Սոսին (չինար) սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է: Հայտնի է մոտ 10 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում, Միջերկրական ծովի արևելյան երկրներից մինչև Հնդկաչին: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ արևելյան և թխկիատերև: Առաջինը բնական պայմաններում հանդիպում է Սյունիքի մարզում՝ Ծավ գետի հովտում, նրա վտակ Շիկահողի համանուն արգելոցի տարածքում (զբաղեցնում է 60 հա տարածություն): Թխկիատերև սոսին ներմուծված է, աճում է ամենուրեք (մինչև 1300 մ բարձրություններում): Սոսին հզոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 50 մ, տրամագիծը՝ 1,5–2 (3) մ: Ցողունը կանաչամոխրագույն է, հիմնականում՝ կեղևազուրկ: Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով: Ծաղիկները մանր են, անշուք, միասեռ, երկար կոթուններով: Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է: Ջերմա-, խոնավա-, լուսասեր է, երկարակյաց (ապրում է ավելի քան 2000 տարի), արագ է աճում: Սոսին կիրառվում է քաղաքների կանաչապատման համար (մշակվում է նաև Երևանի փողոցներում և պուրակներում). հարմարվել է քաղաքի օդի աղտոտվածությանը (գազ, ծուխ, փոշի, մուր) և հողի մեխանիկական տրորմանը:
|