Սենյակային բույսերը բնակարաններում և հասարակական վայրերում գեղագիտական նպատակով աճեցվող բույսերն են, մեծ մասամբ արևադարձային ու մերձարևադարձային ծագում ունեն, հարմարվել են լույսի պակասության, օդի ցածր հարաբերական խոնավության, սենյակային ջերմաստիճանի պայմաններին: Սենյակային բույսերը հիմնականում պատկանում են բեգոնազգիների, գնարբուկազգիների, շուշանազգիների, ապուզանազգիների, արմավազգիների ընտանիքներին: Կան գեղեցիկ ծաղիկներով (արագլախոտ, արջտակ, լեզվաբույս, չինական վարդ, հասմիկ, գնարբուկ, մանուշակ, դրախտավարդ և այլն), բազմերանգ և տարբեր ձևերի տերևներով (դիֆենբախիա, փեղուկ, աճատերև, պատենենի, կուսածաղիկ, հարաբույս, վիշապածառ, ծոփոր, մրտենի, պատկառուկ, բաղեղներ և այլն) սենյակային բույսեր: Դրանց մեջ կան նաև եթերայուղատու բույսեր և դեղաբույսեր (նարինջ, կիտրոն, դառը թուրինջենի, մանդարին, բերգամոտ, դափնի, ծնեբեկ, խորդենի, հալվե և այլն): Հասարակական և ծառայողական նշանակության սենյակներում աճեցնում են համեմատաբար քիչ պահանջկոտ, կոշտ, կաշեկերպ տերևներով (ռոդոդենդրոն, աֆրիկական կանեփ, դիֆենբախիա, վիշապածառ, ֆիկուս, պղպեղուկ և այլն) բույսեր: Տարածված են նաև տարբեր կռզիներ, պտերներ, սոխուկավոր բույսեր, տրադեսկանցիա և սաղարթավոր ու ասեղնատերև ծառատեսակներ: Որոշ սենյակային բույսեր (դափնեվարդ, մրտավարդ, գնարբուկ, շուշան, արջընկույզ և այլն) ցանկալի չէ աճեցնել բնակարաններում՝ հատկապես ննջասենյակներում (թունավոր են):
|