Սփյուռքը ժողովրդի (էթնիկ հանրության) այն մասն է, որը քաղաքական, սոցիալական, տնտեսական և հատկապես բռնի արտաքսման պատճառներով բնակվում է հայրենիքից` բնօրրանից դուրս և ունի համայնքի պահպանման ու զարգացման սոցիալական հաստատություններ:
«Սփյուռք» (հունարեն՝ դիասպորա, նշանակում է սփռում, տարածում) հասկացությունն առաջացել է Հին Հունաստանում, մ. թ. ա. մոտ VIII դարում: Նախապես «դիասպորա» են անվանել հին հունական քաղաք-պետությունների այն քաղաքացիների համայնքները, որոնց գաղութացման և ուծացման նպատակով բնակեցրել են նոր գրաված տարածքներում: «Դիասպորա» են անվանել նաև Պաղեստինի այն հրեաների համայնքները, որոնց մ. թ. ա. 586 թ-ին արտաքսել է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր II (մ. թ. ա. 605–562 թթ.) թագավորը, մ . թ. ա. II–I դարերում՝ հռոմեացիները: Հայ իրականության մեջ առաջին զանգվածային բռնագաղթերը եղել են III–IV դարերում՝ Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների օրոք. տեղի է ունեցել հայերի առաջին խոշոր զանգվածային բռնագաղթերը Իրան: IV–XIII դարերում Բյուզանդիայի կայսրերը հայերին պարբերաբար բռնագաղթեցրել են Թրակիա, Մակեդոնիա և Բալկանյան թերակղզու այլ շրջաններ: Հայ ազնվականության և զինվորականության շարունակական արտագաղթի պատճառով նրանք հայտնվել են նաև բյուզանդական պետական կառույցների ամենաբարձր օղակներում. անգամ հիմնադրել են Մակեդոնական կամ Հայկական հարստությունը (867–1057 թթ.): Հայերի արտագաղթը հայրենիքից մեծ չափերի է հասել VII–XIV դարերում, երբ տարբեր ժողովուրդների (արաբ, սելջուկ, մոնղոլ) ասպատակությունների պատճառով ստիպված գաղթել են Ասորիք, Միջագետք, Ղրիմ, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Կիևյան Ռուսիա, Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններ: Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375 թ.) հետո մեծ թվով հայեր գաղթել են Իտալիա, Սիրիա, Ֆրանսիա և այլուր: XI–XV դարերում հայկական գաղութներ են ստեղծվել Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում, Մոլդովայում և այլուր: Թուրքերի՝ 1453 թ-ին Կոստանդնուպոլսի գրավման ժամանակ տեղի հայ համայնքը մեծ կորուստներ է ունեցել: Միջին դարերում տարբեր երկրներում հայերի տարածմանը մեծապես նպաստել է նաև այն, որ XVI դարից հայ վաճառականների գործունեության շառավիղը Հնդկաստանից ու Պարսկաստանից ձգվել է մինչև Պորտուգալիա և Ֆրանսիա: Ռուսաստանի հարավային շրջաններում (Աստրախան, Նոր Նախիջևան և այլն) նրանք հիմնել են վաճառականական ընկերություններ ու տներ, որոնց շուրջ ձևավորվել են հայկական նոր համայնքներ: XVI–XVII դարերում Պարսկաստանի արքաները, հատկապես Աբբաս I շահը, Պարսկաստան են բռնագաղթեցրել հարյուրհազարավոր հայերի, որտեղ նրանք հիմնադրել են նոր քաղաքներ (օրինակ՝ Նոր Ջուղան) կամ ստվարացրել հայկական հին համայնքները: Մի շարք երկրներից հայերն արտագաղթել են այլ վայրեր, մասնավորապես` Իրանից՝ Իրաք, Հնդկաստան, նաև Ռուսաստան ու Եվրոպա: 1828–29 թթ-ին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ Ռուսաստանի հաղթական պատերազմներից հետո Պարսկաստանից և Թուրքիայից Արևելյան Հայաստանում վերաբնակեցվել է շուրջ 150 հզ. հայ: 1894–96 թթ-ին Օսմանյան կայսրությունում կազմակերպված ջարդերից հետո բազում հայեր արտագաղթել են նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկա: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) նախօրեին տարբեր երկրներում (Եգիպտոս, Իրան, Լիբանան, Սիրիա, Հնդկաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Բուլղարիա, ԱՄՆ և այլն) ապրող հայության ազգային կենսագործունեությունը կազմակերպել ու կարգավորել է համայնքային հաստատությունների համակարգը՝ եկեղեցիներ, բարեգործական, կրթամշակութային, հայրենակցական, քաղաքական, մարզական և զանազան այլ կազմակերպություններ: Հատկապես կարևորվում էին Կոստանդնուպոլիսն ու Թիֆլիսը՝ արևմտահայության և արևելահայության մշակութային, քաղաքական ու ֆինանսական կենտրոնները: Գաղթաշխարհի խոշոր մշակութային կենտրոններից էին նաև Զմյուռնիան (այժմ՝ Իզմիր), Մոսկվան, Վենետիկը, Բաքուն, Կալկաթան: Հայ գաղթաշխարհի պատմության մեջ նոր փուլ է սկսվել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ Թուրքիայի իշխանությունները 1915–23 թթ-ին իրագործեցին Հայոց ցեղասպանությունը: Այդ ոճրագործությունից ողջ մնացածների հիմնական մասը բռնագաղթել է տարբեր երկրներ: 1920-ական թվականներից հայկական գաղթաշխարհն անվանվել է Սփյուռք, ընդլայնվել է նրա աշխարհագրությունը: Սփյուռքի ընդհանուր կառուցվածքում ներկայումս առանձնացվում