Սոմալին պետություն է Աֆրիկայի արևելքում` համանուն թերակղզու վրա: Ափերը ողողվում են Ադենի ծոցի և Հնդկական օվկիանոսի ջրերով: Երկրի կենտրոնական մասը 500–1500 մ բարձրության սարավանդ է, որն աստիճանաբար իջնում է դեպի Ադենի ծոց: Առավելագույն բարձրությունը 2416 մ է (Շիմբիրիս լեռ), առափնյա գոտին դաշտավայրային է: Ընդերքում կան ուրան-վանադիումի հանքավայրեր, բերիլիումի, տանտալի, նիոբիումի, անագի երևակումներ: Կլիման հասարակածային մուսսոնային, չորային է, հյուսիսում՝ արևադարձային: Բնորոշ է ջերմաստիճանի տարեկան հավասար ընթացքը: Հիմնական հոսք ունեցող գետերն են Ջուբան և Վեբի Շեբելին, որոնց հովիտները ծածկված են խիտ անտառներով: Գերակշռում են ակացիաներով սավաննաները: Օազիսներում աճում են արմավենիներ: Ափամերձ գոտում տարածված է խոտաթփուտային բուսականությունը, շատ են եթերայուղատու տեսակները: Կենդանիներից կան այծքաղ, ընձուղտ, առյուծ, ընձառյուծ, բորենի, շնագայլ, փիղ, գետերում՝ կոկորդիլոս և գետաձի: Հարուստ է թռչնաշխարհը: Սոմալիի տարածքում դեռևս մեր թվականության սկզբին եղել են խոշոր բնակավայրեր, որոնց բնակչությունն առևտուր է արել արաբների, հույների, հնդիկների հետ: VII–VIII դարերում թերակղզում հաստատվել են արաբները, որոնք էականորեն ազդել են Սոմալիի բնակչության կրոնի, լեզվի, մշակույթի ձևավորման վրա, կազմավորվել են մահմեդական սուլթանություններ: XIX դարից սկսվել է եվրոպական տերությունների պայքարը Սոմալի թերակղզու համար, և XX դարի սկզբին այն բաժանվել է 3 գաղութի՝ Բրիտանական Սոմալիլենդ, Ֆրանսիական Սոմալիի Ափ և Իտալական Սոմալի: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի ընթացքում Սոմալին ռազմական գործողությունների ասպարեզ էր, պայքար է ծավալվել երկրի անկախության և վերամիավորման համար: 1960 թ-ի հունիսի 26-ին անկախացել է Բրիտանական Սոմալիլենդը, հուլիսի 1-ին վերջինս և Իտալական Սոմալին միավորվել են անկախ Սոմալիի Հանրապետության մեջ: Ֆրանսիական Սոմալին 1977 թ-ին դարձել է անկախ պետություն՝ Ջիբութի: Սոմալիի բնակչության 95 %-ը սոմալներ են, բնակվում են նաև բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ, արաբներ, ամհարներ, հնդիկներ, իտալացիներ: Մեծ քաղաքներն են Մոգադիշոն, Հարգեյսան, Բերբերան, Հոբիոն: Սոմալին ագրարային, առավելապես անասնապահական երկիր է: Բուծում են ուղտեր, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ: Երկրագործությամբ զբաղվում են Ջուբայի և Վեբի Շեբելիի միջագետքում, մշակում սորգո, շաքարեղեգ, կորեկ, քնջութ, բամբակ, ադամաթուզ, անուշահոտ խեժեր (համաշխարհային արտադրանքի զգալի մասը): Զարգացած է ձկնորսությունը: Ունի հանքարդյունահանող և մշակող արդյունաբերություն: Կան շաքարի, մսի, մրգի պահածոների, օճառի, բամբակազտիչ, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ: Նստակյաց սոմալները բնակվում են ճյուղահյուս ու կավածեփ, կոնաձև ծածկով խրճիթներում, քոչվորները՝ ճյուղահյուս, ուղտի կաշվով կամ խսիրով ծածկված հավաքովի ձվաձև խրճիթներում: Ժողովրդական արհեստներից տարածված են խեցեգործությունը, երկրաչափական զարդանախշերով փայտե կահկարասու, հյուսածո իրերի պատրաստումը, ոսկրի փորագրումը և այլն:
|