շառլ Գլեյրի արվեստանոցում, որտեղ մտերմացել է Կլոդ Մոնեի և Ալֆրեդ Սիսլեյի հետ, ուսումնասիրել ու կրկնօրինակել է անվանի նկարիչների գործեր: Ռենուարի վաղ շրջանի նկարներում նկատելի է Գյուստավ Կուրբեի և Էդուարդ Մանեի ազդեցությունը՝ լուսաօդային փոփոխական գեղեցկությունը, հատկապես մարդկային կերպարների բազմազանությունը («Սենի լողատեղին», 1869 թ.): Հետագայում նրա գունապատկերները դարձել են թափանցիկ ու պայծառ («Օթյակ», 1874 թ.): Ի տարբերություն մի շարք իմպրեսիոնիստների՝ Ռենուարին առավել հետաքրքրել են մարդու անհատականությունը, նրա անկաշկանդ կապը բնության հետ: Նա ճշգրիտ արտահայտել է բնորդի տրամադրության նրբերանգները, բացահայտել փարիզեցի կանանց յուրահատուկ ու անկրկնելի հմայքը, պատանեկան բնավորության անմիջականությունը: Լավագույն գործերից են Ժաննա Սամարիի (1877 թ.) և Վիկտոր Շոկեի (1880 թ.) դիմանկարները, «Հովանոցներ» (1879 թ.), «Երկնագույն ժապավենով օրիորդ Գրիմպելը» (1880 թ.), «Հովհարով աղջիկը» (մոտ 1881 թ.) և այլ գործեր: Նկարչին հրապուրել է քաղաքի աղմկոտ, կենսուրախ կյանքը. նա ջերմ ու վառ երանգներով պատկերել է պուրակներում զբոսնող փարիզեցիների, սիրահար զույգերի, սրճարանների այցելուների, լուսավոր և ժպտադեմ մանուկների («Մեծ բուլվարը», 1875 թ., «Մուլեն դը լա Գալետ», 1876 թ., «Ճաշից հետո», 1879 թ., «Պար Բուժիվալում», 1882 թ., «Զբոսանք», 1895 թ., «Ծաղրածուն», 1909 թ., և այլն): Առանձնապես գրավիչ են նրա ստեղծած կանանց կերպարների պլաստիկությունը, մաշկի գունային բացառիկ նրբագեղությունը («Թախտին նստած մերկ կինը», 1876 թ., «Սևազգեստ աղջիկներ», 1883 թ., և այլն): 1880-ական թվականներին նա ճամփորդել է Իտալիայում, Իսպանիայում, Ալժիրում և այլուր: Ռաֆայելի ազդեցությամբ Ռենուարը փոխել է նկարելու եղանակը. գծանկարը դարձրել է ավելի ճշգրիտ, ուրվագծերը՝ պարզ, ծավալները՝ մշակված: Նա ստեղծել է բազմաթիվ գծանկարներ, որոնք աչքի են ընկնում սեղմ, թեթև և նուրբ գծերով: Ռենուարը կերտել է նաև քանդակներ («Վեներա», 1914–16 թթ., «Մայրություն», 1916 թ., «Մեծ լվացարարուհին», 1917 թ., և այլն), որոնք առանձնանում են պլաստիկ ձևերի հզորությամբ և ուրվագծերի ներդաշնակությամբ: Ռենուարի գործերից պահվում են Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ, Լոնդոնի ազգային, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի Իմպրեսիոնիզմի ու Լուվր, Ստոկհոլմի ազգային և այլ թանգարաններում: Ռենուարը 1900 թ-ին արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի: Ռենուարի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
|