Սնամեջ եղջերավորները խոշոր խոտակեր կենդանիներ են, որոնց գլխավոր առանձնահատկությունը եղջյուրի առկայությունն է: Սնամեջ եղջերավոր են կովերը, գոմեշները, բիզոնները, զուբրերը, այծքաղները, ոչխարները, ընձուղտները և եղջերուները: Ընտանիքն ընդգրկում է 140 տեսակ, որոնց զանգվածը տատանվում է 5 կգ-ից (դիկ-դիկ) մինչև 1000 կգ (բիզոն): Այս խմբի վայրի ներկայացուցիչներից քչերն են մնացել, մեծամասնությունն ընտանեցվել է: Սնամեջ եղջերավորներն ապրում են անտառաշատ շրջաններում, որտեղ շատ է բուսական սնունդը և թաքնվելու անվտանգ ու մեկուսի անկյուններ կան: Որոշ տեսակներ (օրինակ՝ յակերը) ապրում են Հիմալայների բարձրլեռնային շրջաններում, մյուսները (օրինակ՝ ամերիկյան բիզոնները)` առատ խոտածածկով հարթավայրերում: Խոտակեր որոճող կենդանիներն ապրում են հոտերով` արուների առաջնորդությամբ: Այս կենդանիների և՜ արուն, և՜ էգը ունեն եղջյուրներ, որոնք ուղիղ են կամ ոլորուն և ամբողջ կյանքի ընթացքում չեն փոխարինվում նորերով: Եղջյուրների երկարությունը տատանվում է 2 սմ-ից մինչև 1,5 մ: Ամենամեծ եղջյուրներն ունի ջրային գոմեշը: Գերորսի հետևանքով բնության մեջ խոշոր խոտակերները քչացել են, բայց և այնպես համարվում են ամենատարածված ընտանի կենդանիները: Կովերն առաջացել են եվրոպական տուրից, որը ոչնչացել է մոտ 350 տարի առաջ: Ներկայումս բուծվել է կովերի գրեթե 200 ցեղ: Որոշ երկրներում սնամեջ եղջերավոր կենդանիների թվաքանակը նյութական ապահովվածության ցուցանիշ է. մարդը որքան շատ կով ունի, այնքան հարուստ է համարվում:
|