Սմբուկը (բադրիջան) մորմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույս է: Վայրի սմբուկն աճում է Հարավարևելյան Ասիայում (Հնդկաստան, Մյանմա): Մշակվում է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայում: ՀՀ-ում սմբուկի մշակությունը լայնորեն տարածված է: Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, թավոտ, բարձրությունը՝ 70–180 սմ: Տերևները խոշոր են, պարզ, հերթադիր, կոթունավոր, թավոտ, ձվաձևից մինչև լայն նշտարաձև: Ծաղիկները մանուշակագույն են՝ մեկական կամ ողկույզներով: Պտուղը կլորավուն, տանձաձև, գլանաձև, մանգաղաձև, բացից մինչև մուգ մանուշակագույն հատապտուղ է (զանգվածը՝ 40–100 գ): Սննդի մեջ պտուղներն օգտագործվում են տեխնիկական հասունացման փուլում: Պտուղը պարունակում է չոր նյութեր, շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի և այլ աղեր: Սմբուկը ջերմա- և խոնավասեր է, սննդանյութերի նկատմամբ՝ պահանջկոտ: Մերձարևադարձային և բարեխառն գոտիներում մշակում են սածիլներով՝ որպես միամյա բույս: Սերմերը ջերմատներում և ջերմոցներում ցանում են դաշտ տեղափոխելուց 45–60 օր առաջ:
|