Ռումինիան պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ հիմնականում Դանուբ գետի ստորին ավազանում: Արևելքում ողողվում է Սև ծովի ջրերով: Երկրում հավասարապես տարածված են միջին բարձրության լեռները, բլրային կամ սարավանդային բարձրությունները և դաշտավայրերը: Հիմնական լեռնահամակարգը Կարպատներն են, որը Ռումինիայի սահմաններում բաժանվում է Արևելյան Կարպատների, Հարավային Կարպատների (Մոլդովյանու լեռ, 2543 մ, երկրի ամենաբարձր կետը) և Արևմտառումինական լեռների: Կարպատների հարավային ստորոտներին է Ստորին- դանուբյան հարթավայրը: Երկրի ընդերքում կան նավթի և գազի հարուստ պաշարներ, բոքսիտների, բազմամետաղների, պղնձի, ոսկու, քարաղի հանքավայրեր: Գլխավոր գետը Դանուբն է, որն ավելի քան 1000 կմ երկարությամբ հոսում է Ռումինիայի տարածքով: Ուկրաինայի և Մոլդովայի սահմանով անցնում է նրա վտակ Պրուտը: Ռումինիայի տարածքի մոտ կեսը մշակովի հողեր են: Անտառներն զբաղեցնում են տարածքի ավելի քան 1/4-ը՝ առավելապես տարածված լեռնային շրջաններում ու գետերի ողողատներում: Առավել բարձր լեռնալանջերին մարգագետիններ են: Անտառներում տարածված են գայլը, աղվեսը, լուսանը, կզաքիսը, նապաստակը, սկյուռը, տափաստաններում՝ արջամուկը, դաշտամուկը, գետնասկյուռը, թռչուններից՝ արծիվը, ճուռակը, արոսը, կան մողեսներ և օձեր: Դանուբի ափերին բնադրում են մեծաթիվ ճահճային և ջրլող թռչուններ, իսկ ամռանը Հյուսիսային Աֆրիկայից այստեղ են չվում հավալուսններ և կարմրաթևիկներ: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով: Ռումինիայի տարածքում մարդը բնակվել է դեռևս հին քարի դարի ժամանակներում: Ռումինական առաջին պետական կազմավորումները ձևավորվել են XIV դարում, երբ երևան եկան 2 ավատատիրական իշխանություններ՝ Վալախիան և Մոլդովան, որոնք ղեկավարվում էին իշխանների՝ հոսպոդարների կողմից: XVI դարում, չնայած համառ դիմադրությանը, սկզբում՝ Վալախիայի, ապա Մոլդովայի իշխանությունները կախման մեջ ընկան Օսմանյան կայսրությունից: 1859–61 թթ-ին այդ իշխանությունները, որոնք դեռևս 1829 թ-ին Ռուսաստանի օգնությամբ հասել էին որոշակի ինքնավարության, միավորվեցին մեկ միասնական պետության մեջ, որը կոչվեց Ռումինական իշխանություն, սակայն շարունակում էր վասալական կախման մեջ մնալ Օսմանյան կայսրությունից: 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռումինիան ստացավ անկախություն, իսկ 1881 թ-ին հռչակվեց թագավորություն: 1940 թ-ին Ռումինիայում հաստատվեց ռազմական բռնապետություն, երկիրը միացավ ֆաշիստական պետությունների Բեռլինյան դաշինքին և 1941 թ-ին Գերմանիայի կողմից սկսեց պատերազմել Խորհրդային Միության դեմ: 1944 թ-ին Ռումինիա մտան խորհրդային զորքերը: Պատերազմից հետո Ռումինիայում հաստատվեցին սոցիալիստական կարգեր, և երկիրը, պահպանելով սոսկ ձևական անկախությունը, կախման մեջ ընկավ Խորհրդային Միությունից: 1990-ական թվականների սկզբին, ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռումինիան ձեռք բերեց լիակատար ինքնիշխանություն: Ռումինիան ունի զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Արդյունաբերության մեջ առաջատար են հանքարդյունահանումը, նավթավերամշակումը, սև ու գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը: Արտադրվում են տարատեսակ սարքավորումներ, հաստոցներ, ավտոբուսներ, բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ, երկաթուղային տրանսպորտի միջոցներ, նավեր, տրակտորներ, կահույք և այլն: Գյուղատնտեսության մեջ գերակշռում է բուսաբուծությունը. մշակում են եգիպտացորեն, ցորեն, տարեկան, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ և այլն: Զարգացած են նաև բանջարաբուծությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, մսատու անասնապահությունը, մեղվաբուծությունը, շերամապահությունը, ձկնորսությունը: Երկրի բնակչության մոտ 90 %-ը ռումիններ են, որոնց կազմավորմանը մասնակցել են Դակիա և Մեզիա նահանգներում բնակվող ռոմանացված ցեղերը՝ դակերը, գոթերը, ինչպես նաև չռոմանացված ազատ դակերը և