Սողոմոնի կղզիները պետություն է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում` Նոր Գվինեա կղզուց արևելք: Զբաղեցնում է համանուն կղզեխմբի 7 խոշոր (Բուգենվիլ, Գուադալկանալ, Մալաիտա, Սան Քրիստոբալ, Նյու Ջորջիա, Սանտա Իսաբել, Շուազյոլ) և բազմաթիվ փոքր կղզիներ: Բրիտանական համագործակցության անդամ է: Կղզիները XVI դարի կեսին հայտնաբերել է իսպանացի ծովագնաց Ա. Մենդանյա դե Նեյրան, որը տեղաբնիկներից փոխանակությամբ վերցրել է ոսկի և երկիրը, «Սողոմոնի ոսկե երկրի» նմանությամբ, անվանել է Սողոմոնի կղզիներ: Երկիրը 1890-ական թվականներից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը: Անկախություն է ձեռք բերել 1978 թ-ի հուլիսի 7-ին: Կղզիներն ունեն հրաբխային և բուստային ծագում, ռելիեֆը լեռնային է, առանձին գագաթներ հասնում են 1500–2000 մ բարձրության (ամենաբարձր կետը Պոպոմանասիու լեռն է, 2330 մ, Գուադալկանալ կղզի): Ակտիվ երկրաշարժամետ գոտի է: Կան գործող հրաբուխներ (Բալբի, Բագանա): Հայտնաբերված են բոքսիտների, անագի, ոսկու, արծաթի, նիկելի պաշարներ: Կղզիները գտնվում են մերձհասարակածային կլիմայական գոտում: Այստեղ մշտապես տաք և խոնավ ամառ է: Կղզիները հաճախ տուժում են ցունամիներից՝ օվկիանոսի հատակի շարժի կամ հրաբխի հետևանքով առաջացած ալիքներից: Գետերը կարճ են ու ջրառատ: Կղզիների մեծ մասը ծածկված է մշտադալար խիտ անտառներով, որոնք շատ տեղերում անանցանելի են՝ փաթաթվող, մագլցող բույսերի՝ լիանների ու թփուտային մացառուտների առատության պատճառով: Խիտ բնակեցված կղզիների անտառների մեծ մասը հատվել է. դրանց տեղում այժմ տարածվում են բրնձի, բատատի, ջուտի, շաքարեղեգի, սոյայի, ծխախոտի դաշտերը: Ներկայումս երկրի կառավարությունը բնապահպանական նպատակներով արգելել է անտառահատումը և փայտանյութի արտահանումը: Սողոմոնի կղզիները գյուղատնտեսական երկիր է. մշակում են հիմնականում կոկոսյան արմավենի: Զարգացած է ձկնորսությունը: Կան ջուտի վերամշակման, ծխախոտի, կահույքի արտադրության ոչ մեծ ձեռնարկություններ: Բնակչության գերակշռող մասը մելանեզացիներ են, բնակվում են նաև պոլինեզացիներ, չինացիներ և այլք: Ամենախոշոր կղզում՝ Գուադալկանալում է երկրի մայրաքաղաք Հոնիարան:
|