Վազգեն Սարգսյանը քաղաքական, պետական, ռազմական գործիչ է, գրող, Արցախյան ազատագրական պատերազմի առաջնորդներից և ՀՀ բանակի հիմնադիրներից:
Վազգեն Սարգսյանն ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը (1979 թ.): 1980–83 թթ-ին աշխատել է Արարատի միջնակարգ դպրոցում, 1983–87 թթ-ին եղել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպության քարտուղար, 1987–90 թթ-ին՝ «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժնի վարիչ: 1991 թ-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: 1992–93 թթ-ին ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդականն էր և սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչը, 1993 թ-ից՝ «Երկրապահ» կամավորականների միության հիմնադիր-նախագահը,1993–95 թթ-ին՝ ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարար, 1995–99 թթ-ին՝ վերստին ՀՀ պաշտպանության նախարար: 1999 թ-ին ՀՀ խորհրդարանական ընտրություններում դաշինքի հաղթանակից հետո` հունիսի 11-ին, նշանակվել է ՀՀ վարչապետ: Որպես ռազմական և պետական գործիչ՝ ձևավորվել է Ղարաբաղյան շարժման ընթացքում: 1989 թ-ի վերջին և 1990 թ-ի սկզբին Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավորական ջոկատները և մասնակցել Երասխի ինքնապաշտպանությանը: 1990–94 թթ-ին կազմակերպել և ղեկավարել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերը: 1992 թ-ի օգոստոսի 15-ին, արցախյան գոյապայքարի ծանր օրերին, հեռուստակոչով կազմավորել է «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակը (շուրջ 500 հոգի), որի ջոկատները կռվել են Մարտակերտի և այլ շրջանների ազատագրական մարտերում: 1999 թ-ին ընտրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ապա՝ նույն կուսակցության և Հայաստանի ժողովրդական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահ (Կարեն Դեմիրճյանի հետ): Զոհվել է ՀՀ ԱԺ դահլիճում հոկտեմբերի 27-ին կատարվաոճրագործության ժամանակ:Սարգսյանը Հայաստանի գրողների միության անդամ էր (1985 թ.): Լույս են տեսել նրա «Հացի փորձություն» (1987 թ.) և «Ոգու փորձություն» (2000 թ.) ժողովածուները: «Հացի փորձություն» վիպակում արժևորել է անհատի դերը, նրա պատասխանատվությունը հայրենիքի ճակատագրի նկատմամբ: Հրապարակախոսական հոդվածներում կարևորել է պետական անկախության, պետականաշինության, երկրի պաշտպանունակության բարձրացման և հզորացման խնդիրները: Ժողովուրդը նրան տվել է Սպարապետ պատվանունը: Սարգսյանն արժանացել է Արցախի հերոս (1998 թ.), Հայաստանի Ազգային հերոս (1999 թ., հետմահու) բարձրագույն կոչումներին, պարգևատրվել ԼՂՀ «Ոսկե արծիվ» (1998 թ.) և ՀՀ «Հայրենիք» (1999 թ.) շքանշաններով: Սարգսյանի անունով կոչվել են ՊՆ ռազմական ինստիտուտը, Երևանի հանրապետական մարզադաշտը, մարզամշակութային կենտրոններ, փողոցներ, զորամասեր, դպրոցներ՝ Երևանում, ԼՂՀ-ում և այլուր: Կանգնեցվել են նրա հուշարձանները Երևանում, Շուշիում, Արարատում: 2003 թ-ից Արարատում գործում է Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը:
|