Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանության համար Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:
Ռուս-թուրքական պատերազմները մինչև XVIII դարի 1-ին կեսը Ռուսաստանի համար եղել են պաշտպանական և ուղղված էին Օսմանյան կայսրության նվաճումների ու նրա վասալ Ղրիմի խանության ասպատակությունների դեմ: XVIII դարի 2-րդ կեսից դրանք պայմանավորված էին Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների սրմամբ, Օսմանյան կայսրության հպատակ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարով, դեպի Բալկաններ ու Կովկաս Ռուսաստանի ազդեցության ուժեղացմամբ:
1676–81 թթ-ի պատերազմը
Սկսել է Օսմանյան կայսրությունը՝ Ուկրաինան զավթելու համար: Չհասնելով իր նպատակին՝ Թուրքիան 1681 թ-ի հունվարի 3-ին հարկադրված ստորագրել է Բախչիսարայի (Ղրիմի խանության մայրաքաղաքը) պայմանագիրը, որով ճանաչել է Ձախափնյա Ուկրաինայի և Կիևի վերամիավորումը Ռուսաստանին:
1686–1700 թթ-ի պատերազմը
Սկսվել է 1686 թ-ին՝ հակաթուրքական «Սրբազան լիգային» (1684 թ., Ավստրիա, Ռեչ Պոսպոլիտա, Վենետիկ) Ռուսաստանի միանալուց (1686 թ.) հետո: Ավարտվել է 1700 թ-ին Կոստանդնուպոլսում՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրով, որով Ազովն անցել է Ռուսաստանին: 1710–13 թթ-ի պատերազմը Հիմնական իրադարձությունը Պետրոս I-ի 1711 թ-ի Պրուտյան անհաջող արշավանքն էր. Ռուսաստանը կորցրել է Ազովը:
1735–39 թթ-ի պատերազմը
Տեղի է ունեցել ռուս-թուրքական հակասությունների սրման և Ղրիմի թաթարների ասպատակությունների հետևանքով: Հաշվի առնելով պատերազմի ընթացքը և Շվեդիայի հարձակման վտանգը՝ Ռուսաստանը կնքել է Բելգրադի հաշտության պայմանագիրը, որով Ազովը կրկին անցել է Ռուսաստանին: Այս պատերազմին մասնակցել է ռուսական բանակում ծառայող հայկական էսկադրոնը (հեծյալ ստորաբաժանում)՝ Պետրոս Զենենցի գլխավորությամբ:
1768–74 թթ-ի պատերազմը
Սկսել է սուլթանը, երբ Ռուսաստանը հրաժարվել է իր զորքերը դուրս բերել Լեհաստանից, որի նկատմամբ հավակնություններ ուներ Թուրքիան: 1770 թ-ի հունիսի 26-ին Չեսմենի (Էգեյան ծով) ծովամարտում ռուսական նավախումբը ջախջախել է օսմանյան նավատորմը և շրջափակել Դարդանելը: 1771 թ-ին ռուսական 2-րդ բանակը Ազովյան նավատորմի աջակցությամբ գրավել է Ղրիմը, իսկ գեներալ Պյոտր Ռումյանցևի 1-ին բանակը հունիսին և հոկտեմբերին ձախողել է Դանուբի ձախ ափն անցնելու թուրքական բանակի փորձերը: 1772 թ-ի նոյեմբերի 1-ին Ռուսաստանը պայմանագիր է կնքել Ղրիմի Սահիբ Գիրեյ խանի հետ, որով հռչակվել է Ղրիմի անկախությունը Թուրքիայից և անցումը Ռուսաստանի հովանավորության տակ: 1774 թ-ի հուլիսի 10-ին պատերազմն ավարտվել է Բուլղարիայի Քյուչուկ-Կայնարջի գյուղում կնքված պայմանագրով: Ռուսաստանն ստացել է Հարավային Ուկրաինայի տարածքը՝ մինչև Հարավային Բուգ, և ազատ ելք դեպի Սև ծով (Կինբուռն, Կերչ, Ենիկալե ամրոցները): Պատերազմի գլխավոր արդյունքներից էր 1783 թ-ին Ղրիմի խանության անցումը Ռուսական կասրությանը: Նույն թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքվել է Գեորգիևյան դաշնագիրը, որով Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնում Վրաստանը և պարտավորվում զորք տրամադրել նրան:
1787–91 թթ-ի պատերազմը
