Четверг, 26.06.2025, 04:48Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Րաֆֆի
21:22
Րաֆֆի
Րաֆֆին հայ արձակի խոշորագույն դեմքերից է. նրա ստեղծագործությամբ  հայկական ռոմանտիզմը հասել է իր բարձրակետին, հայ գրականությունը մերձեցել համաշխարհային գրականության չափանիշներին:

Րաֆֆին (իսկական անուն-ազգանունը՝ Հակոբ Մելիք-Հակոբյան) նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական վարժարանում, 1847 թ-ին մեկնել է Թիֆլիս, սովորել է Կարապետ Բելախյանցի մասնավոր դպրոցում, իսկ 1852 թ-ին ընդունվել է ռուսական գիմնազիայի 4-րդ դասարան: 
1856 թ-ին վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի տնտեսական գործերը: 1860-ական թվականների վերջերին, սակայն, ստիպված լինելով հոգալ սնանկացած ընտանիքի նյութական խնդիրները, Րաֆֆին կրկին մեկնել է Թիֆլիս: Գրիգոր Արծրունու հրավերով 1872 թ-ից դարձել է «Մշակ» թերթի գլխավոր աշխատակիցը, որտեղ էլ տպագրել է իր գեղարվեստական գործերի մի մասը, հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները: 1875– 1877 թթ-ին դասավանդել է Թավրիզի Արամյան, 1877–79 թթ-ին՝ Ագուլիսի հայկական դպրոցներում, ապա վերադարձել է Թիֆլիս և մինչև կյանքի վերջն զբաղվել բացառապես գրական գործունեությամբ:
Րաֆֆին ճանապարհորդել է պարսկահայ և թուրքահայ գրեթե բոլոր գավառներում, գրի առել հարուստ տեղեկություններ Հայաստանի բնության, աշխարհագրական դիրքի, ժողովրդի բարքերի ու կենցաղի վերաբերյալ, որոնք հետագայում հսկայական նյութ են տվել նրա գրական մտահղացումներին:
1860–70-ական թվականներին գրած «Սալբի» (1866 թ.), «Խաչագողի հիշատակարանը» (1869–70 թթ.) վեպերում, «Հարեմ» (1874 թ.) վիպակում, «Գեղեցիկ Վարթիկը» (1872 թ.), «Անբախտ Հռիփսիմեն» (1872 թ.), «Մի օրավար հող» (1873 թ.) պատմվածքներում և այլ գործերում Րաֆֆին նկարագրել է պարսկահայության կյանքը, ազգային խտրականությունն ու սոցիալական անարդարությունները և հանգել այն մտքին, որ նմանատիպ հակասությունները կարելի է լուծել լուսավորության միջոցով, ինչպես նաև պայքարի, դիմադրության ու ազգային ինքնագիտակցության բարձրացման ճանապարհով:
«Զահրումար» (1871 թ.), «Ոսկի աքաղաղ» (1879 թ.), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890 թ.) և այլ վեպերում Րաֆֆին ցույց է տվել  իշխող խավի իրական դեմքը, որ «խավարի մեջ կեղեքում է յուր զոհերին և անհագ վամպիրի նման ծծում նրանց արյունը»:
1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներին նկատելի աշխուժացել է հայ ազգային-ազատագրական շարժումը: Շատերը լիահույս էին, որ ռուսների  հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից: Րաֆֆին, սակայն, չի տարվել ընդհանուր ոգևորությամբ: Նա համոզված էր, որ ամեն ազգ իր ազատությունը պետք է նվաճի սեփական ուժերով: Գրողը հայոց ազգային-ազատագրության իրական ուղին համարել է զինված ապստամբությունը: Այս գաղափարները մարմնավորվել են «Ջալալեդդին» (1878 թ.), «Խենթը» (1881 թ.), «Կայծեր» (2 հատոր, 1883–87 թթ.) վեպերում:
«Կայծերը» Րաֆֆու գաղափարական ու գեղարվեստական որոնումների ընդհանրացումն է: Այն վեպ-ժամանակագրություն է, հայոց ազգային մաքառման էպոսը: Վեպի հերոսները՝ Ասլանը, Կարոն, Սագոն, Ռաֆայելը, Ֆարհատը և մյուսները, յուրօրինակ գաղափարատիպեր են, որոնք «հայտնվելով իբրև փոքրիկ կայծեր հայկական մարած օջախից՝ աշխատում են փրկել ժողովուրդը ստրկության ծանր լծից»:
Րաֆֆու ստեղծագործության մեջ բացառիկ տեղ ունեն «Դավիթ Բեկ» (1882 թ.), «Պարույր Հայկազն» (1884 թ.), «Սամվել» (1886 թ.) պատմավեպերը և «Խամսայի մելիքություններ» (1882 թ.) պատմական ուսումնասիրությունը: Վիպասանի կարծիքով՝ պատմությունը կրկնվում է, և պատմական անցյալի ու ժամանակակից դեպքերն ունեն բացահայտ նմանություններ: Հետևաբար՝ պատմությունը ոչ միայն անցյալի հայելին է, այլև ներկայի խորհրդատուն: Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետն ազգային միասնության գաղափարն է:
«Դավիթ Բեկի» նյութը XVIII դարի սկզբի ազատագրական շարժումներն են Սյունիքում: «Պարույր Հայկազն» վեպում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին, հեղինակն աշխարհաքաղաքացիությունը (կոսմոպոլիտիզմ) հակադրում է հայրենասիրությանը, հաստատում, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից:
«Սամվելը» հայ դասական պատմավեպի խոշոր նվաճում է: Վեպի հիմքում ազգապահպանության գաղափարն է: Րաֆֆին ապրել է բախտորոշ մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը և Թուրքիան հայերի հանդեպ վարում էին  բացահայտ ազգաձուլման քաղաքականություն: Ճակատագրի չար հեգնանքով նման իրադրություն էր Հայաստանում նաև IV դարում, երբ հայերի հանդեպ նույն քաղաքականությունն էին վարում Պարսկաստանն ու Բյուզանդիան: Այս իրողություններն էլ դարձել են վեպի պատմական հենքը, որոնց գեղարվեստական վերլուծության միջոցով Րաֆֆին փորձել է ժամանակի քաղաքական ծանր կացությունից դուրս գալու ելք գտնել:
«Խամսայի մելիքությունները» XVII– XVIII դարերի Արցախ-Ղարաբաղի 5 մելիքությունների պատմությունն է, նրանց հերոսական մաքառումն անկախության համար:
Իր քննադատական հոդվածներում, գրախոսություններում, երկերի առաջաբաններում Րաֆֆին արձագանքել է գրական շարժման կարևոր երևույթներին, XIX դարի հայ գրականության զարգացման օրինաչափություններին, ժամանակակից ու պատմական վեպի տեսության հարցերին և այլ խնդիրների:
Երևանում և ՀՀ այլ վայրերում Րաֆֆու անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ: «Խաչագողի հիշատակարանը» վեպի հիման վրա նկարահանվել է համանուն կինոնկարը (2010 թ., «Երևան» ստուդիա):
Просмотров: 408 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: