Սարի չամիչը (էֆեդրա, լեռնաչամիչ) սարիչամիչազգիների ընտանիքի մշտադալար ծառ կամ թուփ է: Հայտնի է մոտ 70, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ սովորական (հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին լեռնային գոտում) և բարձր (Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերի ստորին ու միջին լեռնային գոտիներում): Աճում է չոր, քարքարոտ և ժայռոտ լանջերին: Խիտ ճյուղավորվող թուփ է (բարձրությունը՝ 20–100 սմ): Ճյուղերը դեղնականաչավուն են, անփայլ, հատվածավոր, երիտասարդ ընձյուղները՝ կանաչ (իրականացնում են լուսասինթեզը): Տերևները մանր են, հակադիր, թեփուկանման: Ծաղկում է ապրիլ–հունիսին: Դեղաբույս է. պարունակում է էֆեդրին (ալկալոիդ), C վիտամին, աղաղանյութեր: Էֆեդրինն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև շնչարգելության, թոքաբորբի, գրիպի, տիֆի, էկզեմայի ժամանակ: Ցրտադիմացկուն է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ:
|