1787 թ-ի օգոստոսի սկզբին Թուրքիան, Անգլիայի, Պրուսիայի և Ֆրանսիայի հրահրմամբ, վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ Ղրիմը հետ վերադարձնելու, Վրաստանը որպես թուրքական վասալական տիրույթ ճանաչելու, սևծովյան նեղուցներով անցնող ռուսական առևտրական նավերը ստուգելու պահանջներով: Եկատերինա II-ի կառավարությունը մերժել է վերջնագիրը, և 1787 թ-ի օգոստոսի 13-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: 1790 թ-ի դեկտեմբերի 11-ին ռուսական զորքերը, Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ, գրավել են անմատչելի համարվող Իսմայիլ ամրոցը՝ Դանուբի գետաբերանում: 1791 թ-ի հունիսին ռուսական զորքերը, գեներալ Նիկոլայ Ռեպնինի հրամանատարությամբ, անցել են Դանուբը և պարտութան մատնել թուրքերին Բաբադաղի ու Մաչինի մոտ: Կովկասում ռուսական զորքերը գրավել են Անապան: Նավատորմը, դերծովակալ Ֆեոդոր Ուշակովի հրամանատարությամբ, Կալիկրիայի մոտ հուլիսի 31-ին ջախջախել է թուրքական նավատորմը: 1791 թ-ի դեկտեմբերի 29-ի Յասսիի հաշտության պայմանագրով Ռուսաստանին են անցել Հարավային Բուգի և Դնեստրի միջակա տարածքը, վավերացվել է Ղրիմի միացումը Ռուսաստանին:
1806–12 թթ-ի պատերազմը
Սանձազերծել է Թուրքիան` Ֆրանսիայի դրդմամբ` հույս ունենալով իր համար նպաստավոր պայմաններում [Ռուսաստանը պատերազմում էր Ֆրանսիայի (1805–07 թթ.) և Իրանի (1804–13 թթ.) դեմ] վերագրավել կորցրած տիրույթները: Դեկտեմբերի 18-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Պատերազմական գործողությունները տեղի են ունեցել Դանուբյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1807 թ-ի փետրվարին փոխծովակալ Դմիտրի Սենյավինի հրամանատարությամբ սկսվել են ռազմական գործողություններ: Հունիսի 19-ին Աֆոնի ծովամարտում թուրքական նավատորմը ջախջախվել է: Դանուբի վրա թուրքական զորքերը մի շարք պարտություններ են կրել և նահանջել: Կովկասյան ռազմաճակատում հիմնական ռազմական գործողությունները ծավալվել են Գյումրիի մոտ, որտեղ հունիսի 18-ին գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը 7-հզ-անոց զորաբանակով պարտության է մատնել Յուսուֆ փաշայի 20-հզ-անոց բանակին: 1811 թ-ի մարտին ռուսական բանակի գլխավոր հրամանատար է նշանակվել Միխայիլ Կուտուզովը, որի հմուտ ռազմավարության շնորհիվ թուրքերի գլխավոր ուժերը Դանուբի ձախ ափին ընկել են շրջապատման մեջ և անձնատուր եղել: 1812 թ-ի մայիսի 16-ին հայազգի դիվանագետ Մանուկ Բեյի պալատում կնքվել է Բուխարեստի հաշտության պայմանագիրը, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչել է Բեսարաբիայի անցումը Ռուսաստանին:
1828–29 թթ-ի պատերազմը
Ընթացել է Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1827 թ-ի հոկտեմբերի 8-ին Մահմուդ II սուլթանը չեղյալ է հայտարարել մինչ այդ կնքված ռուս-թուրքական պայմանագրերը և «սրբազան պատերազմի» կոչ արել Ռուսաստանի դեմ: 1828 թ-ի ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային: Կովկասյան ճակատում գեներալ Իվան Պասկևիչի 25-հզ-անոց բանակի (ընդդեմ 50-հզ-անոց թուրքական բանակի) խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր: Ռուսական զորքերը գրավել են նաև Սուխումն ու Փոթին: Հունիսի 14-ին Պասկևիչի կորպուսը, անցնելով Ախուրյանը, գրոհել է Կարսի բերդը և հունիսի 23-ին գրավել այն, այնուհետև՝ Ախալքալաքը, Բայազետը, Ալաշկերտը, Ախալցխան: