Սողունները (ռեպտիլիաներ) կազմում են քորդավորների տիպի կենդանիների առանձին դաս: Սողուններ են կոկորդիլոսները, կրիաները, օձերը և մողեսները: Տեսակների մեծամասնությունն ապրում է մեր մոլորակի տաք վայրերում: Սողունները պատկանում են սառնարյուն կենդանիների խմբին, այսինքն՝ նրանց մարմնի ջերմաստիճանը կարող է տատանվել` կախված շրջապատի ջերմաստիճանից: Սողունների մաշկը չոր ու կոպիտ է՝ ծածկված թեփուկներով, եղջերային կամ ոսկրային զրահով: Թեպետ նրանցից շատերն ունեն զարգացած վերջույթներ, սակայն հիմնականում դանդաղ են տեղաշարժվում: Բազմացման շրջանում արուներն էգերի ուշադրությունը գրավում են զուգավորման պարերով կամ իրենց վառ գունավորումը ցուցադրելով: Զուգավորումը ներքին է: Հայտնի են կուսածին (օրինակ` ՀՀ-ում տարածված ժայռային մողեսների 4 տեսակները), ձվադրող, ձվակենդանածին ու կենդանածին տեսակներ: Զուգավորումից հետո էգերը ձվադրում են չոր, մեկուսի վայրերում: Սողունների ձվերը շատ նման են թռչունների ձվերին, սակայն ծածկված են բարակ, կաշեկերպ թաղանթով: Ձվադրումից հետո սողունների մեծամասնությունը խնամք չի տանում ձվերի նկատմամբ, սակայն որոշ տեսակներ թե՜ հոգում են ձվերի մասին, թե՜ խնամում սերնդին: Սողունների առանձին տեսակների ձվերը զարգանում են մոր օրգանիզմում: Ձագերն արտաքինից նման են ծնողներին: Սողունների բուռն բազմացման շրջանը մնացել է անցյալում: Բրածո սողունների մեջ առավել հայտնի են դինոզավրերը, որոնց շարքում եղել են մեր մոլորակի վրա երբևէ գոյություն ունեցած ամենախոշոր ցամաքային կենդանիները: Այժմ հայտնի է սողունների միայն 4 խումբ՝ շուրջ 8240 տեսակով: ՀՀ-ում հանդիպում է 53 տեսակ:
|