Սիեռա Լեոնեն պետություն է Արևմտյան Աֆրիկայում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկիրը Սիեռա Լեոնե (Առյուծի լեռներ) անվանել են պորտուգալացիները 1462 թ-ին: Տարածքի մեծ մասն զբաղեցնում է Լեոնա-Լիբերական բարձրությունը: Կլիման հասարակածային է: Գետերը (Կաբա, Ռոկելե, Ջոնգ, Սևա, Մոա) ջրառատ են, բայց սահանքավոր և նավարկելի են միայն ստորին հոսանքներում: Տարածված են սավաննաները: Կենդանական աշխարհը բազմազան է (կապիկներ, այծքաղներ, ընձառյուծներ և այլն), շատ են թռչուններն ու միջատները (այդ թվում՝ ցեցե ճանճը): XV դարում Պորտուգալիան նվաճել է Սիեռա Լեոնեն, 1808 թ-ից երկրի ծովափնյա հատվածը գաղութացրել է Մեծ Բրիտանիան, իսկ ներքին շրջանները 1896 թ-ին դարձել են Բրիտանիայի պրոտեկտորատ: 1961թ-ին հռչակվել է անկախ պետություն: Բնակչությունը կազմված է հիմնականում տեմնե, բուլլոմ, ֆուլբե, մենդե ժողովուրդներից: Խոշոր քաղաքներն են Ֆրիթաունը, Կենեման, Մակենին: Երկիրն ունի համեմատաբար զարգացած հանքարդյունաբերություն: Արդյունահանում են ալմաստ, բոքսիտներ, ռուտիլ: Կան նավթավերամշակման, փայտամշակման, սննդի արդյունաբերական ձեռնարկություններ: Գյուղատնտեսության ճյուղերից առավել զարգացած է երկրագործությունը: Մշակում են բրինձ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, գետնանուշ, սրճենի, կակաո:Անասնապահությանը մեծ վնաս է պատճառում ցեցե ճանճը: Ափամերձ գոտում զբաղվում են ձկնորսությամբ: Բնակվում են հիմնականում շրջանաձև, ծղոտե կոնաձև ծածկով, կավե կամ հյուսածո, վառ նախշազարդված խրճիթներում: Ժողովրդական արհեստներից տարածված են փայտե դիմակների փորագրությունը, մարդկանց ու կենդանիների պատկերներով զարդարված փղոսկրե կահկարասու, սևափայլ նախշերով կենցաղային խեցեղենի պատրաստումը:
|