Սուզանավերը ստորջրյա և վերջրյա ծովային նավեր են: Դրանց մեծ մասը ռազմանավեր են, որոնք պարեկային ծառայություն են կատարում օվկիանոսներում ու ծովերում: Ռազմական գործողությունների ժամանակ սուզանավերից արձակում են հրթիռներ և ինքնաշարժ ջրականներ: Սուզանավերում ծանրաբեռի (բալաստ) համար սարքավորված են երկար, սնամեջ պահեստարաններ: Ընկղմվելիս կամ խորջրյա լողարկման ժամանակ սուզանավն անհրաժեշտ խորության հասցնելու և այնտեղ պահելու նպատակով ծանրաբեռնային պահեստարանները լցվում են ջրով, իսկ ջրի մակերևույթ բարձրանալու համար ջուրը պահեստարաններից սեղմված օդով դուրս է մղվում, սուզանավը թեթևանում է և ելնում ջրի երես: Երբ սուզանավը գտնվում է անմիջականորեն ջրի մակերևույթի տակ, անձնակազմը հատուկ սարքով՝ շրջադիտակով (ներքին թեք հայելիներով և հատուկ ոսպնյակներով, սնամեջ, բացովի խողովակ), կարող է դիտել ջրի վրա կատարվող իրադարձությունները և հետևել մյուս նավերին: Սուզանավն առաջ է շարժվում պտուտակի օգնությամբ, իսկ ղեկ-կայունարարները կարգավորում են ընկըղմման կամ երեսելման անկյունը: Ստորջրյա լողարկման ժամանակ սուզանավերում հնարավոր չէ օգտագործել դիզելային կամ բենզինի շարժիչներ, որովհետև դրանց աշխատանքի համար անհրաժեշտ է թթվածին: Փոքր սուզանավերում օգտագործում են էլեկտրաշարժիչներ և կուտակիչներ, իսկ մեծերում՝ ատոմային ռեակտորներ: Ատոմային սուզանավերը կարող են ջրի տակ մնալ շաբաթներ շարունակ: Աշխարհում ամենամեծերը ռուսական «Թայֆուն» դասի սուզանավերն են, որոնց ջրատարողությունն ավելի քան 26 հզ. տ է: Բաթիսկաֆները՝ խորջրյա ինքնագնաց սարքեր են, կարող են ջրասուզակներից շատ ավելի խորն ընկղմվել: Հունարեն «բաթիսկաֆ» նշանակում է խոր նավ: Այն նման է սուզանավի, սակայն նրա լողան-իրանը լցված է ոչ թե օդով, այլ բենզինով, որը մեծ խորություններում ջրի ճնշմանը լավ է դիմանում և ջրից թեթև է: Բաթիսկաֆներն օգտագործվում են գիտական հետազոտությունների, ինչպես նաև ստորջրյա նավթային հենահարթակների ու նավթամուղների կառուցման և նորոգման համար: Բաթիսկաֆները հիմնականում նախատեսված են 1–3 մարդուց բաղկացած անձնակազմի համար, թեև դրանց մի մասում տեղադրվում են միայն սարքեր (օրինակ՝ հեռուստախցիկներ): Իրեր տեղափոխելու և ծովի հատակից փորձանմուշներ վերցնելու համար բաթիսկաֆի անձնակազմն օգտագործում է բռնիչ-ձեռնանմանակներ (մանիպուլյատորներ): Առաջին բաթիսկաֆը 1948թ-ին ստեղծել է շվեյցարացի գիտնական Օ.Փիքարը:
|