Շոտլանդացի գրող և պատմաբան Վալտեր Սկոտը սկզբնավորել է պատմավեպի ժանրը համաշխարհային գրականության մեջ:
Վալտեր Սկոտը 1792 թ-ին ավարտել է Էդինբուրգի համալսարանը, ստացել փաստաբանի կոչում: 1799 թ-ից Սելկերկ կոմսության շերիֆն էր (դատական և վարչական պաշտոնյա), 1806 թ-ից՝ դատարանի քարտուղարը: Սկոտի առաջին ինքնատիպ գործը «Սուրբ Հովհաննու իրիկունը» (1800 թ.) ռոմանտիկական բալլադն է: 1800 թ-ից հավաքել է շոտլանդական ժողովրդական բալլադները և հրատարակել «Շոտլանդական սահմանի երգերը» (3 հատոր, 1802–03 թթ.) ժողովածուն, որով նա հայտնի է դարձել: 1805–17 թթ-ին գրած քնարաէպիկական պոեմները («Վերջին մենեստրելի երգը», 1805 թ., «Մարմիոն», 1808 թ., «Լճի լեդին», 1810 թ., «Ռոուքբի», 1813 թ.) նորություն էին և՜ անգլիական, և՜ շոտլանդական գրականության մեջ ու մեծ համբավ են բերել հեղինակին: Սկոտը համաշխարհային ճանաչման է արժանացել իր պատմավեպերով: Ստեղծելով պատմավեպի ժանրը՝ մշակել է նրա կանոններն ու լավագույնս կիրառել իր պատմավեպերում: Առաջին՝ «Ուևերլի» (1814 թ.) պատմավեպը հրատարակվել է անստորագիր (հետագա վեպերը, մինչև 1827 թ., լույս են տեսել որպես «Ուևերլիի» հեղինակի երկեր): Վեպի հիմքում 1745 թ-ի շոտլանդական իրադարձություններն են՝ Ստյուարտների ավատատիրական արքայատոհմի կողմնակիցների՝ յակոբինյանների պայքարը բուրժուական Անգլիայի դեմ: Շոտլանդիայի պատմության թեմաներով են գրված նաև «Պուրիտաններ» (1816 թ.) և «Ռոբ Ռոյ» (1818 թ.) պատմավեպերը: «Պուրիտաններում» գրողը պատկերել է 1679 թ-ի ապստամբությունը Ստյուարտների արքայատոհմի դեմ, «Ռոբ Ռոյ» պատմավեպի հերոսը ժողովրդական վրիժառուն է՝ «շոտլանդական Ռոբին Հուդը»: Նրա պատմավեպերի հիմքում սոցիալ-պատմական խոշոր բախումներին առնչվող իրադարձություններն են: 1810-ական թվականներին գրած որոշ ոչ պատմական թեմաներով վեպերում [«Գայ Մաններինգ» (3 հատոր, 1815 թ.), «Հնավաճառատուն» (3 հատոր, 1816 թ.), «Էդինբուրգյան բանտ» (1818 թ.), «Լամմերմուրի հարսնացուն» (1819 թ.)] թեպետ կան ռոմանտիկական տարրեր, բայց գերիշխում է ռեալիստական մեթոդը: 1819 թ-ից գրողի աշխարհայացքն էական փոփոխություններ է կրել. նա այլևս նախկին սրությամբ չի դիտարկել ժողովրդական պայքարի հարցերը: Սակայն նկատելիորեն ընդլայնել է պատմավեպերի թեմատիկան. նրան հետաքրքրել է XII դարի Անգլիայի, Լյուդովիկոս XI-ի իշխանության ժամանակաշրջանի Ֆրանսիայի, խաչակիրների արշավանքների պատմությունը («Այվենհո», 1820 թ., «Քենիլվորդ», 1821 թ., «Քվենտին Դորվարդ», 1823 թ., «Թալիսման», 1825 թ., «Վուդսթոք», 1826 թ., «Պերտի գեղեցկուհին», 1828 թ., «Կոմս Ռոբերտ Փարիզեցին», 1832 թ.): Վեպերում, պահպանելով ռեալիստական ուղղությունը, երբեմն տուրք է տվել ռոմանտիզմին, նրան հաջողվել է ստեղծել պատմական ժամանակաշրջանի մթնոլորտն ու կոլորիտը: Սկոտի հերոսները, լինելով պատմական իրադարձությունների շրջապտույտում, դարձել են կյանքի օրինաչափությունների ընդհանուր շղթայի օղակներից: Սկոտի ստեղծագործության մեջ առանձնանում է «Սուրբ Ռոնանի ջրերը» (1824 թ.) վեպը, որի գործողությունները ծավալվում են ժամանակի «հեղինակավոր» առողջարաններից մեկում. գրողը քննադատել է բարձրաշխարհիկ ազնվականության նյութապաշտությունը, ներկայացրել նրանց երգիծական պատկերը: 1820-ական թվականներին Սկոտը գրել է կենցաղային թեմաներով վեպեր («Ծովահեն», 1822 թ., «Նայջելի արկածները», 1822 թ.), նովելներ, պատմվածքներ, վիպակներ շոտլանդացիների իրավազրկության մասին («Լեռնականի այրին», 1827 թ., «Երկու անասնավաճառ», 1827 թ.), պատմագրական երկեր («Լորդ Բայրոնի մահը», 1824 թ., «Նապոլեոն Բոնապարտի կյանքը», 1827 թ., «Շոտլանդիայի պատմությունը», 1829–30 թթ.): «Վիպագիրների կենսագրությունը» (1821–24 թթ.) գրականագիտական աշխատության մեջ անդրադարձել է XVIII դարի անգլիացի գրողներին, հատկապես Հենրի Ֆիլդինգին՝ նրան անվանելով «անգլիական վեպի հայր»: Սկոտն առաջինն է անգլիական գրականության մեջ արտացոլել ազգային բնավորության առանձնահատկությունները: Նրա մի շարք ստեղծագործություններ համաշխարհային գրականության լավագույն էջերից են: Սկոտը մեծ ազդեցություն է թողել եվրոպական և ամերիկյան գրականությունների վրա: Սկոտի ստեղծագործություններից հայերեն թարգմանել են Մատթեոս Մամուրյանը, Հովսեփ Միրզայանը և ուրիշներ:
|