Սալվադորը Կենտրոնական Ամերիկայի ամենափոքր պետությունն է: Գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին: Երկրի մեծ մասն զբաղեցնում է 600–700մ բարձրության հրաբխային սարավանդը: Կան բազմաթիվ հանգած և գործող (Սանտա Անա, 2381 մ, երկրի ամենաբարձր կետը, Սան Վիսենտե, Սան Միգել) հրաբուխներ: Հաճախակի են երկրաշարժերը (1986 թ-ի երկրաշարժից ավերվել է Սան Սալվադորի զգալի մասը): Կլիման մերձհասարակածային է՝ խիստ արտահայտված խոնավ և չոր սեզոններով: Գետերը կարճ են, տարվա չոր սեզոնում՝ սակավաջուր: Կան սոճու անտառներ, կենդանիներից՝ զրահակիրներ, կապիկներ, գետակինճ, սրընչակ, շատ են թռչունները, սողուններն ու միջատները: Մինչև եվրոպացիների հայտնվելը Սալվադորում բնակվել են հնդկացիներ, որոնք ստեղծել են ուրույն մշակույթ, զբաղվել երկրագործությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ: Տարածքն ու գլխավոր քաղաքը կոչվել են Կուսկատլան: XVI դարի 20-ական թվականներին իսպանացիները գրավել են այդ տարածքը և անվանել Սալվադոր (նշանակում է «ազատագրող»): 1560 թ-ին Սալվադորը մտել է Գվատեմալայի, ապա՝ Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմի մեջ: Անկախություն ձեռք է բերել 1841 թ-ին: Երկրի հիմնական բնակիչները սալվադորցիներն են՝ իսպանական գաղութարարների, հնդկացի բնիկների, որոշ չափով` նեգրերի խառնածիններ: Խոշոր քաղաքներն են Սան Սալվադորը, Սանտա Անան, Սան Միգելը, որոնք ունեն ինչպես բարեկարգ թաղամասեր, այնպես էլ հետնախորշեր: Գյուղերում գերակշռում են ծղոտե խրճիթները: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. գլխավոր մշակաբույսերն են սրճենին ու բամբակենին: Մշակում են նաև շաքարեղեգ, սորգո, ծխախոտ, կակաո: Զարգացած է արդյունաբերության վերամշակող ճյուղը: Կան սննդի, տեքստիլ, կաշվի, կոշիկի արդյունաբերության ձեռնարկություններ: Բնակիչների ավանդական զբաղմունքներից է ձկնորսությունը. որսում են հատկապես կարիտոս (ծովախեցգետին):
|