Անդրեյ Ռուբլյովը XV դարի մոնումենտալ գեղանկարչության մոսկովյան դպրոցի հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը համաշխարհային մշակույթի գագաթներից է:
Անդրեյ Ռուբլյովն ստացել է աշխարհիկ կրթություն, դաստիարակվել սրբանկարիչների տոհմիկ ընտանիքում: Հասուն տարիքում ձեռնադրվել է կուսակրոն վանական (ենթադրվում է՝ Տրոիցա-Սերգիևյան մայրավանքում կամ Սպասո-Անդրոնիկյան մենաստանում): Նրա ստեղծագործությունը ձևավորվել է Մոսկովյան Ռուսիայի գեղարվեստական ավանդույթների հիման վրա, ծանոթ էր նաև բյուզանդական և հարավսլավոնական արվեստին: Հարազատ մնալով միջնադարյան պատկերագրության ավանդույթներին՝ իր գործերում նորովի է մարմնավորել մարդու հոգևոր գեղեցկությունն ու բարոյական ուժը. լավագույններից են Զվենիգորոդի սրբապատկերները՝ «Փրկիչը», «Պողոս առաքյալը» (1410–20 թթ.) և այլն: XIV դարի վերջին – XV դարի սկզբին Ռուբլյովն ստեղծել է բանաստեղծական և փիլիսոփայական բովանդակությամբ իր գլուխգործոցը՝ «Երրորդություն» սրբապատկերը, որի հիմնական գաղափարն ինքնազոհաբերումն է՝ որպես ոգու բարձրագույն վիճակ: 1405 թ-ին նա Թեոֆանոս Հույնի և Պրոխոր Գորոդեցցու հետ նկարազարդել է Մոսկվայի Կրեմլի Ավետման (որմնանկարները չեն պահպանվել), իսկ 1408 թ-ին Դանիիլ Չյոռնիի և այլ վարպետների հետ՝ Վլադիմիր քաղաքի Վերափոխման (որմնանկարները պահպանվել են մասամբ) տաճարները, ստեղծել նրանց եռաշար մոնումենտալ պատկերակալի սրբապատկերները: Այդ գործերը վկայում են Ռուբլյովի հասուն վարպետության և անհատական ինքնատիպ ոճի մասին, որոնց շնորհիվ ձևավորվել է նրա գեղանկարչական դպրոցը: 1420 թ-ին Ռուբլյովը և Դանիիլ Չյոռնին ղեկավարել են Տրոիցկի տաճարի Տրոիցա-Սերգիևյան մենաստանի նկարազարդման աշխատանքները, 1425–27 թթ-ին այլ վարպետների հետ ստեղծել են Տրոիցա-Սերգիևյան մայրավանքի Երրորդության տաճարի որմնանկարները: Մի շարք գործերում («Պողոս առաքյալ», «Միքայել հրեշտակապետը», «Փրկիչ» և այլն) Ռուբլյովը կերտել է տպավորիչ կերպարներ, որոնք աչքի են ընկնում սեղմ ու սահուն ուրվագծերով: Ըստ որոշ աղբյուրների՝ Անդրոնիկյան մենաստանի Փրկչի տաճարի որմնանկարները նրա վերջին գործերից են: Նրան են վերագրվում նաև Զվենիգորոդ քաղաքի Ուսպենսկի տաճարի որմնանկարները (XIV դարի վերջ – XV դարի սկիզբ, պահպանվել են հատվածներ), Մոսկվայի Կրեմլի Ավետման տաճարի սրբապատկերների («Մկրտում», «Ղազարոսի հարությունը», «Մուտքը Երուսաղեմ», բոլորը՝ մոտ 1405 թ.) մի մասը, նաև որոշ մանրանկարներ, «Վլադիմիրյան Տիրամայրը» սրբապատկերը (մոտ 1409 թ., Ուսպենսկի տաճար, Վլադիմիր): Ռուբլյովի սրբապատկերներն ու որմնանկարներն առանձնանում են գեղարվեստական ձևերի կատարելությամբ, կերպարների վեհ ոգեշնչվածությամբ: 1947 թ-ին Անդրոնիկյան մենաստանում հիմնվել է արգելոց, որը 1985 թ-ին վերածվել է Անդրեյ Ռուբլյովի անվան հին ռուսական մշակույթի և արվեստի կենտրոնական թանգարանի: Ռուբլյովի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
|