Վերջինիս գրավման ժամանակ աչքի են ընկել գեներալներ Բարսեղ Բեհբութովը և Իվան Բուրցովը: Ռուսական զորքերը հետ են մղել թուրքերի հակահարձակումները և Սողանլուղի ճակատամարտում ջախջախել նրանց: 1829 թ-ի հունիսի 27-ին գրավել են Էրզրումը, հուլիս-օգոստոսին՝ Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին: Մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մատույցներում ռուսական զորքերի հայտնվելը հարկադրել է թուրքական կառավարությանը հաշտություն կնքել: 1829 թ-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափը (մինչև Բաթումից հյուսիս ընկած շրջանը), Ախալցխայի փաշայության մի մասը՝ Ախալցխա և Ախալքալաք քաղաքներով: Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորութունից՝ 1829–30 թթ-ին շուրջ 80 հզ. հայ Էրզրումից, Կարսից ու Բայազետից գաղթել է Այսրկովկաս: Էրզրումից գաղթածները հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, բայազետցիները՝ Սևանա լճի ավազանում: Հունաստանը հռչակվել է անկախ, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ինքնավարություն: Ռուսաստանը, սակայն, հակառակորդ եվրոպական տերությունների ճնշման տակ հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: 1828–29 թթ-ի պատերազմին մասնակցել են արևելահայերից հավաքագրված 2-հզ-անոց հետևակային և 800-հոգանոց հեծյալ զորաջոկատները: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա (հեծյալ և հետևակ): Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը:
1853–56 թթ-ի Ղրիմի կամ Արևելյան պատերազմը
Ռուսաստանը պատերազմել է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Սարդինիայի կոալիցիայի դեմ՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար: Գործողությունները ծավալվել են Դանուբյան և Կովկասյան ռազմաճակատներում: Պատերազմի առիթը Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ ռուսական վերջնագրի մերժումն էր Թուրքիայի կողմից: 1853 թ-ի մայիսին Ռուսաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտել են Մոլդովայի և Վալախիայի սահմանները, որոնք անվանապես սուլթանի գերիշխանութան տակ էին: Ի պատասխան՝ Թուրքիան (Անգլիայի ու Ֆրանսիայի դրդմամբ) հոկտեմբերի 4-ին պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Ռուսաստանի համար 1853–54 թթ-ի պատերազմի ընթացքը հաջող էր: Այսրկովկասում թուրքական բանակը, Մուստաֆա-Զարիֆ փաշայի գլխավորությամբ, 1854 թ-ին հարձակվել է գեներալ Բեհբութովի կորպուսի վրա: Հունիսի 4-ին գեներալ Իվան Անդրոնիկովի զորքերը Ճորոխ գետի մոտ պարտութան են մատնել թուրքական զորքերին, իսկ հուլիսի 17-ին ռուսական զորքերը Չընգլի լեռնանցքում ջախջախել են թուրքական զորքերին և գրավել Բայազետը: Հուլիսի 24-ին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում թուրքական բանակը ծանր պարտություն է կրել: 1854 թ-ի սեպտեմբերի 2-ին ափ ելնելով Եվպատորիայում՝ անգլո-ֆրանսիական բանակը հանդիպել է ռուսական զորքերի դիմադրությանը: Սակայն Ալմա գետի մոտ ռուսները պարտվել են և նահանջել Սևաստոպոլ, այնտեղից՝ Բախչիսարայ: 18 հզ. ռուս ծովայիններ և զինվորներ, փոխծովակալներ Վլադիմիր Կոռնիլովի և Պավել Նախիմովի գլխավորությամբ, կազմակերպել են Սևաստոպոլի պաշտպանությունը: 1855 թ-ի հունվարին Սարդինիան, մտնելով պատերազմի