են հետևյալ հիմնական խմբերը` Միջին և Մերձավոր Արևելքի երկրների (Իրան, Իրաք, Լիբանան, Սիրիա, Հորդանան և այլն), Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրների (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա), Հարավային Ամերիկայի երկրների (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ և այլն), Արևելյան Եվրոպայի երկրների (Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա և այլն) ու նախկին ԽՍՀՄ տարածքի հայ համայնքներ: Վերջիններս խորհրդային շրջանում կոչվում էին ներքին Սփյուռք: 1988–92 թթ-ին Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի հետևանքով բռնի տեղահանվել է ավելի քան 400 հզ. հայ, որոնք ապաստանել են Հայաստանում և նրա սահմաններից դուրս: 2010 թ-ի տվյալներով՝ սփյուռքահայության թիվը շուրջ 8 միլիոն է: Ավելի քան 70 երկրներում կան կազմակերպված հայկական համայնքներ: Սփյուռքահայության կյանքում մեծ դեր և ազդեցություն ունի Հայ առաքելական եկեղեցին: Որոշ գաղթօջախներում կան նաև կաթոլիկ և ավետարանական հայ համայնքներ: Զգալի դեր են կատարում նաև համասփյուռքյան քաղաքական ու մշակութային կազմակերպությունները` Հայ հեղափոխական դաշնակցություն, Ռամկավար ազատական, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունները, Համազգային, Թեքեյան, Նոր սերունդ մշակութային միությունները և այլն: Սփյուռքում կենսական նշանակություն ունեն բարեգործական կազմակերպություններն ու հիմնադրամները` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը, Հայ օգնության ֆոնդը, Հովարդ Կարագյոզյան հաստատությունը: Մեծ ներդրում ունի Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքը: Սփյուռքի հետ կապեր հաստատելու և զարգացնելու համար ՀԽՍՀ-ում 1921 թ-ին ստեղծվել է Հայաստանի օգնության կոմիտեն (գործել է մինչև 1937 թ.), որի առաջին նախագահը Հովհաննես Թումանյանն էր: Սփյուռքի խնդիրներով հետագայում զբաղվել են ՀԽՍՀ Ժողկոմխորհի ներգաղթի հանձնաժողովը (1931 թ.), ներգաղթի կոմիտեն (1931–37 թթ.), Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերությունը (1944 թ-ից), իսկ 1964–91 թթ-ին` Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն: Սփյուռքի գրեթե բոլոր կազմակերպությունները հետամուտ են Հայկական հարցի լուծմանը: 1960-ական թվականներից հիմնվել են նաև հատուկ կազմակերպություններ, որոնցից առավել ազդեցիկ են Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը: Այդ կազմակերպությունների երկարամյա և հետևողական գործունեությունը մեծապես նպաստել է մի շարք երկրների և միջազգային որոշ կազմակերպությունների՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: 1920 թ-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1921–36 և 1946– 1948 թթ-ին ՀԽՍՀ և ԽՍՀՄ կառավարությունները կազմակերպել են զանգվածային հայրենադարձություն: ՀՀ-ի և Սփյուռքի միջև հարաբերությունները որակապես փոխվել են Հայաստանի անկախացումից (1991 թ.) հետո: ՀՀ ծանր սոցիալ-տնտեսական վիճակի հետևանքով 1990-ական թվականներին սկիզբ առած և իր չափերով աննախադեպ զանգվածային արտագաղթի պատճառով հայ բնակչությունն զգալիորեն աճել է հատկապես Ռուսաստանի Դաշնության տարածքում (շուրջ 1,5 մլն՝ ըստ ՌԴ մարդահամարի) և ԱՄՆ-ում (ավելի քան 1 մլն): Ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի հիմնական միջոցները կուտակվում են սփյուռքահայ բարերարների ներդրումներից և ուղղվում ՀՀ-ի վերաշինությանը: Հայ ժողովրդի 2 հատվածների միջև հարաբերություններն առավել արդյունավետ ու փոխշահավետ դարձնելու նպատակով 1962–90 թթ-ին, որոշ ընդհատումներով, Երևանում կազմակերպվել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնք վերսկսվել են ՀՀ անկախությունից հետո: Հանրապետության իշխանությունների նախաձեռնությամբ 1999, 2002 և 2006 թթ-ին Երևանում հրավիրվել են «Հայաստան-Սփյուռք» համահայկական խորհրդաժողովներ, իսկ 1999 թ-ից, 2 տարվա պարբերությամբ, անցկացվում են Համահայկական խաղեր (6-րդը նախատեսվում է 2011 թ-ին), որոնց մասնակցում են Սփյուռքի գրեթե բոլոր համայնքների մարզական պատվիրակությունները: 2002 թ-ից, ամեն տարի ամռանը, կազմակերպվում են «Բազե» համահայկական երիտասարդական հավաքները: 2004 թ-ից, 2 տարին մեկ, ՀՀ-ում տեղի է ունենում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնը: Սփյուռքի խնդիրների լուծմանն առավել աջակցելու, հայրենադարձությունը կազմակերպված դարձնելու, ինչպես նաև Սփյուռքի ներուժը ՀՀ-ի զարգացման համար ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով 2008 թ-ին ՀՀ-ում ստեղծվել է Սփյուռքի նախարարություն:
|