Ռուանդան պետություն է Արևելյան Աֆրիկայում: Երկրի մակերևույթը 1500–2000մ բարձրության կտրտված սարահարթ է, որի պատճառով այն կոչվում է նաև Հազարավոր բլուրների երկիր: Արևմտյան բարձրադիր եզրը զառիթափ իջնում է դեպի Կիվու լիճը, հյուսիս-արևմուտքում բարձրանում են Վիրունգա հրաբխային լեռները (ամենաբարձրը՝ Կարիսիմբի լեռ, 4507 մ): Կլիման մերձհասարակածային է: Գետային ցանցը խիտ է: Գլխավոր գետը Կագերան է (Նեղոսի ակունքներից), խոշոր լիճը՝ Կիվուն: Տարածված են սավաննաները և խոնավ մշտադալար անտառները: Ռուանդան երկար տարիներ եղել է գերմանական, ապա՝ բելգիական գաղութ: 1918 թ-ին Ազգերի լիգայի որոշմամբ դարձել է Բելգիայի պրոտեկտորատ: 1960 թ-ին լուծարվել է թութսիների միապետությունը, իսկ 1962 թ-ի հուլիսի 1-ին ձեռք է բերել անկախություն: Անկախության առաջին տարիներին (1963–65) Ռուանդայում սրվեցին հարաբերությունները բնիկ հուտու և թութսի էթնիկ խմբերի միջև, և տեղի ունեցան արյունահեղ ընդհարումներ: 1973 թ-ի հուլիսին ռազմական հեղաշրջման հետևանքով թութսիների նկատմամբ վարվող քաղաքականությունը խստացվեց, և նրանց զգալի մասը տարագրվեց Ուգանդա: Այնտեղ ձևավորվեց Ռուանդայի հայրենասիրական ճակատը (ՌՀՃ), որն արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվեց դեպի ԱՄՆ և Մեծ Բրիտանիա: 1990-ական թվականներին տնտեսական դժվարությունների սրման և ՌՀՃ-ի զինված խմբավորումների երկիր ներխուժելու պատճառով սկիզբ առավ թութսիներին դավադրության մեջ մեղադրելու մի գործընթաց, որի հետևանքով 1994 թ-ին ծայրահեղական հուտուների ռազմականացված խմբավորումներն իշխանությունների ցուցումով կոտորեցին ավելի քան 300 հզ. թութսիների և չափավորական հուտուների: Այդ կոտորածները (1994 թ-ի ապրիլի 6-ից հուլիսի 16-ը) որակվել են որպես ռուանդական ցեղասպանություն և ճանաչվել միջազգայնորեն: Այդ նույն թվականին իշխանության եկավ ՌՀՃ-ն և 1994–97 թթ-ին շարունակեց հուտուների դեմ ռազմական գործողությունները` արդեն երկրի հյուսիս-արևմուտքում: 2005 թ. մարտի 31-ին իշխանության եկավ Ռուանդայի ազատագրման ժողովրդական ուժեր ապստամբական խմբավորումը, որը դատապարտեց ցեղասպանությունն ու հայտարարեց զինված պայքարի ավարտը: Երկրի բնակչության 80 %-ը պատկանում է բանտու-բանյառուանդա լեզվաընտանիքին, որի մեջ մտնում են հուտու (բահուտու)՝ 88 %, թութսի՝ 11 %, գաճաճ (պիգմեյ)՝ 1 %, էթնիկ խմբերը: Բնակվում են նաև եվրոպացիներ և ասիացիներ: Խոշոր քաղաքներն են Կիգալին, Գիտատաման, Բուտարեն: Բնակիչների հիմնական զբաղմունքը երկրագործությունն է. մշակում են սրճենի, թեյ, սորգո, բատատ, եգիպտացորեն, քինաքինա, շաքարեղեգ, ծխախոտ, գետնանուշ: Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ: Գյուղական կացարանները շրջափակված են ցցապատով և տեղադրված են բլուրների լանջերին: Ժողովրդական արվեստներից տարածված են զամբյուղների ու խսիրների հյուսումը, մետաղե զարդերի և փայտե կահկարասիների պատրաստումը:
|