մեջ, Ղրիմ է ուղարկել 15-հզ-անոց կորպուս: Թշնամու տեխնիկական և թվական գերակշռությունը հանգեցրել է Սևաստոպոլի անկմանը (1855 թ-ի օգոստոս): Այսրկովկասում գեներալ Նիկոլայ Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ. զինվոր) 1855 թ-ի գարնանը հետ է մղել Բայազետի ու Արդահանի թուրքական զորամասերը Էրզրումի ուղղությամբ և պաշարել Կարսի 33-հզ-անոց թուրքական կայազորը (ստացել է Մուրավյով-Կարսկի պատվանունը): Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ են հանել Օմեր փաշայի թուրքական 45-հզ-անոց կորպուսը: Սակայն նոյեմբերի 16-ին Կարսի կայազորը հանձնվել է: 1855 թ-ի վերջին ռազմական գործողությունները դադարեցվել են: 1856 թ-ի մարտին Փարիզում ստորագրվել է հաշտության պայմանագիր, որով Ռուսաստանին արգելվել է ռազմական նավատորմ և ռազմական բազաներ ունենալ Սև ծովում, Ռուսաստանը Թուրքիային է զիջել Բեսարաբիայի հարավային մասը, պարտավորվել է ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և Սերբիայի վրա: Ռուսաստանը Թուրքիային է վերադարձրել Արևմտյան Հայաստանում գրաված բոլոր տարածքները: Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում հայերը ռազմական և նյութական մեծ օգնություն են ցույց տվել ռուսական զորամասերին: Բարսեղ Բեհբութովը Կովկասյան կորպուսի հրամանատարն էր, թուրքական նավատորմի և դեսանտային ուժերի դեմ պայքարում աչքի է ընկել ծովակալ Լազար Սերեբրյակովը (Ղազար Արծաթագործյան, 1795–1862 թթ.): 1853 թ-ին Վաղարշապատում Գևորգ Մալինցյանի և Ստեփան Սամսոնյանի ղեկավարությամբ կազմավորվել է 300-հոգանոց կամավորական ջոկատ: 1853–54 թթ-ին Շիրակի և Փամբակ-Շորագյալի գյուղացիները կազմել են դրուժինաներ, որոնք պաշտպանել են սահմանները, կռվել հակառակորդի դեմ: Հայ կամավորական ջոկատները 1853 թ-ին մասնակցել են Բաշկադկլարի ճակատամարտին: 1854 թ-ի մայիսին Ավետիս Տեր-Գրեկուրովի նախաձեռնությամբ Նախիջևանում կազմվել է 125-հոգանոց հեծյալ ջոկատ: 1854 թ-ի հունիսին, երբ թուրքական 200-հոգանոց հեծելազորը հարձակվել է Բայանդուր գյուղի վրա, Շիրակի հայ կամավորները, մինչև ռուսական զորքերի օգնության հասնելը, Ի. Թարխանյանի ղեկավարությամբ 10 ժամ մարտնչել են թշնամու գերակշռող ուժերի դեմ: Հայ-վրացական հետևակային և հեծյալ ջոկատներն աչքի են ընկել Ախալցխայի մերձակայքում մղված մարտերում: Կամավորներները քաջությամբ աչքի են ընկել Քյուրուկ-Դարայի ճակատամարտում: Գեներալ Ն. Մուրավյովը վկայել է Կարսի գրավման ժամանակ երիտասարդ գնդապետ Միքայել Լոռիս-Մելիքովի (1825–1888 թթ.) ջոկատի քաջագործությունների մասին: Իրենց սխրանքներով հայտնի են դարձել կամավոր Դանիել Հարությունովը՝ «քաջ Դանիլկինը», Սամսոն Տեր-Պողոսյանը (Րաֆֆու «Խենթը» վեպի գլխավոր հերոսի` Վարդանի նախատիպը) և ուրիշներ: Հայերի դերը պատերազմում բարձր են գնահատել նաև ականատես ռուս զորավարներ Միխայիլ Բոգդանովիչը, Միխայիլ Լիխուտինը, Ալեքսանդր Գեյրոտը և ուրիշներ: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ստեղծել է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված կտավներ («Սինոպի ծովամարտը», «Ծովամարտ», երկուսն էլ` 1853 թ.) և 1854 թ-ին պաշարված քաղաքում բացել ցուցահանդես:
1877–78 թթ. պատերազմը
