Четверг, 26.06.2025, 05:10Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սեզան Պոլ
14:50
Սեզան Պոլ
Ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանը ուշ իմպրեսիոնիզմի 
խոշոր ներկայացուցիչներից է: 

Պոլ Սեզանը 1858–60 թթ-ին հաճախել է Էքսի նկարչական դպրոցը, 1861– 1865 թթ-ին՝ Փարիզի Սյուիս ակադեմիան: Փարիզում 1874 թ-ին մասնակցել է իմպրեսիոնիստների առաջին ցուցահանդեսին: 1872–73 թթ-ին աշխատել է Կամիլ Պիսսարոյի հետ. վերջինս օգնել է Սեզանին՝ ձևավորելու սեփական նկարչական համակարգը: Սակայն հիասթափվելով իր նկարների հանդեպ հասարակության սառը վերաբերմունքից՝ Սեզանը վերադարձել է Էքս:
Նկարչի վաղ շրջանի գործերում նկատելի են Պաոլո Վերոնեզեի, Յակոպո Տինտորետոյի, Էժեն Դելակրուայի և Օնորե Դոմիեի ազդեցությունները («Գինարբուք», 1864–68 թթ., «Սպանություն», 1867–70 թթ., և այլն), որոնց նկարները պատճենահանել է Լուվրում աշխատելու ժամանակ:
Սեզանի իմպրեսիոնիստական շրջանի (1872–79 թթ.) ստեղծագործություններին բնորոշ են բնության առարկայական հագեցվածությունն ու շոշափելիությունը. այդ փուլում ստեղծել է հիմնականում բնանկարներ («Կախվածի տունը Օվերում», 1872–73 թթ., «Ճանապարհ Պոնտուազում», մոտ 1876 թ., և այլն): Սեզանը 1879–88 թթ-ին հասել է իր վարպետության գագաթնակետին. գործերն առանձնացել են զանգվածեղ ձևերի և զուսպ հորինվածքի ներդաշնակ համադրությամբ («Մրգեր», 1879–82 թթ., և այլն): Անընդհատ մշակելով նույն թեման՝ Սեզանը ձգտել է բացահայտել բնության վեհությունն ու կատարելությունը. պատկերի որևէ կարևոր հատկանիշ ընդգծելու համար նա մտածված այն ձևափոխել է մուգ գուներանգների միջոցով և ստեղծել երկրաչափական ու ընդհանրացված անկայուն հորինվածքներ (այդ եղանակը հետագայում կոչվել է սեզանիզմ): Նկարիչը փորձել է աշխարհն ստեղծել իր կայուն, ոչ անցողիկ գծերով. նա չի կարևորել շրջակա միջավայրի շարժումն ու մթնոլորտի գույների փոփոխականությունը: 
Դիմանկարները («Լ. Գիյոմի դիմանկարը», 1879–82 թթ., «Ծխողը», 1890–96 թթ., «Երկնագույն հագած տիկինը», մոտ 1899 թ., և այլն), ֆիգուրատիվ հորինվածքները («Պիեռոն և Առլեկինը», 1888 թ.) աչքի են ընկնում մոնումենտալությամբ, նատյուրմորտներում («Դեղձեր և տանձեր», 1880-ական թվականների վերջ, «Նարինջներով և խնձորներով նատյուրմորտ», 1895–1900 թթ.) շեշտել է առարկայական աշխարհի պլաստիկությունը: Օգտագործելով հիմնականում կանաչի, երկնագույնի ու դեղինի զուգորդումները՝ նկարիչը ներդաշնակել է գծանկարի ցայտունությունն ու հորինվածքի հստակությունը և հասել բնապատկերի էպիկական հնչողության («Երկնագույն բնանկար», 1900-ական թվականներ, «Սենտ Վիկտուար լեռը», 1900 թ., «Սենտ Վիկտուար լեռը աղջամուղջին», 1905 թ., և այլն):
Սեզանի լավագույն գործերից են նաև «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը», «Առևանգումը» (երկուսն էլ՝ 1867–69 թթ.), «Գյուստավ Ժեֆֆրուայի դիմանկարը» (1895 թ.) և այլն: 1895 թ-ից սկսել է «Լողացողները» նկարաշարը. բազմաֆիգուր հորինվածքներում համադրել է կերպարների պլաստիկությունն ու մոնումենտալությունը: 
Նկարիչն ուշ շրջանի գործերում, միտումնավոր պարզեցնելով իրական ծավալները (հասցրել է երկրաչափական պարզագույն ձևերի) և դրանց տարածական հարաբերությունները, ոչ միայն ընդգծել է աշխարհի կառուցվածքային ներդաշնակությունը, այլև ձգտել է զգալի վերացականության: 
Սեզանի գործերից պահվում են Նյու Յորքի Վիլդենշտեյն պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ, Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի, Փարիզի Օրսե և այլ թանգարաններում:
Просмотров: 336 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: