Սիրամարգը հավազգիների կարգի փասիանների ընտանիքի թռչուն է: Լինում է 2 տեսակ՝ սովորական և կապտաթև: Սովորական սիրամարգի արուի մարմնի երկարությունը 100– 125 սմ է, պոչինը՝ 40–45 սմ, կենդանի զանգվածը՝ 4–4,25 կգ: Բույն շինելու ժամանակ նա վառ, հարսանեկան զգեստ է «հագնում»: Կտղուցի ժամանակ նա հովհարաձև բացում է իր՝ մինչև 130 սմ երկարության վերնապոչը (սխալմամբ անվանում են պոչ), որի երփներանգ «աչիկներով» զարդարված փետուրները շլացուցիչ են. գլուխը, պարանոցը և կրծքի մի մասը կապույտ են, մեջքը՝ կանաչ, մարմնի ստորին մասը՝ սև, գլխին` ոսկեգույն «թագ»: Դրա համար էլ արու սիրամարգին անվանում են կենդանություն առած ծիածան: Այդ երփներանգությունն ստեղծում են ոչ թե փետուրների գույները, այլ նրանց վրայի շատ նուրբ մազիկները, որոնք ծածկված են էլ ավելի մանր մազիկներով: Էգ սիրամարգերը փոքր են, պարզ գունավորված վերնապոչի երկարացած փետուրներ չունեն: Սիրամարգը քայլում է հպարտ, սիգաճեմ` կարծես հայելու առջև կոտրատվելով: Բնադրում է գետնին, էգը դնում է 5–6 ձու և խնամքով պահպանում դրանք. բնից գրեթե չի հեռանում: Սիրամարգերը սնվում են հիմնականում բուսական կերով, նաև միջատներով, փափկամարմիններով, մողեսներով: Սիրամարգի շքեղ փետրազգեստը շատ վաղուց հրապուրել է մարդկանց: Հնդկաստանում սովորական սիրամարգին պահում են իբրև կիսաընտանի գեղազարդիչ թռչուն: Եվրոպա (Հունաստան) է բերվել հավանաբար V դարում: Կենդանաբանական այգում մեր տեսածը սովորական սիրամարգն է: Կապտաթեվ սիրամարգի գունավորումն ավելի վառ է: Էգերը քիչ են տարբերվում արուներից: Հանդիպում են Հնդկաչինում, Մալակկայում, Սումատրայում: 1936 թ-ին հայտնաբերվել են նաև աֆրիկյան սիրամարգեր, որոնք ապրում են Կոնգո գետի ավազանի անտառներում: Վայրի սիրամարգերը բնակվում են թփուտներում, անտառների բացատներում, գետափերին:
|