Սկսվել է բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքի և Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների սրման պայմաններում: 1875–78 թթ-ին՝ Բոսնիայում և Հերցեգովինայում, 1876 թ-ին Բուլղարիայում թուրքական լծի դեմ ապստամբությունները Ռուսաստանում առաջ են բերել լայն շարժում՝ ի պաշտպանություն ցեղակից ժողովուրդների: Ցարական կառավարությունը, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը Բալկաններում, աջակցել է ապստամբներին: Մեծ Բրիտանիայի թելադրանքով Թուրքիան մերժել է Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալ, և Ռուսաստանը 1877 թ-ի ապրիլի 12-ին պատերազմ է հայտարարել Թուրքիային: Ռազմական գործողություններն սկսվել են և՜ Բալկաններում և՜ Կովկասում: Ռուսաստանի կողմից հանդես են եկել Ռումինիան, ապա՝ Սերբիան և Չեռնոգորիան: Հունիսի սկզբին ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացել են Դանուբի ձախ ափին` ավելի քան 200-հզ-անոց թուրքական բանակի դեմ: 75-հզ-անոց Կովկասյան բանակի հրամանատարն էր մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը (մարտական գործողությունները հիմնականում վարել է կովկասյան կորպուսի հրամանատար գեներալ Միքայել Լոռիս-Մելիքովը), 65–70-հզ-անոց թուրքական բանակինը՝ Ահմեդ Մուխտար փաշան: Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877 թ-ի հուլիսից մինչև 1878 թ-ի հունվար ազատագրել են Բուլղարիան, հունվարի 8-ին գրավել են Ադրիանապոլիսը և դուրս եկել Կոստանդնուպոլսի մատույցները: Կովկասյան ռազմաճակատում գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի երևանյան ջոկատը ապրիլի 17-ին գրավել է Բայազետը, մայիսի 5-ին՝ Արդահանը, նոյեմբերի 6-ին գեներալ Հովհաննես Լազարևի զորքերը նվաճել են Կարսը, ապա շարժվել դեպի Էրզրում: Ռուսների հաջողություններն անհանգստացրել են Անգլիային և Ավստրո-Հունգարիային: Անգլիական ռազմանավերի մուտքը Մարմարա ծով ստիպել է ռուսական կառավարությանը հրաժարվել Կոստանդնուպոլսը գրավելու մտքից: 1878 թ-ի փետրվարի 19-ին ստորագրվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որով Ռուսաստանին են անցել Բեսարաբիայի հարավային մասը, Կովկասում՝ Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը և Ալաշկերտը: Պայմանագրի 16-րդ հոդվածով` Թուրքիան պարտավորվել է բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում՝ մինչև ռուսական զորքերի այնտեղից դուրսբերումը: Սակայն Անգլիան և Ավստրո-Հունգարիան հասել են Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը Բեռլինի վեհաժողովում (1878 թ-ի հուլիս), որտեղ Ռուսաստանի համար տեղի են ունեցել ոչ շահավետ փոփոխություններ, որոնք ճակատագրական էին հատկապես հայ ժողովրդի համար: Պատերազմի հետևանքով թուրքական լծից ազատագրվել և անկախություն են ձեռք բերել Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան ու Չեռնոգորիան: Հազարավոր հայեր կամավոր մտել են Հայկական միլիցիայի մեջ, որը կռվում էր ռուսական զորքի կազմում: Ավելի քան 40 հզ. հայեր ընդգրկվել էին ռազմական գործողություններին մասնակցող զորամիավորումներում: Ռուսական բանակների կազմում մարտնչել են հայ 7 գեներալ և շուրջ 500 սպա: Գրաված շրջանների հայ բնակիչները բազմապիսի օգնություն են ցույց տվել ռուսական զորքերին: Սակայն ռուսական զորքերի գրաված հայկական տարածքները (բացի նորակազմ Կարսի մարզից) վերադարձվել ե
|