Դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թադևոս Սարյանը հայ բեմի նշանավոր կատակերգակ դերասաններից է: Նրա արվեստն առանձնանում է կերպարի ինքնատիպ մեկնաբանությամբ և նուրբ տեխնիկայով:
Թադևոս Սարյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան) վաղ տարիքից մասնակցել է աշակերտական ներկայացումների, փոքր դերեր է խաղացել Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի, Հովհաննես Զարիֆյանի հյուրախաղային ներկայացումներում: 1921 թ-ին Երևանում ավարտել է Վարդան Միրզոյանի թատերական ստուդիան, 1921–23 թթ-ին Ալեքսանդրապոլում եղել է Քաղլուսվարի թատրոնի դերասան, 1923– 1925 և 1926–28 թթ-ին սովորել է Մոսկվայում՝ Ռուբեն Սիմոնովի ղեկավարած հայկական դրամատիկական ստուդիաներում, 1923–28 թթ-ին կատարելագործվել է Վսեվոլոդ Մեյերհոլդի պետական փորձարարական արվեստանոցում: 1928 թ-ին նշանակվել է Լենինականի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր: Սարյանն այդ թատրոնի հիմնադիրներից է, որտեղ ստեղծել է նաև ստուդիա. դասավանդել է դերասանի վարպետություն ու թատրոնի պատմություն: Սարյանը 1930–32 թթ-ին Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) դերասան և ռեժիսոր էր,1938–42 թթ-ին՝ ռեժիսոր, 1955 թ-ից՝ դերասան, 1932–37 թթ-ին՝ Բաքվի հայկական, 1942–54 թթ-ին՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնների գլխավոր ռեժիսոր: 1946–48 թթ-ին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում: Սարյանը Լենինականի դրամատիկական թատրոնում և Երևանի Առաջին պետթատրոնում խաղացել է Աբիսողոմ աղայի, Պաղտասար աղբարի, Թափառնիկոսի (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան») դերերը, որոնցով հանդես է եկել նաև Մոսկվայի հայկական ստուդիաներում: Սակայն համընդհանուր ճանաչման է արժանացել Մինթոևի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին») դերակատարմամբ՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում, որի հիմնադիրներից էր: Հաջորդ նշանակալի հաջողությունը Բալաբեկի (Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ» և «Փորձադաշտ») անձնավորումներն էին Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Սարյանի մեկնաբանմամբ՝ եթե առաջին («Աղբյուրի մոտ») Բալաբեկը քծնում է երկյուղով, ապա երկրորդը («Փորձադաշտ») և՜ քծնում է, և՜ սպառնում. այդ տարբերությունը դերասանը ներկայացնում էր իրական և ճշմարտացի խաղով: Բալաբեկի դերակատարումները հայ դերասանական արվեստում նոր խոսք ու որակ էին: Սարյանի հետաքրքիր անձնավորումներից են նաև Նազարը (Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»), Սուրմաչը (Արկադի Մովզոնի «Մի խուլ նրբանցքում»), Գարեգինը (Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Գարնան անձրև»), Արշակ Բեգլարիչը (Մելիք Քոչարյանի «Հին հիվանդություն») և այլ դերեր, որտեղ դրսևորվել է դերասանի անսպառ հումորը: Սարյանը բեմադրել է Ալեքսանդր Աֆինոգենովի «Ահը», Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Տիգրան Չուխաճյանի «Կարինե», Մկրտիչ Ջանանի «Շահնամե» և այլ պիեսներ: Նկարահանվել է կինոյում («Լեռնային հեղեղ», 1940 թ., «Փեսատես», 1954 թ., «Ամպրոպի արահետով», 1956 թ., «Տերն ու ծառան», 1962 թ., և այլն):
|