Սարդերը պատկանում են սարդակերպների դասի հոդվածոտանիների կարգին: Հայտնի է մոտ 27 հզ., ՀՀ-ում՝ 300–350 տեսակ: Առավել տարածված են խաչասարդը, տնային, թռչնակեր, արծաթափայլ և այլ սարդեր: Սարդերն ապրում են ամենուրեք՝ և՜ արևադարձային գոտիներում, և՜ տունդրայում, և՜ շոգ անապատներում ու բարձր լեռներում: Գիշերային գիշատիչներ են: Սնվում են հիմնականում միջատներով (նաև վնասատու) և դրանով օգուտ են տալիս մարդուն: Սարդերի մարմինը (երկարությունը՝ 0,7–11 սմ) կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով: Աչքերը (8) տեղադրված են գլխակրծքի առջևի մասում, ոստայնագեղձերի (մոտ 100) թմբիկները՝ փորիկի խոռոչում: Թմբիկներից յուրաքանչյուրը մի քանի անցք ունի, որոնցից արտազատված հեղուկն օդում պնդանում է ու թելի տեսք ստանում. սարդն այն կարող է օգտագործել տարբեր նպատակներով: Որոշ տեսակներ իրենց ձվերի համար «բարուրներ»՝ բոժոժներ են հյուսում, իսկ երբ փոքրիկ սարդերը դուրս են գալիս ձվից, սարդոստայնը դառնում է նրանց բույնը: Երբեմն սարդոստայնաթելը սանդուղքի դեր է կատարում, երբեմն էլ քամին սարդոստայնն ու նրա մեջ եղած սարդի ձագին քշում, տանում է մեկ այլ տեղ (սարդոստայնը դառնում է օդանավ): Լինում են նաև շատ ամուր սարդոստայնաթելեր: Հարավային Ամերիկայի բնակիչները ճյուղերից շրջանակ են պատրաստում, քողարկում տերևներով և գիշերը թողնում անտառում: Առավոտյան շրջանակին ամրացված է լինում այնքան հուսալի ցանց, որով հնարավոր է ձուկ որսալ: Այդպիսի ցանցեր հյուսում է 10 սմ երկարությամբ հսկա թավամազ սարդը: Երբեմն թվում է, թե սարդոստայնը լքված է: Իրականում սարդը թաքնվում է մոտակայքում և սպասում: Երբ ցանցն ավար է ընկնում, նա անմիջապես իմանում է. այդ մասին նրան հաղորդում են սարդոստայնաթելի «ազդանշանային» տատանումները, քանի որ սարդոստայնաթելը ձգվում է մինչև սարդի դարանը: Ընդունելով «ազդանշանը»՝ սարդն իսկույն նետվում է դեպի որսը, որը չի կարող ազատվել ցանցից, որովհետև դրա թելերը պատված են կպչուն նյութով: Սարդերի վերջավորությունների (6 զույգ) 1-ին զույգի (խելիցերներ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները: Տնային սարդի և խաչասարդի թույնը կարող է ճանճ սպանել: Մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր է մորմը (տարանտուլ): Վերջինիս խայթոցն առաջացնում է ընդհանուր թունավորում: ՀՀ-ում հայտնի հարավռուսական մորմը հանդիպում է Արարատյան դաշտում. ապրում է քարերի տակ, գետնափոր բներում: Հայտնի են նաև ուրիշ թունավոր սարդեր. օրինակ՝ չոր տափաստաններում և կիսաանապատներում տարածված կարակուրտի խայթոցը կարող է ձի սպանել: Սարդերին հատուկ են շրջապատին հարմարվելու` պաշտպանական գունավորման, ձևի նմանեցման (միմիկրիա) երևույթները: Հաճախ սխալմամբ սարդ են անվանում նաև կարիճներին, որոնք սարդերի ցեղակիցներն են և նույնպես պատկանում են սարդակերպների դասին: Հայտնի է կարիճների մոտ 51, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ սև կամ հաստապոչ, դեղին և խայտաբղետ: Առաջինը հանդիպում է Արարատյան դաշտում, մյուս երկուսը՝ ամենուրեք: Մարմինը (երկարությունը՝ 3–20 սմ) կազմված է գլխակրծքից և հատվածավոր փորիկից: Գլխակուրծքն ունի 2 խոշոր և 10 մանր աչքեր, 2 բռնաչանչ և 4 զույգ ոտքեր: Փորիկի առջևի մասում կան 4 զույգ թոքային պարկեր, որոնցից հետինը վերջանում է 12 թունագեղձով: Վերջիններս բացվում են կեռ խայթիչի մեջ: Կարիճի խայթոցը ցավոտ է և վտանգավոր, իսկ սև կարիճինը կարող է մահացու լինել նաև մարդու համար:
|