սլավոնները: Ռումինացիներից բացի, երկրում ապրում են նաև հունգարներ, գերմանացիներ, գնչուներ, հրեաներ, ուկրաինացիներ, ռուսներ, հայեր և այլք: Խոշոր քաղաքներն են Բուխարեստը, Յասսին, Տիմիշոարան, Կլուժ Նապոկան, Գալացը: Ծովային գլխավոր նավահանգիստը Կոնստանցան է: Ռումինիան հին մշակույթի երկիր է: Հայտնի են ռումին գրող Միհայիլ Էմինեսկուն, հեքիաթագիր Յոն Կրյանգեն, դրամատուրգներ Յոն Կարաջալեն, Մարիա Բանուշը, նկարիչ Նիկոլայե Գրիգորեսկուն, քանդակագործ Դմիտրի Չիպարուսը, տիեզերագնաց Դումիտրու Պրինարիուն, քաղաքական գործիչներ Նիկոլայե Չաուշեսկուն, Յոն Իլիեսկուն, մարմնամարզուհի Նադյա Կամանեչին և այլք:
Հայերը Ռումինիայում Ռումինիայի հայկական համայնքը հնագույններից է Հարավարևելյան Եվրոպայում: Այդ են վկայում հայկական բազմաթիվ տեղանունները, երբեմնի հայաշատ քաղաքներում հայկական թաղամասերի ու փողոցների առկայությունը: Հայերի հոսքը Ռումինիա ուժեղացել է հատկապես Անիի, ապա՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո: Հայերը կառուցել են քարաշեն եկեղեցիներ, ունեցել իրենց հոգևոր թեմը: XIV դարի 2-րդ կեսին հայերի թիվը երկրում այնքան է աճել, որ Ալեքսանդր Բարեպաշտ հոսպոդարը հատուկ հրովարտակով Սուչավա մայրաքաղաքում նրանց համար հիմնել է եպիսկոպոսական թեմ: Նա Լվովից հրավիրել է հայ վաճառականների և բնակեցրել Սուչավա, Սիրետ, Չեռնովցի քաղաքներում՝ շնորհելով մի շարք արտոնություններ: 1418 թ-ին նույն հոսպոդարի հրավերով Լեհաստանից երկիր է գաղթել 3 հզ. հայ ընտանիք: Մեծ թվով հայեր Ռումինիա են եկել 1453 թ-ին՝ Կոստանդնուպոլսի, 1475 թ-ին՝ Ղրիմի թուրքական զավթումից հետո: Ապա հոսքը շարունակվել է 1894–96 թթ-ի համիդյան բռնությունների, 1909 թ-ի Ադանայի կոտորածի և 1915 թ-ի Մեծ եղեռնի հետևանքով: Վերջին խոշոր գաղթը դեպի Ռումինիա տեղի է ունեցել 1922 թ-ին, երբ քեմալական Թուրքիայի զորքերը սկսել են կոտորել Զմյուռնիայի քրիստոնյա բնակիչներին: Ռումինիայում հայերի թիվը հասել է մոտ 30 հզ-ի: Հայերը մասնակցել են ռումինական քաղաքների շենացմանը, առևտրի, արհեստների և մշակույթի զարգացմանը: Հայկական կենտրոններն ունեցել են առանձնաշնորհումներ, հիմնել են իրենց քաղաքապետարանները, դատարանները, առաջնորդվել հայկական օրենքներով՝ մասնավորապես Մխիթար Գոշի Դատաստանագրքով: Երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առևտուրը կենտրոնացած է եղել հիմնականում հայերի ձեռքին: Կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց ասպարեզ են եկել հայ մեծահարուստ վաճառական-արդյունաբերողներ: Դեռևս միջնադարում վանքերին և եկեղեցիներին կից գործել են հայկական դպրոցներ: Ռումինահայ համայնքն ստեղծել է գրչության կենտրոններ, տպարաններ, հրատարակել բազմաթիվ թերթեր ու ամսագրեր: 1948–55 թթ-ին Ռումինիայի հայոց թեմակալ առաջնորդն էր Վազգեն Պալճյանը (1955–94 թթ-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա): Ռումինահայերը ռումին ժողովրդի հետ նաև պայքարել են օտար նվաճողների դեմ: XVI դարում երկրում իշխանությունն անցել է Սերպեգա հայազգի գերդաստանին: Հոսպոդար Միհայ Վիտեազուլի (XVI-XVII դարեր) խորհրդական հայազգի Արմին Պետերը եղել է նշանավոր դիվանագետ, զորավար, պատմագիր, տիրապետել է օտար լեզուների: Ռումինական պետության հայտնի դիվանագետներից էր Մանուկ Բեյը: 1877–78 թթ-ին Թուրքիայի դեմ ազատագրական պայքարում գեներալի կոչման է արժանացել հայազգի ռազմական գործիչ Միհայիլ Չերքեզը: Նշանավոր դեմքեր են եղել լուսավորիչ Ասաքի Գեորգեն, գիտնականներ Վասիլե Կոնտան, Սպիրու Հարեթը, Պետրե Միսիրը, Աննա Ասլանը, գրողներ Յոն Բարբուն, Յոն Միսիրը, Ալեքսանդրու Շահիկյանը, նկարիչ Չիկ Տամատյանը, երգիչ Կարբիս Զոբյանը: Հայկական ծագում է վերագրվում բանաստեղծ Միհայիլ Էմինեսկուին: 1946–48 թթ-ին ռումինահայերի զգալի մասը ներգաղթել է Հայաստան, նրանց մի մասն արտագաղթել է նաև այլ երկրներ: Ներկայումս Ռումինիայում բնակվում է մոտ 2,5 հզ. հայ՝ կենտրոնացած Բուխարեստում և Կոնստանցայում: Հիմնականում մտավորականներ են, կան նաև ձեռնարկատերեր:
|